Թուրքիայի նախկին նախագահը դատապարտվել է ցմահ ազատազրկման
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հեղաշրջման կազմակերպիչներ Քենան Էվրենն ու Թահսին Շահինքայան դատապարտվել են ցմահ ազատազրկման:
Նրանք մեղադրվել են քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածը (պետության դեմ հանցագործություն) խախտելու մեջ և ստացել են առավելագույն պատժաչափ: Նման որոշում է կայացրել Անկարայի՝ ծանր հանցագործությունները քննող 10-րդ դատարանը:
Հանրապետական դատախազ Սելչուք Քոջամանը 2013 թվականի հոկտեմբերի 25-ի դատական նիստում 1917 թվականին ծնված Քենան Էվրենի և 1925 թվականին ծնված Թահսին Շահինքայայի համար պահանջել էր ցմահ ազատազրկման:
Տվյալ գործով անցնում էին այդ հեղաշրջման կազմակերպիչներ, տվյալ ժամանակ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քենան Էվրենը, ով հեղաշրջման արդյունքում դարձավ երկրի նախագահ և տվյալ ժամանակ Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Թահսին Շահինքայան:
Ռազմական հեղաշրջման մյուս կազմակերպիչները մահացած են: Տվյալ ժամանակ Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Նուրեթթին Էրսինը մահացել է 2005 թվականին, ռազմածովային ուժերի հրամանատար Նեժաթ Թյումերը՝ 2011 թվականին և Ժանդարմերիայի հրամանատար Սեդաթ Ջելասունը՝ 1998 թվականին:
Հիշեցնենք, որ 2012 թվականի հունվարի 10-ին Անկարայի դատարանն ընդունեց Քենան Էվրենի և Թահսին Շահինքայայի դեմ պատրաստված գործը, դատավարությունը մեկնարկել է 2012 թվականի ապրիլի 4-ին: Թուրքիայի պատմության մեջ աննախադեպ է, որ երկրի նախկին նախագահը կանգնի դատարանի առջև:
1980 թվականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Քենան Էվրենի իրականացրած ռազմական հեղաշրջման արդյունքում արձակվեց երկրի խորհրդարանը, տապալվեց Սուլեյման Դեմիրելի գլխավորած կառավարությունը։
Դեմիրելը, ինչպես նաև ընդդիմության առաջնորդներ Բյուլենթ Էջևիթն ու Ալփասլան Թյուրքեշը ձերբակալվեցին։ 1982 թվականի նոյեմբերի 9-ին Քենան Էվրենը դարձավ Թուրքիայի 7-րդ նախագահ: Երկրում փակվեցին բոլոր քաղաքական կուսակցությունները, և մտցվեց ռազմական դրություն։
Հեղաշրջման նախապատրաստման համապատասխան հիմքի ստեղծման համար ձախ և աջ արմատականների միջև մինչև հեղաշրջման առավոտ հրահրված բախումներում զոհվեց 2000 մարդ, հեղաշրջման արդյունքում բանտարկվեց 650.000 մարդ, ոստիկանությունում հարուցվեց 1.683.000 գործ, քաղաքական պատճառներով հարուցված 210.000 գործի շրջանակներում դատարանում հայտնվեց 230.000 մարդ, 517 մարդ ստացավ առավելագույն պատժաչափ, միևնույն ժամանակ՝ այդպիսի պատժաչափ էր սպառնում 7000 հոգու, 388.000 մարդ զրկվեց անձնագրից, աշխատավայրից վտարվեց մոտ 30.000 մարդ (նրանց ասացին, որ իրենք վտանգավոր են), որոնցից 20.000-ը ներկայացնում էին կրթական համակարգը, 14.000 մարդ զրկվեց քաղաքացիությունից, մոտ 30.000 մարդ փախավ երկրից, գրաքննության նկատառումներից ելնելով` արգելվեց 937 ֆիլմ, 400 լրագրողների համար առաջարկվեց 4000 տարվա բանտարկության մեղադրանք, 300 օրվա ընթացքում թերթերը չհրապարակեցին հետաքննության մասին նյութեր, ոչնչացվեց 37.000 տոննա թերթ ու հանդես։
1981 թվականի հունիսի 29-ին, թուրքական ռազմական խունտան ընտրեց 160 խորհրդատուի, որոնց հանձնարարեց զբաղվել նոր Սահմանադրության մշակմամբ: Վերջիններս առաջ քաշեցին 800 նոր օրենքներ: 1982 թվականի նոյեմբերի 7-ին նոր Սահմանադրությունը դրվեց հանրաքվեի ու ստացավ մասնակիցների 92 տոկոսի աջակցությունը: Դրանով մեծ լիազորություններ շնորհվեցին ուժային և դատական կառույցներին: