Տարածաշրջանում Ռուսաստանի հիմնական շահը պետք է կապված լինի Ադրբեջանի հետ. Արազ Ազիմով

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հաստատել է, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպման ժամանակ քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը.

«Ռուսաստանն ի սկզբանե հատուկ դիրք է զբաղեցրել տվյալ հարցում: Հակամարտության սկզբնական փուլում Ռուսաստանն անգամ բացասական ազդեցություն է ունեցել դրա վրա: Դրանից հետո Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր, մասնակցելով քննարկումներին, վերանայել է հարցի նկատմամբ իր վերաբերմունքը և ձևավորել է այլ մոտեցում:

Որքանով որ հասկանում եմ, տարածաշրջանում Ռուսաստանի հիմնական շահը պետք է կապված լինի Ադրբեջանի հետ, որն ունի ամենամեծ տարածքը (Հարավային Կովկասում), ամենամեծ մարդկային ռեսուրսները, կայուն, հուսալի ու որակյալ կառավարություն:

Ադրբեջանը Ռուսաստանի համար կարող է լինել լավ գործընկեր: Ըստ իս՝ Ռուսաստանի հիմնական շահը պետք է լինի Ադրբեջանը՝ որպես զարգացած, կայուն ու հուսալի ռազմավարական հարևան, ընկալելը: Ռուսաստանը կարող է շատ բանի հասնել՝ Ադրբեջանին օգնելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»:

Տեսանյութեր

Լրահոս