«Կինը լեզու սովորի ու դրսում աշխատի՞». եզդի կանանց իրավունքները լռում են հանուն ավանդույթների. medialab.am
Ինքնատիպ ավանդույթներով առանձնացող եզդի կանայք իրենց խստաբարո ամուսինների հայացքների համաձայն ապրում են վաղ ամուսնանալու, կրթություն չստանալու և չաշխատելու քարացած կարծրատիպերով: Ըստ medialab.am-ի՝ տան կենցաղային խնդիրներով զբաղվելն ու երեխաներին դաստիարակելը նրանց գլխավոր առաքելությունն է:
27-ամյա Մելինե Ամարյանն ամուսնացել է 16 տարեկանում և ունի մեկ աղջիկ: Ապրում է Արզնիում ամուսնու և սկեսրոջ հետ: Ամուսինը Երևանում շինարարությամբ է զբաղվում և ամեն տարի ամռանը մեկնում է Մոսկվա` խոպան:
«8-րդ դասարանից դուրս եմ եկել դպրոցից, իսկ հետո ցանկություն էլ չունեի սովորելու: Հիմա, որ երկրորդ երեխան ունենամ, մի քիչ մեծանա, վարսավիրություն կսովորեմ ու կաշխատեմ տանը»,- ասում է Մելինեն և հավելում, որ եզդի կանայք աշխատելու համար հիմնականում արհեստ են սովորում:
Նա նշում է, որ այժմ ընտանիքներ կան, որտեղ ամուսիններն այդքան էլ խիստ չեն և թողնում են, որ կինը կամ մայրն աշխատի. «Օրինակ` իմ սկեսուրն աշխատում է Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայում»,- ասում է նա:
Մելինեն ասում է, որ իրենք ավանդապաշտ են և ամուսնանում են միայն եզդի տղամարդկանց հետ: Իսկ գոնե ամուսնության առաջին 4-5 տարիներին, եթե ոչ մշտապես, անպայման պետք է ապրեն ամուսնու ծնողների հետ ու «հարսնություն» անեն:
«Երկար յուբկա, գույնզգույն ու փայլուն լաչակ հիմնականում տարիքով կանայք են հագնում: Հիմա ջահելներն էդպես չեն հագնվում, բայց արդեն 18-19 տարեկանից ամուսնանում են»,- ասում է Մելինեն:
Հարսանիքներին և, ընդհանրապես, տանը, իրենց ավանդույթի համաձայն, տղամարդիկ և կանայք առանձին են սեղան նստում հաց ուտելու: Իսկ հարսանիքին օրհնված խնձորը հարսի գլխին նետելը եզդիների ամենասիրելի ծիսակատարություններից մեկն է:
32-ամյա Նարեն, ով 3 երեխայի մայր է, կարծում է, որ ժամանակի ընթացքում այդ ավանդույթները կփոխվեն, ավելի կմեղմանան:
«Հավասարություն պետք է լինի, իհարկե, մեզ դուր չի գալիս, որ կանայք առանձին են նստում հաց ուտելու, տղամարդիկ` առանձին»,- ասում է նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Լիլիթ Առաքելյան
Լուսանկարը`Փիրուզա Խալափյանի