Ինչպես սղոցել սեփական քաղաքացիների նյարդերը
Եվ այսպես, մեծ թվով ՀՀ քաղաքացիների բանկային հաշիվների սառեցումը սպառնում է դառնալ լուրջ խնդիր։ Ամեն ինչ սկսվում է նրանից, որ դուք խախտում եք ճանապարհային երթևեկության կանոնները, ինչը ֆիքսվում է տեխնիկական սարքերի կողմից։ Ստանում եք համապատասխան նամակ։
Դուք բացակայել եք տնից, և փոստատարը նամակը հետ է տարել։ Կապ չունի` դուք համարվում եք պատշաճ ծանուցված։ Որովհետև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն` իրավախախտումների վերաբերյալ գործերով ընդունված որոշումները համարվում են հանձնված (ստացված) նաև, եթե անձը, որին ուղարկվել է որոշումը, չի եղել տրանսպորտային միջոցի գրանցման (հաշվառման) կամ վարորդական վկայական ստանալու կամ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու ժամանակ իր կողմից նշված հաշվառման (գտնվելու) կամ բնակության վայրում կամ ճիշտ չի նշել հասցեն կամ հրաժարվել է ստանալ ուղարկված (հանձնվող) որոշումը:
Սա նշանակում է, որ ձեզանով սկսում է զբաղվել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը։ Նամակները գալիս են արդեն ոչ թե Ճանապարհային ոստիկանությունից, այլ ԴԱՀԿ ծառայությունից։ Սակայն խնդիրն ավելի լուրջ է, քան նամակը։ Բանն այն է, որ 10-15 հազար դրամանոց տուգանքի պատճառով դուք կարող եք հանկարծ հայտնաբերել, որ արգելանք է դրվել ձեր բոլոր հաշիվների ամբողջ գումարի վրա։ Ասենք, եթե դուք ունեք հաշիվներ` 3 տարբեր բանկերում, յուրաքանչյուրի վրա 100 հազար դրամ, ապա կարող եք պարզել, որ ձեր 3 հաշիվներն էլ սառեցված են։ Եթե նույնիսկ ձեր պարտավորությունը 15 հազար դրամ է։
Վիճակը բարդանում է հատկապես այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացիները գտնվում են արտասահմանում և փաստի առաջ են կանգնում` պարզելով, որ չեն կարողանում օգտագործել բանկում առկա իրենց դրամական միջոցները։ Թեպետ կոպիտ է հնչում, բայց այս վիճակը բավականին նման է հին անեկդոտին։ Կենդանիներն անտառով վախեցած փախչում են։ Աղվեսը հարցնում է` ի՞նչ է եղել։ Կենդանիներից մեկը պատասխանում է` առյուծը կենդանիներին բռնում է, և ով 3 ամորձի ունի, մեկը պոկում է։ Հա, բայց ձեր բոլորիդ մոտ 2 հատ չէ՞, ինչո՞ւ եք փախչում։ Էհ, աղվես ջան, ինքը կտրում է, հետո հաշվում։
Փաստորեն, ՀՀ քաղաքացին, ով իր գումարները պահում է ոչ թե բարձի տակ, այլ բանկում, դառնում է խոցելի, քանզի նրան ցանկացած պահին կարող են զրկել ապրուստի միջոցներից։
Իհարկե, գումարը չեն բռնագանձի (մինչև դատարանի որոշումը), սակայն նա հնարավորություն չի ունենա իր փողը ծախսել։ Նման իրավիճակում արդեն հայտնվել են հարյուրավոր մարդիկ։ Եվ արդեն իսկ հնչում են կոչեր, որ պետք է գումարները հանել բանկերից։ Իսկ երբ զոհի կարգավիճակում հայտնված մարդիկ փորձում են պարզել, թե ինչու են իրենց ամբողջ գումարը սառեցրել, և ոչ թե` միայն պարտավորության չափով, սկսվում է անհասկանալի մի պրոցես` յուրաքանչյուրը մեղքը իր վրայից բարդում է մեկ այլ կառույցի վրա։
Բանկը պատասխանում է, որ իրենք սառեցրել են այնքան, որքան նշված է եղել ԴԱՀԿ-ից կամ հարկային մարմնից ստացված կատարողական թերթի վրա։ Իսկ ԴԱՀԿ-ն պարզաբանում է, որ ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն` պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթի պահանջների կատարման համար, ներառյալ` կատարման ծախսերը»:
Այսինքն` ԴԱՀԿ-ն հավաստիացնում է, որ իրենց ծառայությունում հարուցված կատարողական վարույթներով արգելանք է կիրառվում պարտապանի ունեցած պարտավորությունների չափով: Իսկ ի՞նչ է լինում, եթե գումարի չափը չի նշվում։ Պարզվում է` նման բան լինել չի կարող։ Որովհետև ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 29.08.2006թ. թիվ 520-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն` «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին» որոշման ձևանմուշի «ՈՐՈՇԵՑԻ» մասում նշվում է արգելադրման ենթակա գումարի չափը:
Կենտրոնական բանկն էլ իր հերթին` ասում է, որ ինքն այս ամենի հետ կապ չունի և ընդամենն էլեկտրոնային կապուղի է տրամադրում, որպեսզի ԴԱՀԿ-ն կապվի բանկերի հետ։
Ի՞նչ է ստացվում` բոլորը ճիշտ են, սակայն խնդիրը չի վերանում։ Այնպիսի տպավորություն է, որ այլմոլորակայիններն են ինչ-որ բաներ անում և սառեցնում մարդկանց ողջ գումարը։ Ավելացնենք նաև, որ nyut.am կայքի հարցմանն ի պատասխան` ԴԱՀԿ-ն հընթացս հիշեցրել էր, որ բացի Հարկադիր կատարման ծառայությունից, արգելանքներ կիրառելու լիազորությամբ օժտված է նաև հարկային մարմինը: Ասել է թե` հուշել էր` միգուցե հարկայինում փնտրեք խնդրի պատճառը։ Սակայն կոնկրետ այս դեպքում հարկային մարմինը կապ չունի, քանի որ խնդիրը կապված է հիմնականում ՃՈ տուգանքների հետ։
Իսկ հիմա ամենակարևորը։ Պարզվում է, որ այս խնդիրը նոր չէ, և այն ունի կոնկրետ պատճառներ։ Ավելին` ՀՀ կառավարությունը (ավելի ճիշտ` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ու Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի քարտուղարությունը) մշակել են օրենքի նախագիծ և դեռ այս տարվա մարտ ամսին ներկայացրել Ազգային ժողովին։ Նրանք առաջարկել են փոփոխություններ կատարել «Հարկերի մասին» օրենքում` հաշիվների սառեցման հետ կապված խնդիրը կարգավորելու համար։ Այսինքն` կառավարությունն ինքն ընդունել է, որ կա խնդիր, և այդ խնդիրը կապված է թերի կարգավորման հետ։ Ոչ միայն ընդունել է, այլև օրենսդրական լուծումներ է առաջարկել։ «Ներկայումս բացակայում է Հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու և արգելանքը վերացնելու հստակ` ըստ քայլերի հաջորդականության կարգը, որը առաջացնում է լրացուցիչ վարչարարության անհրաժեշտություն և անորոշություն գործարարների համար:
Ընթացակարգի անկատարելության արդյունքում գործնականում արգելադրվում են գործարարների բանկային հաշիվներին առկա ամբողջ դրամական միջոցները, առանց հաշվի առնելու պարտավորության չափը, ինչը առաջացնում է խոչընդոտներ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողների համար»,- նշված է այդ օրինագծի հիմնավորման մեջ: Ճիշտ է, նշվում է միայն հարկային մարմինը, սակայն կարգավորումը վերաբերում է արգելադրման ամբողջ պրոցեսին։
Ընթացիկ խնդիրների մասում օրինագծի հեղինակները նշել են, որ այն դեպքում, երբ ձեռնարկատերն ունի հաշիվներ մեկից ավելի բանկերում, ապա հարկային մարմնի որոշումն ուղարկվում է բոլոր բանկերին և արգելանք է դրվում ձեռնարկատիրոջ բոլոր բանկերում ունեցած հաշիվներին առկա դրամական միջոցների վրա, եթե անգամ մեկ հաշվին առկա գումարը համապատասխանում է հարկային պարտավորության չափին։
Սակայն ամենազավեշտալին հետևյալ խոստովանությունն է. «Առկա են դեպքեր, երբ բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների արգելադրման մասին որոշման մեջ բացակայում է արգելադրման ենթակա գումարը և արդյունքում, առևտրային բանկերը, ելնելով պետության շահերից, արգելադրում են բանկային հաշիվներին առկա ամբողջ գումարները` առանց հաշվի առնելու հարկային պարտավորության չափը»: Սա արդեն զավեշտ է։
Նախ` պարզվում է, որ արգելանքը դնողը ոչ միշտ է նշում պարտավորության չափը (ինչը պարտավոր է անել)։ Երկրորդ` պարզվում է, որ բանկը` փոխանակ ճշտի, թե պարտավորությունը որքան է, արգելանքի տակ է վերցնում ամբողջ գումարը։ Ընդ որում, դա անում է ոչ թե «անկյալությունից» (երբ, ասենք, ալարում են լրացուցիչ կապվել արգելանք դնող կառույցի հետ), այլգ պետության շահերից ելներով։ Ողջ աշխարհում առևտրային բանկերը պաշտպանում են իրենց հաճախորդների շահերը, մեզ մոտ` արգելանք դնողների։
Ընդ որում` առանց անհրաժեշտության ու ի վնաս իրենց հաճախորդների։ Հիմա այս պատմության վերջին ու, թերևս, ամենակարևոր մասը։
Ինչպես նշեցինք, այս խնդիրը լուծելուն ուղղված օրինագիծն արդեն պատրաստ է և ներկայացված է Ազգային ժողովին (ցանկացողները կարող են օրենքին ծանոթանալ հետևյալ հղումով.)։ Նախագիծը կանոնակարգում է այս գործընթացը և հստակ ամրագրում, որ բանկն արգելանք կարող է դնել ՄԻԱՅՆ պարտավորության չափով։
Նախագիծը, ինչպես նշվեց, ներկայացվել է կառավարության կողմից և մտել ԱԺ օրակարգ։
Հիմա հարց է առաջանում` հաշվի առնելով վերջին օրերին առկա դժգոհությունները, ինչո՞ւ այն հնարավորինս արագ չի ներկայացվում պատգամավորների դատին։ Մի՞թե ոմանց հաճույք է պատճառում սեփական քաղաքացիների նյարդերի հետ խաղալը։
Ավելացնենք նաև, որ այս փոփոխությունը նախաձեռնվել էր դեռ նախորդ` Տիգրան Սարգսյանի կառավարության կողմից, և հարցի զեկուցող նշանակված էր էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը։ Միգուցե դա՞ է պատճառը, որ նոր կառավարությունն այդքան էլ շահագրգռված չէ այն արագացնելու հարցում։