Բաժիններ՝

Կարեն Ճշմարիտյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Հունիսի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, նախարարության այլ աշխատակիցներ:

Ողջունելով հյուրերին նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության գերակայությունները, անդրադարձել Հայաստանի գործարար միջավայրին, ներդրումային դաշտին: Նախարարը կարևորել է հայ-ամերիկյան հարաբերությունները, նշել, որ բարձր է գնահատում համատեղ աշխատանքը, ԱՄՆ դրական աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումների ուղղությամբ, ինչի մասին են վկայում առկա արդյունքները:

Գոհունակություն հայտնելով արդյունավետ համագործակցությունից՝ դեսպան Հեֆերնը հավաստիացրել է, որ այսուհետ ևս պատրաստ են շարունակել աշխատանքը` հատկապես տնտեսական հարաբերությունների զարգացման, ներդրումների ներգրավման, մարդու իրավունքների պաշտպանության և գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել փոխգործակցության մի շարք ուղղությունների, մասնավորապես արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, ավիացիայի, ինովացիոն ոլորտի, առկա վարչարարական խնդիրների վերացման և հարկման մեխանիզմների մասին: ՀՀ էկոնոմիկայի նախարարը կարևորել է ինովացիոն ոլորտը Հայաստանում և նշել, որ հարկավոր է միավորել կապիտալը և ինտելեկտը, որպեսզի բիզնեսները ներգրավեն ինովացիոն բնագավառ և ինովացիաները ներդրվեն բիզնեսի մեջ:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել երկկողմ գործակցության հեռանկարները և հետագա ծրագրերը ամենատարբեր բնագավառներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս