Գալուստ Սահակյանը՝ ոչ իշխանական ուժերի մասին. Ես ամեն ինչ անում եմ, որ որպես քառյակ ձևավորվեն, բայց չեն ձևավորվում
«Ընդդիմությունը փորձում է ձախ ճանապարհով գնալ: 12-կետանոց առաջարկ է արել ընդդիմութունը, նրանց մի մասն ընդունելի է, որովհետև կառավարության բազմաթիվ ծրագրեր կան, որ արվում են, բայց երբ պետք է իրականացվեն` ընդդիմությունը բոյկոտում է: Դա նեղ կուսակցական շահերից է, ոչ թե պետականության: Այսօր էլ փորձեցին ձախողել ԱԺ բնականոն աշխատանքը, որպեսզի հերոսացման մի պրոցես գնա «ԴԵՄ ԵՄ» շարժմանը և մեկը մյուսին կարողանա ապացուցել, որ ավելի հզոր ընդդիմություն է: Այսինքն, խաղը իրենց մեջ է, ոչ թե մեր դեմ: Քաղաքական խաղերը ես ընդունում եմ, բայց ինչը որ պետությանն է վերաբերվում, թե իբր պետությունը կործանման եզրին է, պինդ հայը, ամուր հայը, որի արյունը հոսում է, երբեք չի մտածի, որ միաժամանակ պիտի կործանվի»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Նա նշեց, որ այսօր առավոտյան նիստը տապալելու փորձից հետո, երբ արդեն քվորումն ապահովվել էր, քառյակը պահանջել է ներկա պատգամավորների ցանկը. «Տվեցի ընդդիմությանը` փորփրեցին, քչփորեցին, տեսան բան դուրս չի գալիս, խռովեցին, նորից գնացին»:
168.am-ի հարցին՝ քառյակն այս կերպ դեռ որքա՞ն կգոյատևի, Գ.Սահակյանը պատասխանեց. «Քառյակը որպես ձևավորված քաղաքական կառույց չէ: Նրանք բոլորը ինչ-որ սկզբունքի շուրջ հավաքվում են: Ես ամեն ինչ անում եմ, որ որպես քառյակ ձևավորվեն, բայց չեն ձևավորվում: Ո՛չ կոալիցիա են, ո՛չ քաղաքական միասնության հայտարարությամբ են հանդես եկել: ՀՀԿ-ի դեմ են աշխատում, փորձում են սրեր ճոճել, չեն մտածում, որ գաղափարը, մոտեցումը, հեռանկարը, ուժը ամեն ինչ է: Որդեգրումը միշտ պետք է լինի հանուն պետության: Հուսահատությունը նեղ փոքրի միջոց է»: