Արմեն Ջանյան. «Նպատակ ունենք համախմբել աշխարհով սփռված մեր եղբայրներին Հայոց Գերագույն Օթյակի հովանու տակ». «Մեդիամաքս»
Ազատ Որմնադրության կամ, որ, ավելի ընդունված է ասել, Մասոնության նկատմամբ վերջին տարիներին առավել մեծ հետաքրքրություն է դրսեւորվում զանգվածային լրատվամիջոցներում: Հնչում են տարբեր՝ հաճախ իրարամերժ դիրքորոշումներ, հարցադրումներ, պարզունակ կամ անհասկանալի պնդումներ, տեսակետներ ու մեկնաբանություններ: Ազատ Որմնադրության մասին ճշգրիտ եւ սպառիչ տեղեկություններ տրամադրելու նպատակով «Մեդիամաքսը» ներկայացնում ներկայացնում է բացառիկ հարցազրույց Հայոց Գերագույն Օթյակի համահիմնադիր, նախկին Գերագույն վարպետ Արմեն Ջանյանի հետ:
– Որպես սկիզբ, խնդրում եմ բնորոշեք, թե ինչ է Ազատ Որմնադրությունը:
– Կարծում եմ, հասարակությունը, տեղեկատվության բազմաթիվ աղբյուրներին զուգահեռ, իրավունք ունի նաեւ իրազեկվելու, այսպես կոչված, առաջին աղբյուրից: Այդուհանդերձ, նշեմ, որ Ազատ որմնադրության մասին լիակատար պատկերացում կազմելու համար պետք է լինել ազատ որմնադիր, ինչն ենթադրում է երկար ճանապարհ: Այս փաստը գուցե միանշանակ չընկալվի ոմանց կողմից, սակայն ստորեւ կփորձեմ մեկնաբանել:
– Մասոնությունը կրո՞ն է, ի՞նչ առնչություն ունի կրոնի հետ:
– Ոչ, մասոնությունը կրոն չէ, սակայն իր արարողություններում օգտագործում է համաշխարհային կրոնական ժառանգության տարրեր, մասնավորապես, ծիսակարգային բնույթի, որոնք բոլորն էլ ունեն բարոյահոգեբանական եւ ուսուցողական բնույթ: Առնչությունը բավականին սերտ է, քանի որ մասոն լինելու համար պարտադիր պայման է՝ ընդունել Աստծո, իբրեւ Գերագույն Արարչի գոյությունն ու հավատը նրա նկատմամբ, ինչպես նաեւ մահից հետո` հոգեւոր կյանքի անվերջությունը: Մյուս առնչությունն այն է, որ բոլոր ազատ որմնադիրները երդվում են Սուրբ Գրքի վրա՝ իրենց պարտավորությունների համար եւ պատասխանատու են իրենց արարքների համար առաջին հերթին Աստծո առջեւ: Այդ Սուրբ Գիրքը կարող է լինել Աստվածաշունչը՝ քրիստոնյայի համար, կամ այն Սուրբ Գիրը, որը համապատասխանում է նրա հավատին:
– Իսկ ի՞նչ պարտավորություններ են դրանք, արդյոք չե՞ն կաշկանդում հենց ազատ որմնադրին լինել ազատ՝ իր արարքների եւ գործունեության մեջ
– Այդ պարտավորություններն ենթադրում են որմնադրական գաղտնիքի պահպանումը եւ մարդու, որպես ազատ անհատի, պարտավորությունները Աստծո հանդեպ, իր ընտանիքի, հայրենիքի, պետության, իրեն շրջապատող մարդկանց, իր եղբայրների եւ աշխարհի առաջ:
– Արդյո՞ք դա արդեն իսկ ազատության սահմանափակում չէ:
– Ազատությունը որմնադրի համար իր իսկ որոշումների ընդունումն է, առանց որեւէ մեկի կամ որեւէ գաղափարի պարտադրման: Այսինքն նույն այդ երդումն ընդունվում է կամավորապես անձի կողմից՝ իր իսկ ազատ ցանկությամբ:
– Աստվածաշունչն արգելում է հավատացյալներին երդվել…
– Աստվածաշնչում, Հին կտակարանի մատուցմամբ, Աստվածն ինքն է երդվում ու մի քանի անգամ: Իսկ Նոր կտակարանում Հիսուսն ասում է. «Թող այոն այո լինի, իսկ ոչը՝ ոչ» եւ հորդորում չերդվել: Երդումը որպես սեփական խոսքի գնահատման միջոց օգտագործվել է եւ դարեր առաջ ծիսական արարողությունների ընթացքում, եւ կենցաղային իրավիճակներում, ինչպես նաեւ պետական տարաբնույթ մարմիններում, զինված ուժերում: Երդվում են բժիշկները, փաստաբանները, նախագահները, պատգամավորները, ընդ որում Հայաստանում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայությամբ, եւ այլն, եւ այլն:
Այն անհատի կողմից իր վրա վերցրած պարտավորության սրբացումն է: Որմնադրական երդումը տրվում է Սուրբ Գրքի վրա կամ այն Գրքի, որը համարվում է տվյալ Որմնադրի համար իր կրոնական համոզմունքների առհավատչյան:
Կրկին ուզում եմ նշել, որ որմնադրությունը կրոնական կազմակերպություն չէ, եւ ավելին` արգելում է իր անդամներին որմնադրական հավաքույթների ընթացքում եւ Օթյակների մեջ նույնիսկ բանավիճել կրոնական թեմաներով: Ի դեպ, նույն արգելանքը տարածվում է նաեւ քաղաքականության վրա:
– Այսինքն, որմնադրությունը ընտրյալների կազմակերպությո՞ւն է:
– Որմնադրական կազմակերպությունը բավականին պարզ ընդունելության համակարգ ունի: Յուրաքանչյուր ոք, ով հավատ ունի առ Աստված, 21 տարին լրացած է եւ իր ազատ կամքով որոշել է միանալ որմնադրությանը, կարող է այն անել, եթե չի դատապարտվել քրեական արարքի համար եւ իր շրջապատում լավ մարդու համարում ունի: Նա կարող է դիմել որեւէ որմնադրի, եւ տվյալ անձի դիմումը ստանալուց հետո՝ կազմակերպության պատասխանատու անդամներն արդեն զբաղվում են այդ դիմումում նշված տեղեկատվության ճշմարտացիության ուսումնասիրությամբ, որից հետո ընթանում են ընտրական ֆորմալ պրոցեսներ, եւ դրական արդյունքի դեպքում՝ նշանակվում է թեկնածուի ձեռնադրման արարողությունը:
Որմնադրական կազմակերպությունում են տարբեր մասնագիտությունների , տարիքի, ազգերի, կրոնների, կուսակցական կամ քաղաքական ուժերի, տարբեր կրթական ձեռքբերումներ ունեցող անձինք: (…)
– Թալեաթը մասոն էր…
– Այո, դժբախտաբար, եւ ոչ միայն նա, այլեւ երիտթուրքերի կողմից ստեղծված կուսակցության եւ ձեւավորված կառավարության մեծ մասը, ինչը նրանց բնավ էլ չխանգարեց իրականացնել Հայերի ցեղասպանությունը եւ սպանել իրենց իսկ եղբայր հայ որմնադիրներին: Նրանցից շատերն իրենց արժանի պատիժը ստացան: Եվ, ի վերջո, որեւէ կազմակերպության, որը, շեշտում եմ, չունի քաղաքական նպատակներ, ազնիվ անդամները չեն կարող պատասխանատու լինել այլ անդամների կողմից գործած ոճիրների համար, ինչպես որ հայ եկեղեցու ազնիվ հավատացյալները չեն կարող պատասխանատվություն կրել քրիստոնյա մկրտված, բայց այդպիսին չդարձած հայ հանցագործների համար, կամ որեւէ ազնիվ մարդ՝ մարդկության հանցագործների համար, եւ այլն, եւ այլն:
– Ձեր նշած պատիժը որմնադրակա՞ն էր:
– Նրանք ստացան այն պատիժը, որին արժանի էին:
– Ի դեպ, կա՞ն արդյոք եղբայրական հարաբերություններ Հայոց Գերագույն Օթյակի եւ Թուրքիայի Գերագույն Օթյակի միջեւ:
– Ո՛չ, այդպիսի հարաբերություններ չկան:
– Իսկ կլինե՞ն:
– Ժամանակը ցույց կտա:
– Ինչո՞ւ Հայոց եւ ոչ թե Հայաստանի Գերագույն Օթյակ:
– Ի դեպ, միջազգային բոլոր լեզուներով ՝ Հայաստանի Գերագույն Օթյակ, իսկ միայն հայերենով՝ Հայոց, քանզի մենք նպատակ ունենք համախմբել աշխարհի տարբեր կողմերում սփռված մեր բոլոր եղբայրներին՝ Հայոց Գերագույն Օթյակի հովանու տակ, որպեսզի մեր բոլոր մղումներն ուղղված լինեն մեր հայրենիքի զարգացմանն ու բարգավաճմանը:
– Քանի՞ հայ որմնադիրներ կան աշխարհում:
– Մոտավոր հաշվարկներով, որմնադրական կանոնավոր օթյակներում ընդրկված են 2500-ի չափ ազգությամբ հայեր: Հիմնականում Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Լատինական Ամերիկայի երկրներում, Ռուսաստանում եւ այլն: Հայաստանում այդ թիվը կազմում է մոտ 200:
– Ե՞րբ ստեղծվեց Հայոց Գերագույն Օթյակը, եւ ո՞վ է այն ղեկավարում:
– Հայոց Գերագույն Օթյակը ստեղծվել է 2002թ. Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի Վաշինգտոն Դաշնային Օկրուգի եւ Ռումինիայի Գերագույն Օթյակների աջակցությամբ: Այն ղեկավարվում է Գերագույն Մեծարգո Վարպետի կողմից 2 տարվա ընտրական-ռոտացիոն սկզբունքով: Հիմնական գործունեությունը Հայաստանում բարեգործությունն է, որ արտահայտվում է մանկատներին հատկացվող օգնությամբ “Նոյի զավակներ” կազմակերպության միջոցով, ինչպես նաեւ` ուսանողներին համալսարանական կրթաթոշակ ենք տրամադրում: Մեր անդամների շրջանում էլ անցկացնում ենք կրթական դասընթացներ` ուսուցանելով մեր փիլիսոփայությունը:
– Ինչո՞ւ չեն բացահայտվում Հայաստանի որմնադիրները, չէ՞ որ նշեցիք, որ կազնակերպությունը գաղտնի չէ: Եվ արդյո՞ք հայտնի պաշտոնյաներ ներգրավված են:
– Որեւէ որմնադիր ինքն է որոշում՝ կարո՞ղ է այդ մասին բարձրաձայն արտահայտվել, թե՞ ոչ: Կազմակերպությունն արգելանք չի հանդիսանում որեւէ մեկի համար, եւ Հայոց Գերագույն Օթյակի Գերագույն Վարպետները ներկայանում են որպես այդպիսիք տարբեր միջոցառումների ժամանակ, ինչպես Հայաստանում, այդպես էլ դրա սահմաններից դուրս: Սակայն, կարող եմ նշել, որ շարքային անդամները մտավախություն ունեն իրենց եւ իրենց ընտանիքների անվտանգության հանդեպ, քանի որ Հայաստանի հասարակության կողմից որմնադրությունն անհարկի ընկալվում է որպես սատանայական, սիոնիստական, մութ ուժերի կողմից կառավարվող եւ հայ ազգի նկատմամբ թշնամական կեցվածք ունեցող մի կազմակերպություն: Ինչ վերաբերում է պաշտոնյաներին կամ հայտնի մարդկանց, նշեմ, որ առանց տվյալ անձի թույլտվության որեւէ մեկը չի կարող հայտարարել նրա որմնադիր լինելու մասին, եթե նա ինքը չի հայտնել հասարակությանը: Մնացածը ասեկոսեներ են: Օթյակում բոլորը հավասար են՝ անկախ նրանից, թե աշխարհիկ կյանքում ինչով են զբաղված, կամ ինչ դիրք են զբաղեցնում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: