Ճշգրտումն արժեցել է 2.4 մլրդ դրամ
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մեկնարկեցին խորհրդարանական լսումներ` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխման որոշման և հիմնավորման վերաբերյալ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկայացրեց համակարգում տիրող իրավիճակը: Ըստ նրա՝ նախապես հաշվարկվել էր, որ համակարգի ֆինանսական ճեղքվածքը 20.3 մլրդ դրամ է, ճշգրտումից հետո՝ ստացվել է 17.9 մլրդ դրամ, որից ՀԷՑ-ին բաժին է ընկնում 5.7 մլրդը: Նազարյանի խոսքով՝ 2012-13թթ. ընթացքում ՀԱԷԿ-ը վերալիցքավորման և վերանորոգման աշխատանքներից հետո 88 օր ուշ մտավ ցանց, քան նախատեսված էր, որի ընթացքում չարտադրված էժան էլեկտրաէներգիայի պահանջարկը լրացվել է ավելի թանկ՝ Հրազդանի ՋԷԿ-ի էլեկտրաէներգիայով: Նա նշեց, որ այս գումարը պետք է փոխհատուցվի 3 տարվա ընթացքում: Բարձրավոլտ էլեկտրական ցանցերում, ըստ Նազարյանի, ֆինանսական ճեղքվածքն առաջացել է վերանորգման, բարձրավոլտ գծերի կառուցման, այդ թվում՝ Իրան-ՀՀ գծերի կառուցման պատճառով: ՀԾԿՀ նախագահը նշեց, որ դա գործող սակագնի վրա ընհանուր առմամբ 2 մլրդ դրամի ավելացում է արձանագրել: Նրա խոսքով՝ Միջազգային էներգետիկ կորպորացիան 2013թ-ին իրականացրել է 4 մլրդ դրամի ներդրումներ, իսկ հասույթը պետք է ավելացնել 0.6 մլրդ դրամով: Երևանի ՋԷԿ-ում սկսվում է վարկային մայր գումարի ու տոկոսավճարների մարումը: ՀԱԷԿ-ը շահագործման և պահպանման ծախսեր է կատարել անվտանգության բարձրացման ուղղությամբ: Վերականգնվող էներգետիկ կայանները (ՓՀԷԿ և հողմակայան) դոլար-դրամ փոխարժեքով պայմանավորված՝ խնդիր են ունեցել, նաև այլ գործոններովպայմանավորված կա հաշվարկային խնդիր: Թե ինչո՞ւ է էլեկտրաէներգիայի պակասը լրացվել Հրազդան ՋԷԿ-ի արտադրած թանկ էլեկտրաէներգիայով, ոչ թե Երևանի ՋԷկ-ի՝ համեմատաբար էժան արտադրանքով, Նազարյանը պատասխանեց, թե Երևանի ՋԷԿ-ը այս տարում մատակարարել է իր ռեզերվային նախատեսված ամբողջ էներգիան, իսկ Հրազդանի ՋԷԿ-ի ռեզերվները բավարար են ամբողջ հանրապետության համար: