Քառյակը փրկեց Սերժ Սարգսյանին: Վլադիմիր Պուտինից
Ընթացիկ քաղաքական սեզոնը կարելի է փակված համարել: Ազգային ժողովն առաջիկայում ևս մեկ կամ մի քանի արտահերթ նիստ կգումարի՝ դեռևս օրակարգում մնացած հարցերի քննարկումն ու քվեարկությունը կազմակերպելու համար, ու կգնա վաստակած հանգստի: Դուբայ, Մոնակո, Բադեն-Բադեն թե Վենետիկ՝ քիչ կարևոր է:
Հատուկ չենք նշում՝ իշխանությունը կգնա արձակուրդի ու կգնա հենց այդպիսի հանգստավայրեր, որովհետև այն ծառայություններից հետո, որ ոչ իշխանությունը մատուցեց իշխանությանը, պետք չէ բացառել, որ նրանք հանգստի կմեկնեն միասին: Կամ իշխանությունը կֆինանսավորի ֆինանսական հնարավորություններ չունեցող ոչ իշխանականներին:
Ոչ իշխանական ուժերի ամենամեծ ու ամենավերջին ծառայությունն իշխանությանը ոչ թե անցած շաբաթ հրապարակված 12 կետանոց պահանջների բովանդակությունն է, իշխանությանը երջանկացնող բովանդակությունը, այլ դրանց համար իշխանությանը տրված ժամկետը՝ սեպտեմբերի վերջ:
Միանգամից ասենք՝ դա որևէ կապ չունի քաղաքական սեզոնի ավանդական պասիվացման, ամռան շոգերի հետ, թեև ոչ իշխանականները վստահաբար կօգտվեն նաև այդ հիմնավորումից՝ իրենց իշխանականությունն արդարացնելու համար:
Մինչև սեպտեմբեր վերջնաժամկետ սահմանելն իրականում կապված է առաջիկայում սպասվող կարևոր, Հայաստանի համար ճակատագրականության չափ կարևոր իրադարձությունների հետ, և հրաշալի քառյակն իրեն ի սկզբանե ապահովագրել է դրանց վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու անհրաժեշտությունից:
Խոսքը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին է: Աստանայում տեղի ունեցած տխրահռչակ գագաթաժողովի ժամանակ, ինչպես հայտնի է, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի շուրթերով Հայաստանին ժամանակ է տրվել մինչև հուլիսի 1-ը՝ «Խնդիրները կարգավորելու համար»:
Իսկ Նազարբաևին ու նրա միջոցով ժամանակ տվողներին՝ Պուտինին առաջին հերթին, ու Ալիևին, հավասարապես, հասկանալի է, հետաքրքրում են ոչ թե Հայաստանի համար մի քանի հարյուր ապրանքատեսակների գծով մաքսատուրքերի արտոնությունները, որոնք, ամենայն հավանականությամբ, չեն տրվելու, այլ ՀՀ-ի և Ղարաբաղի միջև մաքսակետը, որը, ամենայն հավանականությամբ, դրվելու է:
Որևէ ձևակերպմամբ: Ինչպես ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ են արդեն ասում, ավելի ճիշտ՝ ինչպես իշխանությունն է, որպես կանոն, անհասկ այդ պատգամավորների միջոցով հասկացնում՝ այդ մաքսակետը լինելու է «բուդկայի նման ինչ-որ բան», որից պետք չէ ողբերգություն սարքել:
Այսինքն՝ Հայաստանի իշխանությունն արդեն իսկ ներքին համաձայնություն տվել է մաքսակետ դնելու հարցում, քանի որ չէր կարող համաձայնություն չտալ որևէ պահանջի, որի կատարումը բխում է Պուտինի շահերից:
Ալիևին չնեղացնելու ռազմավարական խնդրին սպասարկող պուտինյան շահերից: Մի խոսքով, հիմա մի շրջան է, երբ Հայաստանի իշխանությանն անհրաժեշտ է հնարավորինս անաղմուկ անցկացնել մաքսակետի տեղադրման հարցը:
Քառյակն ապահովել է այդ խնդիրը՝ ժամանակ տալով մինչև սեպտեմբեր: Հիմա եթե, ասենք, հուլիսին կամ օգոստոսին Լաչինի միջանցքի սկզբնամասում սկսվեն «բուդկայի կառուցման աշխատանքները», և որևէ մեկը քառյակի ուժերից որևէ մեկին հարցնի՝ ինչո՞ւ աղմուկ չեք բարձրացնում, ինչո՞ւ չեք ընդվզում, նրանք իսկույն հղում կկատարեն 12 պահանջներին:
Եթե, իհարկե, լինեն Հայաստանում, Հայաստանում չլինելու դեպքում էլ որևէ ծովափում հասանելի լինեն լրագրողների համար: Իսկ ծովափն, ինչպես նշեցինք, կապահովի իշխանությունը: Հայաստանի: Գուցե նաև Ռուսաստանի: Բայց Հայաստանի իշխանության միջոցով: Կամ ոչ իշխանության՝ իշխանությունից ոչ պակաս հարուստ անդամների: Այլընտրանքի՝ այսինքն:
Ոչ իշխանական ուժերի ներկայացրած 12 կետանոց պահանջները, որոնց թվում արտաքին քաղաքականությանը վերաբերող որևէ իրական պահանջ չկար, իրականում սպասարկելու են արտաքին քաղաքական շահեր:
Ոչ Հայաստանի, բնականաբար: Այլ Հայաստանն արտաքին քաղաքականությունից վերջնականապես զրկելուն ուղղված շահեր: Քառյակի պահանջներն ու, ամենակարևորը՝ վերջնաժամկետը, օգնելու են իշխանությանն այդ գործում:
Հայաստանը հանձնելու գործում: Թե ո՞վ կվճարի հրաշալի քառյակին այդ ծառայության դիմաց՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Վլադիմիր Պուտինը, հետաքրքիր, սակայն արդեն տեխնիկական հարց է:
Կարևորը, որ սեպտեմբերի վերջին նրանք՝ իշխանությունն ու ոչ իշխանությունը, միասնաբար կնշեն այդ «գործի» հաղթանակը: Կնշեն առանձնակի շուքով ու լացացնող պաթետիզմով: Կնշեն՝ ամենայն հավանականությամբ, սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության տոնի օրը: Տոն, որը Հայաստանի իշխանությունն ու ոչ իշխանությունը դարձրեցին տարելից: