Ալեքսանդր Իսկանդարյան. Ռուսաստանը մեր տարածաշրջանում երկու բան չի ուզում` խաղաղություն և պատերազմ

Հնարավո՞ր է, որ Ռուսաստանի Դաշնությունն առաջիկայում հանդես գա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր նախաձեռնությամբ:
«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, այսօրվա ասուլիսում պատասխանելով 168.am-ի այս հարցին, ասաց. «իհարկե ոչ»:

Ըստ քաղաքագետի` հիմնահարցի լուծման վերաբերյալ առաջարկներ մշտապես արվում են, և վերջին առաջարկն արտահայտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտնի ելույթում, որին նախագահները տվել են իրենց համաձայնությունը: Ուստի դա միասնական դիրքորոշում էր:

«Պարոն Ալիևը չի կարող դա ասել իր ժողովրդին, այդ իսկ պատճառով այդ կետերը հրապարակվեցին, և այդ պատճառով էլ մենք տեսանք հիստերիկ ելույթներ Ադրբեջանից: Նկատի ունեմ Ազիմովի և այլոց հայտարարությունները»,- նշեց Իսկանդարյանը:

Նշենք, որ վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններ են անում ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաները, այլև մի շարք այլ գործիչներ: Խոսքը վերաբերում է մասնավորապես Ռուսաստանի Դաշնության հանրային պալատի անդամ, քաղաքագետ Սերգեյ Մարկովին, ով օրերս ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, թե Ռուսաստանը մոտ ժամանակներում կարող է հանդես գալ ղարաբաղյան խնդրի լուծման նոր նախաձեռնությամբ, ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովին, ով ներկայացրել է 10 կետեր  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, ինչպես նաև Կովկասի մուսուլմանների հոգևոր առաջնորդ, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին: Վերջինս էլ հուսով է, թե Ադրբեջանը Պուտինի օգնությամբ կկարողանա վերադարձնել «գրավյալ տարածքները»:

Կարդացեք նաև

Ալեքսանդր Իսկանդարյանը, անդրադառնալով այս հայտարարարություններին, նշեց, որ որևէ մեկին չի ուզում մեկնաբանել և այն, ինչ նրանք ասել են, թողնում է իրենց խղճին. «Ե´վ պարոն Մարկովը, նա ավելի շատ քաղաքական գործիչ է, և´ պարոն Փաշազադեն, և´ պարոն Կոլերովը, ով, իհարկե, վերլուծաբան է, սակայն այնուամենայնիվ բավական լուրջ քաղաքական հակումներ ունի, ունեն իրենց նպատակները: Դուք ի՞նչ է, կարծում եք` երբ հայ քաղաքական գործիչները հայտարարություններ են անում Ուկրաինայի մասին, այդ հայտարարություններն իրականում Ուկրաինայի՞ն են վերաբերում: Իհարկե՝ ոչ: Դրանք վերաբերում են Հայաստանին: Այդ հայտարարություններն այն մասին են, թե նրանք ինչպես են իրենց դիրքավորում Հայաստանի ներքաղաքական դաշտում: Դուք ինձ ասեք ցանկացած քաղաքական գործչի ազգանուն, ես Ձեզ նախապես կասեմ, թե տվյալ անձը այս կամ այն հարցի վերաբերյալ ինչ է ասել»:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցի կարգավորման բուն գործընթացին, քաղաքագետը հիշեցրեց, որ նոր առաջարկությամբ է հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Օլանդը, ով Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին առաջարկել է հանդիպել Փարիզում: «Ինչ վերաբերում է գործընթացին, այն շարունակվում է, և այսօր այդ գործընթացը կայանում է նրանում, որ հայտարարվի, թե, այսպես կոչված, նորացված «Մադրիդյան սկզբունքները» հիմք են հանդիսանում հետագա բանակցությունների համար: Այսքանը»,- շարունակեց Իսկանդարյանը:

Իսկ արդյոք ղարաբաղյան հարցը կապված է եվրասիական ինտեգրացիոն գործընթացների հետ: Կարելի՞ է ասել, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև «առևտուր» է գնում Ղարաբաղի հարցի շուրջ: Պատասխանելով մեր այս հարցադրմանը` Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց. «Միանշանակ»:

«Իսկ դա երևո՞ւմ է գործընթացների մակերեսում»,- շարունակեցինք մենք: Ի պատասխան` Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց. «Երևում է, ինչի՞ չի երևում: Ռուսաստանն Ադրբեջանին զենք է մատակարարում վերջին 23 տարիներին: Ռուսաստանը վերջին 23 տարիներին զենք է մատակարարում նաև Հայաստանին: Ռուսաստանը մեր տարածաշրջանում երկու բան չի ուզում` խաղաղություն և պատերազմ: Հետևաբար՝ նա զենք է տալիս երկու կողմերին էլ, մեկին` փողով, մյուսին` անվճար, որպեսզի պահպանի այն հավասարակշռությունը, որը կա տարածաշրջանում: Որևէ նոր բան ես չեմ տեսնում: Այո´, եղավ Լավրովի հայտարարությունը, իսկ շուտով Բաքու կայցելի նաև Ռագոզինը, ով, ըստ ամենայնի՝ նաև զբաղվելու է զենքի մատակարարման հարցերով: Սա տարածաշրջանի հետ աշխատելու Ռուսաստանի քաղաքականությունն է: Նա ունի թե´ Հայաստանի, թե´ Ադրբեջանի կարիքը, և նա այդկերպ փորձում է պահպանել իր ազդեցությունը տարածաշրջանում»
Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը Ադրբեջանի անդամակցման հնարավորությանը, քաղաքագետը նշեց, որ հավանական չի համարում այդպիսի հեռանկարը:

 

Տեսանյութեր

Լրահոս