Գալուստ Սահակյան. Մեր ռեյտինգի հաշվին է, բայց պետության հարատևության մասին ենք մտածում
«Մարդը, եթե հավատ չի ունենում՝ որևէ բանի չի հավատում: Մենք այդ կարծիքին չենք, դրա համար էլ իշխանության ենք: Իշխանությունը պետք է ռիսկային լինի և համոզված: Դրա համար էլ այդ հարվածները գալիս են իշխանության վրա, որ իրականացումը 20 տարի հետո պետք է լինի: Դա մեր ռեյտինգի հաշվին է, բայց պետության հարատևության մասին ենք մտածում»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ խոսելով կուտակային կենսաթոշակների մասին:
Նա նշեց, որ հուլիսից պետական հատվածի աշխատավարձերը բարձրանալու են, և հիմա փորձում են քաղաքացիների թոշակների հարցը լուծել. «Եթե չի ունենում ապահովագրություն, պետությունն ասում է՝ դու պետք է ապահովագրված լինես: Շատ իդեալական տարբերակ չի, բայց լուծում է: Հասարակությունը, որ ընդվզում է, նման խնդիրները գոնե ՀՀԿ-ն 50 հազարի մեջ քննարկումներ է անում: Այնպես չի, որ հասարակությունը միանշանակորեն ընդունում է «ԴԵՄ ԵՄ» շարժմանը: Կարելի է բողոքել, առաջարկություն անել, բայց այն պիտակները, որ կպցնում են, պետք է իրենք մտածեն՝ հարմա՞ր է, թե՞ ոչ»:
Ըստ Գ.Սահակյանի մեծ բարեփոխումները միշտ էլ արգելքների են հանդիպում, իսկ եթե դա չանեն, պետությունը զարգացում չի ապրի: Նա հիշեցրեց ԽՍՀՄ փլուզումից հետո փողերը փոխելու ժամանակաշրջանը, երբ ազգը միանգամից սնանկացավ, բայց ոչ մի քննարկում չկազմակերպվեց, ինչը, ըստ ԱԺ նախագահի, ճիշտ էր:
168.am-ի հարցին՝ հասարակական քննարկման անհրաժեշտություն չկա՞ր, Գ.Սահակյանը հայտարարեց, թե արդեն 7-8 ամիս է՝ քննարկում են, ՍԴ որոշումից հետո մեկ ամսից ավելի քննարկվում է, համապատասխան հանձնաժողովում և՛ ընդդիմության, և՛ քաղհասարակության ներկայացուցիչները մասնակցում էին քննարկմանը. «Կառավարությունը վերցրել է ամենամեղմ տարբերակը, որ քննարկվել է»: