Քաղաքացիները խորհուրդ են տալիս կառավարությանը ՝ ուշադրություն դարձնել քառյակի պահանջներին (տեսանյութ)
168.am-ը հարցման միջոցով փորձեց պարզել՝ արդյո՞ք քաղաքացիները տեղյակ են քառյակի 12 կետերից բաղկացած պահանջագրի մասին, և եթե այո՝ ինչպե՞ս են վերաբերվում ներկայացված պահանջներին:
Կային մարդիկ, որոնք տեղյակ չեն 12 կետերի մասին կամ առաջին անգամ էին լսում: Իսկ հարցման այն մասնակիցները, որոնք տեղյակ էին քառյակի 12 պահանջների մասին, ասացին, որ կողմ են քառյակի այդ նախաձեռնությանը: Նրանցից շատերը այն տեսակետն ունեին, որ Հայաստանում այսօր միջին խավ չկա, կա միայն՝ ցածր և վերին:
«Ճիշտ բան են ներկայացրել: Իհարկե, եթե իշխանությունը խելոք լինի՝ դա կիրագործի», «Երկրի ղեկը միջին խավն է, չէ՞: Բայց ես այդ միջին խավը չեմ տեսնում: Շատ հարազատներ ունեմ, որ ստիպված են աշխատանքի համար գնալ արտերկիր: Եվ ունեցել ենք ընտանիքներ, որ քայքայվել են հենց այդ բերումով: Տան տղամարդը գնացել է դրսում աշխատելու, այնտեղ մնացել է, կնոջը, երեխաներին լքել՝ գնացել են: Դա շատ ցավալի հարց է»:
Նրանցից շատերը համարում են, որ այլևս չեն կարող այս վիճակում ապրել, և խորհուրդ են տալիս կառավարությանը ՝ ուշադրություն դարձնել այդ՝ 12 կետից բաղկացած պահանջներին և իրականացնել դրանք. «Եթե նորմալ կառավարություն ունենանք, այդ 12 կետերն էլ պետք է իրագործվեն: Հատկապես «գծերի», «պարտադիրի» հետ կապված»:
Հարցման որոշ մասնակիցներ իրենց առաջարկը ներկայացրեցին իշխանություններին, մասնավորապես՝ խնդրեցին հատուկ ուշադրություն դարձնել իրենց տեսանկյունից որոշ կարևոր հարցերի վրա. «Գյուղատնտեսության համար շատ ջանքեր կարելի է դնել: Բիզնես ստեղծելու», «Մարդիկ աշխատանք չունեն: Կապ չունի՝ Սահմանադրություն փոխեն… օրի մի հատ կարող են փոխել, հետո՞… Գործ պիտի արվի»: