Իրաքը փաստացիորեն մասնատվել է երեք մասի՝ սուննի, շիա և քրդական. Պատրուշև
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Կազանում այսօր մեկնաբանել է Իրաքում ստեղծված իրավիճակը.
«Միասնական պետություն այդպես էլ չձևավորվեց սմերիկյան զորքերի դուրս բերումից հետո: Ներկայումս այդ պետությունը փաստացիորեն մասնատվել է երեք մասի. սուննի, շիա ու քրդական»:
Պատրուշևը հիշեցրել է, որ 2003 թվականին ԱՄՆ-ը չկարողացավ ապացուցել, որ Իրաքն ունի զանգվածային ոչնչացման զենք. «Սակայն Իրաքի ռմբակոծություններն արդեն սկսվել էին, որոնց հաջորդեց Հուսեյնի նկատմամբ հաշվեհարդար տեսնելը: Այդպիսի օրինակները շատ են՝ Հարավսլավիա, Լիբիա, Եգիպտոս, Սիրիա, այժմ՝ Ուկրաինա:
Այդ ամենը մեկ շղթայի օղակ է: Ամերիկացիները գտել և շարունակում են գտնել «լեգալ հիմնավորումներ»՝ ինքնիշխան պետությունների դեմ ագրեսիա սանձազերծելու համար: Ֆիզիկապես վերացվում են պետությունների ղեկավարները, արմատավորվում է այսպես կոչված ժողովրդավարությունը»: