Բաժիններ՝

Համազասպ Բաբաջանյանը Անաստաս Միկոյանի կարգավիճակի մարդ չէ

Երել Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ որոշվեց տեղադրել մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանը, որը բանավեճի առիթ հանդիսացավ հենց: «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ ուզում է հասկանալ, թե ինչպես են այդ «թղթերի մեջ հայտնվում կիսատ-պռատ կենսագրություններ».

«Որովհետև այս դեպքում նույնպես, կարծես թե, ինչ-որ ձևով խնամքով շրջանցվում են պատմության որոշ էջեր, շրջաններ, որոնց նաև մասնակցություն է ունեցել մեր փառահեղ մարշալը, որը, բացի ֆաշիզմի դեմ իր անուրանալի կարոտից, նաև ունեցել է այդ էջը, ինչպիսին Հունգարիայի դեպքերն էին: Արդյոք հերթական անգամ մեր կենսագրությունները սովետական հանրագիտարանի՞ց են, ինչպես մեկնաբանվեց Անաստաս Միկոյանի կենսագրականը, որը կցված էր փաթեթին», հավելեց նա:

Ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ, Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանն էլ հայտարարեց, որ ինքը ամաչում է որպես հայ մարդ, որպես ավագանու անդամ, որ իրենց որոշ գործընկերներ ջանք չեն խնայում ցեխ շպրտելու մեր ազգային արժեքների վրա. «Մարդիկ Ռամիլ Սաֆարովին տարան դափնիներով զարդարեցին, մենք մեր հերոսներին ուզում ենք անպայմանորեն ստորացնել ու սևացնել: Չի՛ կարելի», հայտարերց Ա. Գևորգյանը:

168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանն նշեց, որ Հունգարիայում Բաբաջանյանին չէին սիրում. «Նա 1956 թվականի Բուդապեշտում տեղի ունեցած դեպքերը ճնշելու համահեղինակներից մեկն է եղել: Որքան հիշում եմ՝ նրան «սև մարշալ» են անվանում, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է մոռանանք մարշալ Բաբաջանյանի դերը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակ տանելու մեջ:

Կարդացեք նաև

Բացի դրանից՝ ով ինչ ուզում է ասի մեր մարշալների մասին (վերջիվերջո, նրանք ներկայացրել են խորհրդային միությունը, և ոչ բոլորն են բարիդրացիական կերպով արձագանքում նրանց գործունեությանը), բայց միևնույն ժամանակ մենք պետք է հասկանանք, որ մեր մարշալները մեր պատիվն են: Ոչ բոլոր ազգերը, որոնք մասնակցել են թե՛ Առաջին, թե՛ Երկրորդ աշխարհամարտերին, թե՛ Հայրենական մեծ պատերազմին՝ որպես երկրորդ աշխարահամարտի մաս, արժանացել են ունենալ մարշալներ: Մենք ունենք պաշտոնապես 4 մարշալ, և ես գտնում եմ, որ նրանց բոլորի արձանների տեղադրումը մեծ հայրենասիրական գործ է»:

Գ. Համբարյանը չի համարում մարշալ Բաբաջանյանին Անաստաս Միկոյանի կարգավիճակի մարդ. «Անաստաս Միկոյանն ավելի շատ քաղաքական գործիչ է, որն իր հայրենիքի համար այնքան էլ շատ մեծ բաներ չի արել, որ արձան տեղադրվի: Այն, որ նրա անունով դպրոց կա Երևանում, դա հերիք էր երևի թե: Բայց մարշալներ՝ Բաբաջանյանը, Բաղրամյանը, Խափերյանցը և Ծովակալ Իսակովն իրոք արժանի են ունենալու իրենց անվամբ փողոցները, դպրոցները և, ինչու ոչ՝ նաև արձանները Երևանում: Եթե այս պարագայում որևէ մեկը պետք է հունգար ժողովրդի անունից հանդես գա, քննադատի մարշալ Բաբաջանյանին, պետք է չմոռանանք, թե ինչպես մի քանի տարի առաջ նույն հունգարական իշխանությունները, Ադրբեջանի հետ գաղտնի բանակցելով, բաց թողեցին Գուրգեն Մարգարյանին սպանող Ռամիլ Սաֆարովին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս