Կառավարությունը քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու օրենքի նախագծին, որի ընդունումը թելադրված է պետբյուջեից համայնքների բյուջեներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկներում կիրառվող ելակետային տվյալները կանոնակարգող օրենսդրական դաշտում կատարված փոփոխությամբ:

Գործադիրը քննարկել է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Կրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը: Նախաձեռնության նպատակն է կրթության ոլորտում միասնական պետական քաղաքականության, դրա միասնական չափանիշների ապահովումը: Կառավարությունը սկզբունքորեն ընդունելի է համարել նախագծերի փաթեթը, միաժամանակ նշել մասնագիտական լրացուցիչ քննարկման անհրաժեշտությունը՝ խնդրին համապարփակ և արդյունավետ լուծում տալու համար:
Նիստում քննության է առնվել «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի առավել չափելի դարձնել կրթության որակի վերահսկողությունը: Կառավարությունն ընդհանուր առմամբ ընդունելի է համարել օրինագիծը՝ անելով մի շարք առաջարկներ, որոնց ընդունման դեպքում ամբողջովին ընդունելի կհամարի օրենքի նախագիծը: Նույնպիսի պայման է առաջադրվել ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով փոփոխություն և լրացում է առաջարկվում «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում:
Կառավարությունը դեմ է արտահայտվել «Արտադպրոցական կրթության մասին» օրենքի նախագծին, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Գործադրի պատճառաբանությամբ «Կրթության մասին» օրենքում «արտադպրոցական կրթություն» հասկացություն կամ դրույթ չկա, ուստի այդ հարցը նպատակահարմար է քննարկել լրացուցիչ կրթության համատեքստում: Բացասական եզրակացություն է ստացել նաև «Մեծահասակների կրթության մասին» օրենքի նախագիծը, որով առանձնացվող մեծահասակների կրթության պետական քաղաքականության սկզբունքները կարող են խտրականության տեղիք տալ:
Գործադիրը քննարկել է ՀՀ քրեական և ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքերում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը և Հեղինե Բիշարյանը: Նրանք առաջարկում են ապաքրեականացնել գովազդատուի, գովազդ արտադրողի կամ գովազդակրի կողմից գովազդ սպառողին կանխամտածված մոլորեցնելը, հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները խոշոր չափերով վճարելուց չարամտորեն խուսափելը: Հիշյալ արարքներն ապաքրեականացնելը չի բխում ՀՀ սահմանադրությունից և տեղին չէ՝ ելնելով դրանց հանրային վտանգավորությունից: Այս և մի շարք այլ նկատառումներով կառավարությունը դեմ է նախագծերի փաթեթի ընդունմանը:
Գործադիրը դեմ է արտահայտվել «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» օրենքի նախագծի ընդունմանը: Օրինագիծն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Կառավարությունը խնդիր է դրել հստակ սահմանել այն չափանիշները, որոնցով հնարավոր կլինի որոշել նորաստեղծ ընտանիքի կարիքավորության աստիճանը: Բացի այդ, միանվագ դրամական օգնությունը երիտասարդ ընտանիքներին պետք է տրամադրվի «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի շրջանակում՝ բյուջետային հնարավորությունների առկայության դեպքում:
Կառավարությունը համապատասխան հիմնավորումներով բացասական եզրակացություն է տվել ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» և «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի և այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» օրենքների նախագծերին:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

Տեսանյութեր

Լրահոս