Հրաժարականը Դեշչիցային չի ազատում Պուտինից ներողություն խնդրելու անհրաժեշտությունից. Կադիրով
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցայի հրաժարականը նրան չի ազատում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վիրավորելու համար ներողություն խնդրելու անհրաժեշտությունից:
Կադիրովը Instagram-ի իր էջում գրել է. «Ցանկանում եմ ընդգծել, որ հրաժարականն Անդրեյ Դեշչիցային չի ազատում հրապարակավ ու անկեղծ զղջման անհրաժեշտությունից՝ Ռուսաստանի դեսպանատան մոտ իր անվայել պահվածքի համար»:
Դեշչիցայի վիրավորական հայտարարությունից հետո էլ Կադիրովը հայտարարել էր, որ Ուկրաինայի իշխանությունները յուրաքանչյուր առավոտը պետք է սկսեն Ռուսաստանի նախագահից ներողություն խնդրելով, այդ թվում նաև հենց ինքը՝ Դեշչիցան՝ ծնկաչոք:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երեկ խորհրդարանին առաջարկել է Ուկրաինայի արտգործնախարար պաշտոնում նշանակել Գերմանիայում երկրի դեսպան Պավել Կլիմկինին: