Վրաստանի համար ՆԱՏՕ-ի մշակած միջոցների փաթեթը երկիրը կմոտեցնի իր նպատակին. Փանջիկիձե
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի համար ՆԱՏՕ-ի մշակած միջոցների փաթեթը երկիրը կմոտեցնի իր նպատակին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն: Այս մասին այսօր Բրյուսելում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը երեկ հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին Վրաստանի համար մշակվելու են դաշինքի հետ մերձեցման միջոցներ:
Ավելի վաղ դիվանագիտական աղբյուրները հայտնել էին, որ սեպտեմբերի սկզբին Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Վրաստանին չի առաջարկվի դաշինքին անդամակցելու գործողությունների պլան (MAP), սակայն նրան կառաջարկվի այլընտրանքային մեխանիզմ:
Փանջիկիձեն կարծում է, որ ՆԱՏՕ-ի նոր փաթեթը Վրաստանն ավելի կկապի նրա հետ և Վրաստանն ավելի կմոտեցնի իր նպատակին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն: