Համաձայնագիր ՌԴ-ում հայ միգրանտների աշխատանքային նոր պայմանների համար. ԳԱԼԱ
«Հայաստան-Ռուսաստան երկկողմ համաձայնագիր է, որը կսահմանի առավել դյուրին պայմաններ Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստանի Դաշնությունում։ Արդեն աշխատանքային կարգով համաձայնեցվել են տեքստերը և ռուսական կողմի հետ պայմանավորվել ենք, որ Ռուսաստանի ներպետական օրենքների համապատասխան ընթացակարգով կհամաձայնեցվեն և այլ մարմինների հետ, որից հետո նոր արդեն վերջնական համաձայնագիրը պատրաստ կլինի և կստորագրվի։ Դեռևս պրոցեսի մեջ է ներպետական համաձայնեցման գործընթացը, այսինքն՝ յուրաքանչյուր երկիր այդ հարցը լուծում է իր սահմանների ներսում»։ Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը։
Վերջինս ընգծեց․ «Հայաստանում դեռևս համաձայնեցման գործընթացներն են, այսինքն նամակներ ենք գրել պետական մարմիններին, որոնցից հինգը պատասխանել են, հիմա վեցերորդ պատասխանին ենք սպասում, որից հետո արդեն կամփոփվի։ Այսինքն սա նման դեպքերի համար սովորական ընթացակարգ է, նույնն էլ իրենց կողմից պետք է արվի՝ ավարտելուց հետո նոր կստորագրվի։ Այսինքն ստորագրելուն նախորդում է ներպետական համաձայնեցման գործընթաց։ Լինում են իրավասու մարմիններ, ովքեր համաձայնեցնում են և այլ շահագրգիռ մարմիններ ևս իրենց կարծիքներն ու տեսակետներն են հայտնում, որից հետո եթե ամեն ինչ կարգին է, նոր ստորագրվում է, սա վերաբերում է ցանկացած հարցի և այդ թվում միգրացիայի հարցին։ Իր բնական հունով գործն ընթանում է»։
ԳԱԼԱ-ի լրագրողի հարցադրմանը, թե հստակ ժամկետներ սահմանվե՞լ են, Գագիկ Եգանյանը պատասխանեց․ «Ժամկետների մասին դեռևս դժվար է խոսելը, սակայն ռուսական կողմի հետ պայմանավորվել ենք, որ հնարավորինս արագ դա իրականացվի, այդ մասին մենք անգամ առանձին գրել ենք, որ ընթացակարգը ավարտենք հնարավորինս արագ»։
Մեկնաբանելով այս հանգամանքը՝ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նշեց․ «Բնականաբար այն մարդկանց համար, ովքեր որ պետք է գնան աշխատելու, իրենց համար դա լավ լուր է, այսինքն Հայաստանի Հանրապետության զգալի մասի համար, ովքեր կկարողանան իրենց ընտանիքները պահեն արտագնա աշխատանքով։ Կարծում եմ, որ դա լավ լուր է և Հայաստանի իշխանությունների համար: Հայաստան պետությունն այսպիսով գնալով քայքայվում է, ժողովրդագրություն է քայքայվում, այդ գնացողների մի մասը մշտական կմնան, եթե մշտական էլ չմնան, բնականաբար իրենց տնտեսական շահերը այնտեղ են լինելու, ստացվում է, որ Հայաստանի հետ հեռանկարը նվազում է»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: