Հոկտեմբերին Հայաստանում լուրջ իրավիճակային փոփոխություններ կլինեն. 1in.am
«Առաջին լրատվական»-ի զրուցել է ՀՀ Հանրային Խորհրդի անդամ, նախկինում ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Սուրեն Զոլյանի հետ:
–Պարոն Զոլյան, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Հայաստանին մինչև հուլիսի մեկը ժամանակ էր տվել՝ Եվրասիական տնտեսական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով անդամակցելու համար: Իր հերթին վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հայտարարեց, որ մինչև հուլիսի երկուսը այդ անդամակցումը չիկայանա: Այս ամենը Ձեզ ի՞նչ է հուշում, գուցե Հայաստանըընդհանրապե՞ս չանդամակցիԵՏՄ-ին:
-Ես դեռ կես տարի առաջ տված իմ հարցազրույցում ասել էի, որ Մաքսային միության անդամ երկրներից և ոչ մեկը Հայաստանին չի սպասում, Հայաստանը իրենից ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում՝ո՛չ որպես սպառող, ո՛չ էլ որպես արտադրող, իսկ մյուս կողմից՝բավականին լուրջ խնդիրներ իր հետ կբերի։ Եթե խոսքը Ռուսաստանի ազդեցության մասին է, ապա Ռուսաստանը բավականաչափ ներկայացված է Հայաստանում և լրացուցիչ լծակների կարիք չունի, իսկ հայաստանցիների մարդկային կապիտալը այսօր գերադասում է կիրառվել հենց Ռուսաստանում: Հիմնական խնդիրն այն էր, որ Հայաստանը, փաստորեն դառնալով Եվրամիությանն ասոցացված անդամ, կարող էր Ռուսաստանի համար ինչ-ինչ խնդիրներ առաջացնել նոր կարգավիճակով, և դա էր հիմնական խնդիրը, որ Հայաստանը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր չպետք է չստորագրեր:
Ռուսաստանին այնքան էլ ձեռնտու չէր, որ Հայաստանը դառնա Եվրասիական տնտեսական միության անդամ, իսկ մյուս երկուսը դրա կարիքը առհասարակ չունեն: Ավելին. Հայաստանի միանալու դեպքում Ռուսաստանը կունենա լրացուցիչ ձայն, ինչը կկաշկանդի Բելառուսի և Ղազախստանի համաձայնեցված գործողությունները։ Այս առումով ես կարծում եմ, որ բոլոր խնդիրները, ձգձգումները շարունակվելու են՝ Եվրասիական միությունում մեզ ոչ ոք չի սպասում: Բնական է՝ բաց տեքստով դա ոչ ոք չի ասի, միշտ հայտարարվում է, որ դռները բոլորի համար բաց են ՝ խնդրեմ, համեցեք, բայց իրականում կան որոշակի շահեր, և Հայաստանի մուտքը, գոնե այսօրվա վիճակում, երբ Հայասստանն ունի բազմաթիվ խնդիրներ, հազիվ թե կայանա։ Էլ չեմ խոսում այն մասին, որ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը, շատ հնարավոր է, իշխանափոխության հանգեցնի, և դա կարող է լինել անգամ շատ մոտ ապագայում։ Բնական է՝ այս կարգավիճակով ՄՄ անդամ երկրների համար Հայաստանի անդամակցումը արդիական չէ, բայց քանի որ ընդունված չէ դա բարձրաձայնել, բնական է՝ խոսքը գնալու է ինչ-ինչ պայմաններ, խնդիրներ շտկելու մասին:
– Կարծում եք՝ անդամակցումն ընդհանրապե՞ս չի կայանա:
– Ընդհանրապես ասել չեմ կարող, բայց գոնե մինչև հոկտեմբեր՝ ոչ, իսկ հոկտեմբերին կամ ամենաուշը նոյեմբերին Հայաստանում լուրջ իրավիճակային փոփոխություններ կլինեն:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: