Լեհաստանի վարչապետը հրաժարվել է հրաժարական տալ
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ չի լքի զբաղեցրած պաշտոնը՝ չնայած բարձրաստիճան պաշտոնյաներին գաղտնալսելու հետ կապված սկանդալի առաջացմանը:
Նա չի բացառել վաղաժամ ընտրությունների անցկացումը, եթե բնակչությունը չաջակցի գործող կառավարությանը: Լեհաստանում քաղաքական ճգնաժամ առաջացավ այն բանից հետո, ինչ Wprost պարբերականը հրապարակեց Լեհաստանի Ազգային բանկի ղեկավար Մարեկ Բելկայի ու ներքին գործերի նախարար Բարտլոմեյ Սենկևիչի զրույցը:
Դրա ժամանակ Բելկան կառավարությանն աջակցություն է առաջարկում այն պայմանով, որ ֆինանսների նախարար Յացեկ Ռոստովսկին հրաժարական տա, ընդ որում՝ Ազգային բանկին օրենքով արգելված է միջամտել քաղաքականությանը: Սկանդալի ծագումից հետո ընդդիմությունը պահանջել է կառավարության հրաժարականը: