«Հողը տալիս է՝ գալիք սերունդների գլո՞ւխն ուտի» (տեսանյութ)
«Ասացին, թորքերը /ադրբեջանցիները-հեղ./ գալիս են, փախե՜ք, փախե՜ք»,- իր պատմությունը 1991 թվականի օգոստոսյան իրադարձությունների մասին այսպես է սկսում 76-ամյա Գրետա Պետրոսյանը:
«91-ի օգոստոսյան իրադարձություններ» ասվածի տակ նախկին Խորհրդային Միության այլ տարածքներում հասկանում են Մոսկվայում տեղի ունեցած հեղաշրջման փորձը: Արցախի նախկին իշխանանիստ բնակավայրերից մեկում՝ Հաթերքում, այդ հիշեցումն այլ բան է նշանակում:
Գրետա տատիկն այսօր էլ չի կարողանում բացատրել, թե ինչու էր ընդդիմանում, երբ երեւանյան գրանցում ունեցող որդին Արցախյան շարժման սկզբում հայտարարեց, որ ուզում է վերադառնալ գյուղ: Մոր սիրտ է, երեւի զգաց արհավիրքի շունչը: Որդին վաղուց էր ապրում Հայաստանի մայրաքաղաքում: Ժամագործ էր, հարսն էլ տեղացի:
Թվում էր՝ պիտի արմատավորվեր Երեւանում: Բայց ոչ երկու անչափահաս երեխաները, ոչ այն, որ շուտով բնակարան պիտի ստանային, ոչ հոր բարկությունը, ոչ էլ մոր պաղատանքները Ժորիկին Երեւանում չպահեցին: Անդրդվելի էր.
«Ես այստեղ ո՞նց քնեմ: Թորքը մտնի գյուղ՝ մորս վնասի»: Եկավ ծնողների մոտ: Որպեսզի մոր անհանգիստ աչքից հեռու լինի՝ տեղափոխվեց: Մարտունու շրջան գնաց: Այդտեղ առաջին անգամ ձերբակալվեց: Երբ ազատվեց, իրավիճակն ավելի էր լարվել, չհայտարարված պատերազմ էր: Քարվաճառի սահմանները պաշտպանող ֆիդայիներին հաց էր տանում եւ օրերից մի օր կրկին ձերբակալվեց: Տղաներին տարան Ումութլու: «Խոխաս 13 օր տանջվեց»,- արցունքն աչքին ասում է մայրը:
Այդ օրը խորհրդային բանակի զինվորները, զրահատեխնիկան մտան գյուղ:
«30-40 զինվոր էին: Մեր գյուղի կանայք դուրս եկան զինվորների առաջը: Նաեւ հարսս էր, աղջիկս: Զինվորներին գյուղացիները կալանավորեցին՝ պահանջելով ազատել տղաներին: Այդ իրադարձությունները մեծ արձագանք ստացան: Մոսկվայից էլ լրագրողներ եկան»:
Տատիկը, որ դեպքերի շարքը երբեմն շփոթում է, եկած լրագրողների անունները լավ է հիշում՝ Բալաշովը, Սվերդլովը: Արձագանքները շատ էին: Մոսկվան միջամտեց, Երեւանից «մեծամեծեր» եկան, տղաներն ազատ արձակվեցին:
Ժորիկի վիճակն այնքան վատ էր, որ առաջարկեցին Ֆրանսիայում բուժվել: Մայրը դեմ էր, ուզում էր որդու հետեւից գնալ, մենակ չթողնել: Որդին համոզեց, մենակ գնաց՝ բուժվելու: Բայց դրանից հետո էլ մոր՝ ետ պահող խոսքը մարտադաշտ ձգտող որդու համար օրենք չէր: Զոհվեց Կիչանում: Երբ իրենք, չկարողանալով պահել Հաթերքը, ստիպված են եղել նահանջել, գաղթել: Տիկին Գրետան այսօր էլ հիշում է, թե ինչպես Երեւանից եկած որդուն դիմավորեց իր որբ մանկության մասին հիշեցնելով, պատմելով, որ որբի կայնքը կյանք չէ, աղաչելով երեխաներին այդ ճակատագրին չդատապարտել: Սիրտը զգու՞մ էր, որ մի օր որդին պիտի իրեն պատգամեր արժանապատվորեն մեծացնել իր զավակներին:
«Մեծացրի»,- ցավով, բայց անթաքույց հպարտությամբ ասում է մայրը: Ժորիկի որդին արհեստավոր է, դուստրը համալսարան է ավարտել, հիմա Ֆրանսիայում է, բայց շուտով կգա:
Գյուղն ազատագրվելուց հետո տուն եկան: Ավերված էր, վառված: Կառուցեցին նորից: Զոհված որդու համար տուն պիտի կառուցեին պետական ծրագրով: Անորակ էին կառուցում: Իր բողոքների պատասխանը եղավ այն, որ շինարարությունը դադարեցրին: Օրվա դժվարությունների մասին զրույցն ինքնաբերաբար վերածվում է պատերազմի ու խաղաղության մասին բարձրաձայն մտորումերի:
«Սեւ մնա զինադադարը, որ սեւ է,- իր վրդովմունքը որդեկորույս մայրը պատճառաբանում է,-Սա խաղաղությո՞ւն է: Համարյա ամեն օր զոհերի մասին ենք լսում: Սա ի՞նչ խաղաղություն: Մենք խաղաղ ենք: Ի՞նչ ենք անում իրենց, որ կրակում են, սպանում են: Մեր զորքն ի՞նչ անի: Կռիվ սկսի՞: Երբ թոռս սահմանին հերթապահում է, սրտատրոփ սպասում եմ մինչեւ տուն կգա»:
«Սահմանի այն կողմում թշնամին է»,-ասում է համոզված: Ընտանիքի անդամները համամիտ են: Մայրը շարունակում է. «Իմ որդին սովորական զոհ չէր: Ես նույնիսկ նրա դիակը չեմ ստացել: Փակ դագաղ եմ հողին հանձնել: Ասում են այնպիսի վիճակում էր…»:
«Ասում են՝ համաձայնություն պիտի լինի, հողի հարց կա մեջտեղ: Ի՞նչ հող: Ո՞ւմ մտքով է դա անցել: Նա զավակ կորցրե՞լ է: Հողը տալիս է՝ գալիք սերունդների գլո՞ւխն ուտի: Ո՞վ է դա հնարել: Ոչ մի հողի կտոր թշնամուն, ի՞նչ տարածքների հանձնում, էդ ո՞վ պիտի ստորագրի այդ փաստաթղթի տակ, բա մեր այսքան զոհերը…. Ոչ մի դեպքում:.. Արյունով վերցրած հողերը չեն հանձնում։ Կպայքարենք մինչեւ վերջ՝ մինչ մահ: Թոռս կգնա, փեսաս կգնա, տղաս կգնա, հետո ինչ թոշակառու են արդեն… կգնան բայց ոչ մի հողի հանձնում չպիտի լինի»:
«Սահմանը բացվի, նորից առեւտուր լինի…Ի՞նչ զրույցներ են: Չեմ ուզում: Ի՞նչ բարեկամություն, գնալ-գալ… Ոչ նրա առեւտուրն եմ ուզում, ոչ մյուս բաները: Տեսել ենք արդեն: Մեր երկրում ի՞նչ չկա, որ գնալ-գալով պիտի ունենանք: Մասնագետ չունե՞նք, ապրանքներ չե՞նք արտադրում,-կնոջ ձայնում հեգնանք կա,-Սուտ զրույցներ են»։
«Մեր ղեկավարները, որ համերաշխ լինեն, միաբերան, ոչ ոք այդպիսի զրույցներ չի կարողանա անել»: Պատերազմ տեսած կինը պատերազմից վախենում է: «Սա խաղաղություն չէ դեռ: Երբ զոհեր ունենք, խաղաղություն չէ, երբ արտագաղթ կա Հայաստանում՝ դա խաղաղություն չէ: Մեր տան հարցերը պիտի լուծենք»:
Խաղաղությունը 76–ամյա կնոջ պատկերացումներով շատ պարզ նկարագիր ունի. գյուղերը շեն լինեն, երեխաներին լավ պահեն, տղաները ծառայությունը բարով ավարտեն գան իրենց ծնողների մոտ: Փոքրերն անփորձանք մեծանան:
Էրիկ Ավանեսյան
Տեսանյութը՝ Մարիամ Սարգսյանի