
Աշխարհի առաջնություններում Բրազիլիայի առաջին ինքնագոլն ու Խորվաթիայի ամենամեծ հաշվով պարտությունը (տեսանյութ)

Sport-express.ru-ի փոխանցմամբ` Բրազլիայում մեկնարկած ֆուտբոլի 20-րդ Աշխարհի առաջնության առաջին հանդիպումն ընթացավ լարված պայքարում և ի հակառակ բուքմեյքերների սպասումների` խորվաթները կարողացան գրավել բրազիլացիների դարպասը, ընդ որում` դա արեցին խաղի սկզբնամասում, սակայն ոչ առանց տանտերերի օգնության:
Բրազիլիայի հավաքականի պաշտպան Մարսելուն դարձավ առաջին բրազիլացին, ով Աշխարհի առաջնության հանդիպումներում խոցեց սեփական դարպասը: Նրա ինքնագոլը գրանցվեց Խորվաթիայի հավաքականի հետ հանդիպման 11-րդ րոպեին և դարձավ Աշխարհի առաջնությունների ժամանակ գրանցված 34-րդ ինքնագոլը:
Չնայած բաց թողած գնդակին` Բրազիլիայի հավաքականը հանդիպումը շահեց 3:1 հաշվով: Աշխարհի առաջնություններում միայն 8 անգամ է գրանցվել նման դեպք, երբ ինքնագոլի հեղինակ դարձած թիմն արդյունքում շահում է խաղը:
Ընդ որում` խոշոր հաշվով հաղթանակներ տարել են Իտալիան (1970 թվականին 4:1 հաշվով հաղթել է Մեքսիկային) ու Հոլանդիան (1974 թվականին 4:1 հաշվով հաղթել է Բուլղարիային):
Ինքնագոլերն ամենաշատը գրանցվել են 1954, 1998 և 2006 թվականների մրցաշարերում` 4-ական իքնագոլ: Միևնույն ժամանակ Խորվաթիայի հավաքականը կրեց Աշխարհի առաջնություններում իր ելույթների պատմության մեջ խոշորագույն պարտությունը:
Մինչև հունիսի 12-ը խորվաթների պասսիվում առկա էր 5 պարտություն` բոլորն էլ մեկ գնդակի տարբերությամբ: Ուշագրավ է, որ խորվաթներն իրենց 4 Աշխարհի առաջնություններն էլ սկսել են Հարավային ու Հյուսիսային Ամերիկայի ներկայացուցիչների հետ հանդիպումով:
2006 թվականին նրանք Գերմանիայում անցկացված մրցաշարը բացեցին Բրազիլիայի հավաքականի հետ խաղով: Այն ժամանակ «գնդակի կախարդներին» հաջողվել էր տանել 1:0 հաշվով հաղթանակ: