Աշոտ Բլեյանի անդրադարձը Կիսելյովին. «Красные в городе, господа!»

Հայ-ռուսական խորհրդարանական բարեկամության վերջին նիստը և հատկապես ռուսաստանցի հաղորդավար Դմիտրի Կիսելյովի որոշ հայտարարություններ դարձել են հանրային լայն քննարկման առարկա: Ազգային ժողովում նույնիսկ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկ հնչեց նշված անձնավորությանը ՀՀ տարածքում հայտարարել անցանկալի անձ`«պերսոնա նոն-գրատա»: Թեմայի շուրջ 168.am-ը մի քանի հարց ուղղեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, Կրթության (Լուսավորության) նախկին նախարար Աշոտ Բլեյանին:

– Պարոն Բլեյան, Կրեմլի ամենահայտնի խոսափողներից մեկը` Դմիտրի Կիսելյովը, Հայաստանի խորհրդարանում` հայ պատգամավորների հետ զրույցում իր դժգոհությունն է հայտնում, թե Հայաստանում գրեթե չկան ռուսաց լեզվի դպրոցներ, ռուսերենը «հեռացող երևույթ է Հայաստանում, հետևաբար ռուսական մշակույթը ևս հեռանում է»: Նույնիսկ հավատացնում է, թե Երևանում շրջել է տաքսիով, իսկ վարորդը ռուսերեն չի իմացել: Սրանում կա՞ որևէ վտանգ հայոց լեզվի համար: Սա պետք է համարել կայսերապաշտության ինչ-որ դրսևորո՞ւմ, թե՞ Կիսելյովն անկեղծորեն մտահոգված է, որ հայերը լավ իմանան ռուսերեն, որպեսզի չկտրվի երկու ժողովուրդների միջև կապը:

– Իմ իմացած միակ օտար լեզվով սկսեմ. «Концерт только начинается. То ли еще будет. Ой, ой, ой»… Սուվերեն հանրապետության ներքին գործերին այս տեսակ միջամտություններին պետական արձագանքի պահանջ է ներկայացրել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Այս առումով ավելացնելու բան չունեմ։
Զուտ կրթական մասով. այսօր, ըստ ԿԳՆ պաշտոնական տեղեկատվության, Հայաստանում գործում է ռուսերեն լեզվով ուսուցման պետական հանրակրթական 42 դպրոց` Երևանի 12 վարչական շրջաններում` 18, ՀՀ մարզերում, գյուղական և քաղաքային 24 դպրոց (ում հետաքրքիր է` կարող է նայել այստեղ.): Այս 42 դպրոցները գործել և գործում են լեզվի մասին ՀՀ օրենսդրության` Սահմանադրության, «Լեզվի մասին», «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներին հակառակ։

Հայաստանի մայրենի լեզվով ուսուցմամբ բոլոր գյուղական և քաղաքային դպրոցներում նախարարության պարտադրած օրինակելի ուսումնական պլանով ռուսերենը` որպես պարտադիր օտար լեզու, ուսուցանվում է 2-ից 12-րդ դասարաններում անհրաժեշտից ավելի։ Իսկ ավագ դպրոցներից շատերում և տասնյակ հիմնական դպրոցներում իրականացվում է ռուսերենի խորացված ուսուցում։

Կարդացեք նաև

Օտար լեզվի դասավանդման արդյունավետության մասին կարելի է և, իհարկե, պետք է խոսել, բայց ոչ միայն և ոչ այնքան ռուսերենի։ Հայաստանցիները անգլերենի իրենց այսօրվա լավ կամ վատ իմացությամբ, այդ թվում՝ ընդունելության քննության արդյունքներով, հանրակրթական դպրոցի՞ն են պարտական։

Անգլերենի դրվածքն ավելի լա՞վ է, թեև պարտադիր ուսուցանվում է դպրոցների մեծ մասում՝ սկսած 3-րդ դասարանից։

Պարոն Կիսելյովը և Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որ ծառայություն է իրականացում, ինչո՞ւ չէին կարող անգլերեն խոսել։ Պարոնը հայերեն չգիտեր` լավ, իսկ անգլերենը պարտադիր օտար լեզու չէ՞ր իր համար։
Ինչո՞ւ չենք խոսում ֆրանսերենի, գերմաներենի, իսպաներենի` դպրոցից անընդհատ դուրս շպրտվող վիճակի մասին, կամ այն մասին, որ Հայաստանի դպրոցներից վրացերենի և թուրքերենի ուսուցում իրականացվում է, որքան գիտեմ, միայն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Հարևան ժողովուրդները Հայաստանի Հանրապետության համար կարևոր չե՞ն, որ ավելի լուրջ վերաբերվենք դրան։

Բուհերն ամեն տարի ավարտող ֆրանսերենի, իսպաներենի, գերմաներենի հազարվոր մասնագետները օտար լեզուների ուսուցման այսպիսի միակողմանի (ռուսաթեքում) կազմակերպմամբ կշարունակեն մնալ չպահանջված՝ գործազուրկ։ Սրա մասին խոսեք. սա կիսելյովների թեման չէ։

Տեղն եկավ՝ հիշեցնեմ, որ հանրակրթական դպրոցներում ավելի լավ չէ նաև մյուս հանրակրթական դասընթացների դասավանդման վիճակը։ Ասենք` որ անցնում են, ու գնահատանիշներ են դրվում, ի՞նչ են տալիս նրանք սովորողին։ Իսկ դրանց մեջ ամենամտահոգիչը, իմ կարծիքով, հենց մայրենիի վիճակն է՝ անկենդան, արհեստական, ռուսահպատակ մեդիայից դուրս մղված, նորից ռուսա-անգլերենով նվաստացված։
Ավարտեմ ասելիքս ռուս հայտնի մանկավարժ Ուշինսկու խոսքի փոխադրությամբ՝ շատ ավելի կարևոր է, որ մարդ մայրենիով խելացի միտք ասի, քան թե տասնյակ լեզուներով հիմարություններ դուրս տա։

– Ձեր կարծիքով` ինչի՞ մասին է վկայում այսպիսի գործիչներին Հայաստանի խորհրդարանում ԱԺ փոխնախագահի մակարդակով ընդունելը: Ինչո՞ւ ենք մենք այդքան զգայուն հատկապես ռուսերենի հարցում:

– Իմ իմացած ռուսերենով ասեմ. «Красные в городе, господа!»։

 

Տեսանյութեր

Լրահոս