Աշխարհահռչակ Սթիվեն Հոքինգը կմասնակցի Գարիկ Իսրաելյանի նախաձեռնած «Starmus» փառատոնին
Ճանաչված հայազգի աստղաֆիզիկոս, Instituto de Astrofisica de Canarias (IAC)` Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գարիկ Իսրայելյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 22-27-ին Կանարյան կղզիներում կմեկնարկի «Starmus» գիտական երկրորդ փառատոնը, որին կմասնակցի հանրահայտ բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան, տիեզերագետ Սթիվեն Հոքինգը (Stephen Hawking): Գարիկ Իսրաելյանը վերջերս Քեմբրիջում հանդիպել է բրիտանացի գիտնականին, և հանդիպման ընթացքում աշխարհահռչակ գիտնական Սթիվեն Հոքինգը ցանկություն է հայտնել ներկա գտնվել փառատոնին: Այդպիսով, այս տարի «Սկիզբը. Ժամանակակից տիեզերքի ձևավորումը» (Beginnings: The Making of the Modern Cosmos) խորագրի ներքո կայանալիք փառատոնը կբացվի հենց տեսական ֆիզիկայի բնագավառում ժամանակակից ամենաազդեցիկ և ամենահայտնի գիտնականներից մեկի՝ Սթիվեն Հոքինգի ելույթով:
Հիշեցնենք, որ 2011թ. մարտին տեղի ունեցավ «Starmus» առաջին փառատոնը, որը գիտական, երաժշտական և գեղարվեստական իրադարձություն է: Նորաստեղծ «Starmus»-ի մեկնարկը նվիրված էր առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի թռիչքի 50-ամյակին: Այդ օրերին աշխարհահռչակ գիտնականները, տիեզերագնացները և երաժիշտներն ամբողջ աշխարհից հավաքվել էին Կանարյան կղզիներում: Փառատոնին ներկաների շարքում էր նաև ամերիկացի լեգենդար տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգը (Neil Armstrong): Նա առաջին մարդն էր, ով 1969 թ. հուլիսի 20-ին ոտք դրեց Լուսնի վրա: Նա կյանքից հեռացավ օգոստոսի 25-ին` 82 տարեկան հասակում:
«Starmus» առաջին փառատոնի ընթացքում շատ-շատերը չէին հավատում, նույնիսկ չէին կարող պատկերացնել, որ ամերիկացի լեգենդար տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգը կարող է համաձայնել և մասնակցել, զեկույցով հանդես գալ փառատոնին, քանի որ նա, որպես կանոն, հայտնի էր՝ որպես չափազանց փակ մարդ, ոչ մի տեղ չէր գնում ու զեկուցումներով հանդես չէր գալիս, մերժում էր բոլոր հրավերները: Նա նույնիսկ մերժել էր ՌԴ նախագահ Վ. Պուտինի հրավերը՝ Մոսկվայում Յուրի Գագարինի թռիչքի 50-ամյակին նվիրված պետական միջոցառմանը մասնակցելու համար՝ այն համարելով քաղաքականացված միջոցառում: Իսկ «Starmus» առաջին փառատոնի հրավերը նա սիրով ընդունեց, քանի որ այն զուտ գիտական, գիտությանը նվիրված իրադարձություն է:
Փառատոնին մասնակցում էին աշխարհահռչակ տիեզերագնացներ, գիտնականներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, երաժիշտներ, ֆիզիկոսներ, կենսաբաններ և այլք:
Զեկույցներով հանդես եկան 1965թ. բաց տիեզերք դուրս եկած տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը, «Ապոլոն-8» տիեզերանավի տիեզերագնաց Բիլլ Անդերսը (Bill Anders), ով 1968թ. դեպի Լուսին թռիչքին մասնակցեց, Չառլի Դյուկը (Charlie Duke)` «Ապոլոն-16»-ից, Ջիմ Լովելլը (Jim Lovell)` «Ապոլոն-13» տիեզերանավի հրամանատարը, ում շատերը հիշում են 1970թ. թռիչքից` իր հայտնի արտահայտությամբ` «Հյուսթոն, մենք խնդիր ունենք», որը նա ասաց ուժգին պայթյունից հետո: Այնտեղ էր Վիկտոր Գորբատկոն, Յուրի Բատուրինը, Ջորջ Սմիթը (George Elwood Smith), Կիպ Տորնը (Kip Thorne), Ռոբեր Ուիլյամսը (Robert Williams), Ջեկ Շոստակը (Jack Szostak), Ջիլլ Թարթերը (Jill Tarter), Միշել Մայորը (Michel Mayor), Բրայան Մեյը (Brian May), Սամի Սոլանկին (Sami Solanki), Ռոբերտ Ուիլսոնը (Robert Wilson), Ադամ Բարրոուզը (Adam Burrows), Ջորջ Սմութը (George Smoot), Լեսլի Սեյջը (Leslie Sage), Ջոզեֆ Սիլքը (Joseph Silk) և շատ-շատերը: Տիեզերագնացները պատմում էին իրենց ապրումների, հուզմունքների և առաջին զգացողությունների մասին:
Եվ ահա, «Starmus» երկրորդ փառատոնին զեկույցով հանդես կգա աշխարհահռչակ գիտնական Սթիվեն Հոքինգը, ով դարձյալ շատ հազվադեպ է որևէ իրադարձության մասնակցում: «Ինձ համար չափազանց կարևոր էր, որ պրոֆեսոր Հոքինգը տրամադրեց իր թանկագին ժամանակից` քննարկելու փառատոնի անցկացման հետ կապված մի շարք կարևոր, բովանդակային հարցեր: Չնայած մեր հանդիպմանը, երկարատև զրույցին՝ չեմ հավատում, որ ինձ հետ կապվել է գիտության ոլորտում բոլոր ժամանակների հերոսներից մեկը` Սթիվենք Հոքինգը, և տվել իր համաձայնությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գարիկ Իսրաելյանը:
Ս. Հոքինգը 20 տարեկանում ավարտելով Օքսֆորդի համալսարանը՝ սկսել է զբաղվել տեսական ֆիզիկայով: Այդ ժամանակից նրա մոտ սկսում են հայտնվել Amyotrophic lateral sclerosis (abbreviated ALS ), Боковой амиотрофический склероз (БАС) կոչվող հիվանդության նախանշանները: Այդ հիվանդությունը հայտնի է նաև՝ ինչպես շարժիչային նեյրոնների հիվանդություն: Դանդաղորեն զարգանալով՝ այն ախտահարում է ողնուղեղի նեյրոնները, գլխուղեղի թաղանթը՝ առաջացնելով կաթված և մկանների ատրոֆիա: 1985 թ. կոկորդի վիրահատությունից հետո նա կորցնում է խոսելու ունակությունը: Ընկերների նվիրած ձայնային սինթեզատորն ամրացնում են Հոքինգի սայլակին, և նա ձեռք է բերում արտահայտվելու հնարավորություն: Շարժվելու որոշ ունակություն է պահպանում նրա աջ ձեռքի ցուցամատը, որի օգնությամբ նա կարողանում է ղեկավարել համակարգիչը և շփվել շրջապատի հետ: Չնայած ծանր հիվանդությանը, Հոքինգն ակտիվ ստեղծագործական կյանք է ապրում: 2007թ. ապրիլի 7-ին նա նույնիսկ փորձնական թռիչք կատարեց անկշռության պայմաններում (հատուկ ինքնաթիռով):
Ըստ Հոքինգի՝ մարդն էվոլյուցիոն զարգացման գագաթնակետին չի գտնվում և դեռ պետք է կատարելագործվի գիտատեխնիկական ձեռքբերումների միջոցով: 2010թ. համեմատելով գիտությունը և կրոնը, նա հայտարարել է. «Արմատական տարբերություն կա դոգմաների վրա հիմնված կրոնի և դիտարկումների ու տրամաբանության վրա հիմնված գիտության միջև: Գիտությունը կհաղթի, քանի դեռ աշխատում է»:
Իր վերջին՝ «The Grand Design» աշխատության մեջ նա պնդում է, որ տիեզերքը ստեղծելու համար բնավ «արարիչ» պետք չէր, «քանի դեռ գոյություն ունի այնպիսի ուժ, ինչպիսին գրավիտացիան է: Տիեզերքը կարողացավ և ստեղծեց ինքն իրեն ոչնչից»: Սթիվեն Հոքինգի «Ժամանակի հակիրճ պատմություն»՝ տիեզերքի գաղտնիքները բացահայտող գիրքը համարվում է աշխարհում այն քիչ գրքերից մեկը, որը փոխել է աշխարհը:
«Starmus» փառատոնի խորհրդատվական խմբի-կազմխորհրդի անդամներն են` տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը (Ռուսաստան), աստղաֆիզիկոս, «Queen» խմբի կիթառահար, Լիվերպուլի Ջոն Մուրի անվ. համալսարանի ռեկտոր Բրայան Մեյը (Մեծ Բրիտանիա), Կանարյան կղզիներում Աստղաֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Ֆրանցիսկո Սանչեսը (Իսպանիա), Միջազգային աստղագիտական միության (IAU) նախագահ Ռոբերտ Ուիլյամսը (ԱՄՆ) և Գարիկ Իսրաելյանը:
Տեղեկացնենք նաև, որ օրերս Գարիկ Իսրաելյանն արժանացել է Կանարյան կղզիների բարձրագույն պարգևին՝ Ոսկե մեդալին, որն ամեն տարի շնորհվում է այն մարդկանց կամ կազմակերպություններին, որոնք նշանակալի ավանդ են ունեցել Կանարյան կղզիների կյանքում: Պարգևը հանձնել է Կանարյան կղզիների նախագահ Պաուլինո Ռիվերոն:
Ի դեպ, 2002թ. Կանարյան կղզիների իշխանությունները Գ. Իսրաելյանին պարգևատրել էին Պատվո շքանշանով, իսկ Իսպանիայի Խուան Կառլոս թագավորը նրան շնորհել էր պատվավոր քաղաքացու կոչում և հատուկ կարգավիճակ այդ երկրում: