ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների արդեն երկրորդ խոշոր բացթողումն ընթացիկ տարում. Foreign Policy
Ամերիկյան Foreign Policy պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները հանկարծակիի են եկել այն բանից հետո, ինչ «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման զինյալներն այս շաբաթ Իրաքում գրավեցին երկու խոշոր քաղաք և փախուստի մատնեցին Իրաքի զինված ուժերին:
Այս մասին երեկ հայտարարել են ամերիկացի պաշտոնյաները: Դա հարկադրում է հիշել ոչ վաղ անցյալում հետախուզության մեկ այլ բացթողումը. այս տարվա փետրվարին ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները չկարողացն կանխատեսել ռուսական ներխուժումը Ղրիմ:
Այս երկու իրադարձությունները, ամենայն հավանականությամբ, կառաջացնեն հարցեր, թե որքանով է նպատակահարմար տարեկան տասնյակ միլիարդներ (50 միլիարդ) ծախսել համայն աշխարհի թեժ կետերի նկատմամբ պարբերական դիտարկում հաստատելու համար, և էլ ի՞նչ կարող է վրիպել հետախույզների աչքերից:
Ամերիկացի գործող ու նախկին պաշտոնյաների խոսքերով՝ ԿՀՎ-ը պահպանում է իր ներկայությունը Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատանը, սակայն նա 2011 թվականի դեկտեմբերին ամերիկյան զորքերի կողմից Իրաքը լքելուց հետո հիմնականում դադարել է երկրի ներսում ղեկավարել լրտեսական ցանցերը:
Հետախուզական կառույցները հարկադրված են «Լևանտում ու Իրաքում իսլամական պետության» նման կառույցներին հետևել արբանյակային լուսանկարների ու խոսակցությունների գաղտնալսման միջոցով:
Սակայն դրանք գործնականում անօգուտ մեթոդներ են, քանի որ զինյալներն իրենց հաղորդագրություններն ուղարկում են սուրհանդակների միջոցով և տեղաշարժվում են այնքան փոքր խմբերով, որ նրանք հեշտությամբ միահյուսվում են քաղաքացիական բնակչության հետ:
Ռուսաստանի կողմից Ղրիմի գրավումը նույնպես անակնկալ հանդիսացավ ամերիկացի հետախույզների համար, քանի որ Ազգային անվտանգության գործակալության կիրառած էլեկտրոնային բարդ համակարգերը, որոնք տեղեկատվություն են որսում, քիչ օգուտ տվեցին:
Դրա պատճառն այն էր, որ Ռուսաստանի զինված ուժերը սահմանափակել էին հեռախոսազրույցներն ու կիրառում էին ջիհադականների մեթոդիկան՝ մեկ զորամասից մյուսն ուղարկելով սուրհանդակների: