Ինչո՞ւ է իշխանությունը վախենում «Դ!եմ եմ»-ից

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխում կոչվածն իսկական պատուհաս է դարձել իշխանությունների համար: Դրանից առաջ, իհարկե, արդեն իսկ պատուհաս դարձած լինելով հասարակության համար:

Իշխանությունը, փաստորեն, որևէ կերպ չի ցանկանում հրաժարվել աշխատող քաղաքացիների եկամուտների 5-6.5 տոկոսը որևէ կերպ խլելու գայթակղությունից և դրա համար գործի է դրել հայոց լեզվի հարուստ զինանոցի բոլոր միջոցները: Իսկ հայոց լեզուն, ինչպես հայտնի է, ճկուն է և բարբարոս:

Հետևաբար՝ իշխանությունը, հայոց լեզվին չտիրապետող իշխանությունը, կուտակայինը պահպանելու, այն այլ անվանումով պահպանելու համար կարող է տասնյակ ձևակերպումներ գտնել:

Բայց դրանից էությունը չի փոխվելու: Եվ մարդիկ, «Դ!եմ» շարժման ակտիվիստները պայքարում են հենց այդ էության՝ քաղաքացիների գումարները հակասահմանադրական ճանապարհով խլելու՝ իշխանության անզիջում գործելաոճի դեմ:

Ինչո՞ւ է, այնուամենայնիվ, իշխանությունն այսքան հաստատակամ՝ ամեն գնով որևէ անվամբ՝ հարկի տեսքով կամ այլ վճարի, քաղաքացիներից գանձելու, իրականում բռնագանձելու այդ գումարները:

Առաջին պատասխանը, որ կարող է առաջանալ Հայաստանին տեղյակ ցանկացած մարդու մոտ, փողի նկատմամբ իշխանությունների սերն է: Անհագուրդ սերը:

Այսինքն՝ իշխանությունը որևէ պայմանով չի ցանկանում հրաժարվել տարբեր գնահատականներով տարեկան 120-150 մլն դոլար գումարից, որ գոյանալու է պարտադիր վճարումների հաշվին:

Այս վարկածն, իհարկե, ամենահիմնավորն է՝ հաշվի առնելով ոչ միայն իշխանությունների անձնական սերն առ փողը, այլ նաև պետական բյուջեի խայտառակ վիճակը: Բյուջեին փող է պետք, այն չի հավաքվում, միջազգային կազմակերպություններն այլևս վարկեր չեն տալիս:

Բայց ամենահիմնավորը լինելով հանդերձ, այս վարկածը միակը չէ կամ ամբողջությամբ չի արտահայտում իրերի դրությունը: Իրականում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխում կոչվածը նաև քաղաքական լուրջ բաղադրիչ ունի, և հասկանալու համար, թե այսքան դիմադրության արդյունքում, ի վերջո, ինչո՞ւ իշխանությունը չի հրաժարվում այդ գաղափարից, պետք է դիտարկել խնդրի նաև այդ շերտը: Նախ, հասկանալի է, իշխանությունը չի ցանկանում պարտված դուրս գալ, նահանջել, քանի որ դա կարող է նախադեպ ստեղծել:

Մինչև հիմա քաղաքացիական շարժումների գործունեության արդյունավետությունն ապացուցելու համար բոլորը բերում են Մաշտոցի պուրակի, Թեղուտի օրինակները: Բայց դրանց համեմատ կուտակային կենսաթոշակային համակարգը լուրջ, շատ լուրջ խնդիր է և շոշափում է ոչ թե՝ տեղային, այլ՝ համապետական հիմնահարցեր ու, կարևորը՝ չափազանց մեծ փող:

Հետևաբար՝ իշխանության համար դրանից հրաժարվելը՝ ապագայի համար նախադեպ ստեղծելու իմաստով, ըստ էության, անթույլատրելի է:

Իշխանությունն ուղղակի կարող է սարսափել մտքից, որ կուտակայինի հարցում վերջնական ու ամբողջական հաջողության հասնելու դեպքում քաղաքացիական հասարակության միավորներն օգտագործելով իրենց փորձը և, ամենակարևորը, նախադեպը, կարող են ընդվզել քաղաքացիներին հարստահարելուն ուղղված ցանկացած օրենքի կամ նախաձեռնության դեմ:

Իսկ քանի որ Հայաստանի իշխանության գործունեությունն առավելապես հիմնված է քաղաքացիներին այս կամ այն կերպ հարստահարելու մոլուցքի վրա, դա նշանակում է՝ գրեթե հրաժարվել իշխանությունից:

10423819_655754827832966_7572518154738041072_n

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մյուս կարևոր քաղաքական ասպեկտն այն է, որ դա դարձել է ներիշխանական հարաբերությունների «կարգավորման» և իշխանության այս կամ այն բեռի թուլացման կամ չեզոքացման գործիք:

Տիգրան Սարգսյանի հրաժարականը դրա ապացույցն է: Նախագահ Սերժ Սարգսյանն ինքը մի քանի անգամ հրապարակավ կողմ արտահայտվեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխմանը, բայց Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ արեց, ըստ էության, նաև այդ բարեփոխման ձախողման պատճառով:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշանակման առաջին օրվանից չէր թաքցնում, որ անձնապես դեմ է այս բարեփոխմանը, անգամ ակնարկում էր , որ ցանկանում է վերջնականապես այն չեղյալ հայտարարել: Բայց որոշ ժամանակ անց ՀովիկԱբրահամյանը ստիպված եղավ դեգերել հայոց լեզվի հոմանիշների անսպառ տարածության մեջ՝ կուտակայինը կյանքի կոչելու համար: Ավելի հավանական է, որ ստիպեցին: Իսկ Հայաստանում ստիպում է նա, ով նշանակում է պաշտոնում:

Առաջին հերթին՝ բարձր պաշտոնում: Ավելի պարզ ասած՝ կուտակային համակարգը Սերժ Սարգսյանի համար՝ կառավարությանը զսպելու, անհրաժեշտության դեպքում՝ նրանից ազատվելու գործիք է դարձել, որը կարող է կիրառվել նաև Հովիկ Աբրահամյանի կառավարության նկատմամբ:

Այդ գործիքը՝ քաղաքական լինելով, նաև մեծ քարոզչական ռեզերվ է պարունակում: Ցանկացած պահի Սերժ Սարգսյանը կարող է այցելել այն հավաքատեղի, որտեղ սովորաբեր իրենց հավաքներն են անցկացնում քաղաքացիական ակտիվիստները, հրավիրել Հովիկ Աբրահամյանին ու հայտարարել՝ «Հովիկ ջան, սիրուն չի»: Արդեն կա դրա նախադեպը: Իշխանության կարծիքով՝ հաջողված նախադեպը:

Տեսանյութեր

Լրահոս