Նաիրա Կարապետյան. Հայկական պատվիրակությունը կարող էր դուրս գալ դահլիճից, կարող էր ինչ-որ բան նետել նրա ուղղությամբ, սուլել…
«ԵԽԽՎ ամառային նստաշրջանում պակաս չի զգացվում հակահայկական տարրատեսակ դրսևորումների, և մեր պատվիրակությունը միասնական աշխատանք է կատարում` թե հանրայնորեն լուսաբանման ենթակա և թե առավել ես հանրայնացման համար ոչ ենթակա:
Դիվանագիտությունն ու արտաքին քաղաքականությունը ենթադրում է շատ ժամանակ անդրկուլիսյան և ինչպես հիմա ընդունված է ասել` լոբբինգային գործունեություն: Արհեստավարժության չափանիշ է հասնել արդյունքի` մնալով աննկատ:
Դիվանագիտությունը ՓիԱռ չէ, որ ի ցույց դնել ցանկացած քայլ` ներկայանալով հերոսի կարգավիճակում: Հակառակ դեպքում, եթե մենք նպատակ դրած լինեինք հնչեղություն ապահովելու, հայկական պատվիրակությունը կարող էր դուրս գալ դահլիճից, կարող էր ինչ-որ բան նետել նրա ուղղությամբ, սուլել, իրականում տապալելով աշխատանքները ԵԽԽՎ-ում, սակայն հերոսանալով «վայ ՓիԱռշիկների» խորհուրդներով և աչքերում (ականջդ կանչի, Զարուհի…):
Նման աշխատելաոճի վառ ապացույցն է Ալիև – կրտսերի հիստերիկ դրսևորումները, որ խայտառակ արեցին նրան և նրա պետությունը` հաստատելով նրա բացարձակ անկարողությունը դիվանագիտական գործիքներին տիրապետելու հարցում:
Այն փաստը, որ պատվիրակությունը լարված աշխատում է հակահայկական դրսևորումների դեմ` ադրբեջանցիների և նրանց հավասարեցված եվրոպացիների դեմ, դա բնական է, սակայն զարմանալիորեն անհրաժեշտություն առաջացավ հակադարձել հայաստանյան հակակարծիքներին, և ոմանք զարմանլի և ոչ սթափ գնահատականներ տվեցին մեր աշխատանքին: Մասնավորապես կցանկանայի խորհուրդ տալ «վայ դիվանագետներին» հետևել Ողջ գործընթացին Ողջ նստաշրջանի ընթացքում:
Թե Մամեդյարովի և թե Ալիև-կրտսերի ելույթներին հաջորդած նիստերին անձամբ իմ և մեր պատվիրակության մյուս անդամների` Նաիրա Զոհրաբյանի, Արփինե Հովհաննիսյանի, Լևոն Զուրաբյանի ելույթներում հնչեցին կոշտ գնահատականներ Ադրբեջանի և նրա կաղմից բարձրացված հարցերի հասցեին: Ավելին, այս ադրբեջանցիներին տրված հարցերի մեծ մասը ևս մեր աշխատանքի արդյունքն էր` մեր եվրոպացի բարեկամների հնչեցմամբ:
Հ.Գ. Ինչևէ … Գործընկերոջս միտքը երկրորդելով, այս պարզաբանումը ներկայացնում եմ ի հարգանք մեր ընթերցողների և հասարակության, այլ ոչ թե «հեղինակների» և «համահեղինակների» … Մեր հասարակությունը պետք է տեղյակ լինի դիվանագիտական իրական պատկերին:
Հ.Գ.Գ. – Պարոն Իգիթյանին ի պատասխան մեկ դիտարկում` տեխնոլոգիական առաջընթացի արդյունքում տեղեկատվական արագ տարածման միջոց են դարձել նաև սոցիալական ցանցերը: Սա ի միջի այլոց: ԵԽԽՎ-ն վերջին տարիները համալրած բազմաթիվ պատվիրակներ Ձեզ չեն ճանաչում, սա էլ ի միջի այլոց: ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը Ձեր ղեկավարած տարիներին ունեցել է միայն Հատուկ հյուրի կարգավիճակ, այլ ոչ թե լիիրավ անդամի: Սա էլ ի միջի այլոց»: