Սկսվում է Բուդաղյանների դատավարությունը, մեղադրող կողմն ամեն ինչ անելու է, որ գործով անցանկալի մանրամասներ ջրի երես դուրս չգան. «ՀԺ»
«Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` Լիսկայի առանձնատան մոտ անցյալ տարվա հունիսի 2-ին տեղի ունեցած աղմկոտ դեպքերից ավելի քան մեկ տարի անց` այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կսկսվի այդ գործով դատավարությունը»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.
« Հիշեցնենք, այդ օրը Լիսկայի տան մոտ սպանվեց Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, գործարար Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` ԼՂՀ N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը, վիրավորվեց: Լիսկայի որդին, ով կրակողներից մեկն էր, եւ թիկնապահը անազատության մեջ մնացին շատ կարճ:
Լիսկան, որ ստիպված էր հրաժարական տալ աղմկոտ այս պատմությունից հետո, ջանք չխնայեց` որդուն ու թիկնապահին ազատելու եւ գործը բոլորովին այլ ուղղությամբ շրջելու համար: Սույն գործով միակ տուժող է ճանաչվել Սուրիկ Խաչատրյանի կինը` Լորետա Բարսեղյանը, իսկ գործում միակ մեղադրյալ է ներգրավվել Արտակ Բուդաղյանը:
Այնինչ, թերեւս միանշանակ է, որ արդարությունը գործելու դեպքում քրեական աղմկոտ այս գործը այլ ընթացք կստանար: Տեւական ժամանակ, սակայն, ամեն ինչ արվում էր, որ գործն ընդհանրապես դատարան չմտնի, ենթադրվում է` տեղի ունեցածին կրկին հասարակական հնչեղություն չտալու, ամեն ինչ մինչեւ վերջ պարտակելու ու նոր կրքեր չբորբոքելու նպատակով:
Ու միայն Արտակ Բուդաղյանի եւ նրա շահերի պաշտպան Հայկ Ալումյանի համառ ջանքերի շնորհիվ գործը ի վերջո հասավ դատարան: Դատավարությունն ընթանալու է դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ: Դատարանում մեղադրանքը կպաշտպանի դատախազ Կարեն Հարությունյանը: Հասկանալի է, որ մեղադրող կողմն ամեն ինչ անելու է, որ գործով անցանկալի մանրամասներ ջրի երես դուրս չգան:
Բուդաղյանների շահերի պաշտպան Հայկ Ալումյանը, սակայն, պատրաստվում է նոր, էական հանգամանքներ ի ցույց դնել դատավարության ընթացքում. հնարավոր է, նրան հաջողվի ապացուցել, որ Լիսկան եւս մասնակից է եղել կրակոցներին ու ամենեւին էլ քնած չի եղել, ինչպես պնդել է մինչ այժմ:
Բուդաղյանների մերձավորներն ու հարազատները եւս որոշակի սպասումներ ունեն այսօր մեկնարկելիք դատավարությունից: Դատելով, սակայն, իշխանական բարձր մակարդակով Լիսկայի հանդեպ հովանավորչությունից, դժվար է հավատալ, որ աղմկոտ այս գործով նոր զարգացումներ կլինեն»:
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։