«Նիլ Արմսթրոնգն իմ ճանաչած ամենահամեստ մարդն էր» (լուսանկարներ)
2011թ. մարտի 21-26-ը Կանարյան կղզիներում` Տեներիֆեում տեղի ունեցավ Starmus փառատոնը. յուրօրինակ գիտական, երաժշտական և գեղարվեստական իրադարձություն` Իսպանիայի տուրիստական և աստղագիտական դրախտում: Նորաստեղծ Starmus փառատոնի մեկնարկը նվիրված էր առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի թռիչքի 50-ամյակին: Հիշեցնենք, որ Գագարինի լեգենդար թռիչքը տեղի է ունեցել 1961թ. ապրիլի 12-ին: Այդ օրերին աշխարհահռչակ գիտնականները, տիեզերագնացները և երաժիշտները ամբողջ աշխարհից հավաքվել էին Կանարյան կղզիներում: Փառատոնին ներկաների շարքում էր նաև ամերիկացի լեգենդար տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգը (Neil Armstrong): Նա առաջին մարդն էր, ով 1969 թ. հուլիսի 20-ին ոտք դրեց Լուսնի վրա: Հիշեցնենք, ամերիկացի լեգենդար տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգը կյանքից հեռացավ օգոստոսի 25-ին` 82 տարեկան հասակում:
Starmus փառատոնի մտահղացման հեղինակը և գլխավոր կազմակերպիչը Instituto de Astrofisica de Canarias (IAC)` Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, աստղաֆիզիկ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գարիկ Իսրաելյանն է:
Հիշեցնենք, որ մի քանի հայտնագործությունների հեղինակ, միջազգային մեծ ճանաչում ունեցող մեր հայրենակից Գարիկ Իսրաելյանը՝ շվեյցարացի խոշոր գիտնական, աստղաֆիզիկոս Միշել Մայորի և Նունո Սանտոսի հետ, արժանացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից սահմանված` Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակին: Գ. Իսրաելյանը տիեզերքում սև խոռոչների գոյացման մասին Ջոն Մայքլի նախնական գաղափարի հայտարարումից 200 տարի հետո ղեկավարեց մի աշխատախումբ, որն ապացուցեց սև անցքերի առաջացման սուպերնովա պայթյունների հիմնարար դերը, ինչը պրոֆեսոր Հանս Բեթհեի (ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր) գնահատմամբ` «Վերջին տասնամյակի կարևորագույն հայտնագործությունն է աստղաֆիզիկայում»: 2002թ. Կանարյան կղզիների իշխանությունները Գ. Իսրաելյանին պարգևատրեցին պատվո շքանշանով, իսկ Իսպանիայի Խուան Կառլոս թագավորը նրան շնորհեց պատվավոր քաղաքացու կոչում և հատուկ կարգավիճակ այդ երկրում:
168.am-ը զրուցել է հայազգի միջազգային ճանաչում ունեցող գիտնական, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի հետ` Նիլ Արմսթրոնգի և Starmus փառանոնին նրա մասնակցության մասին:
– Կպատմե՞ք՝ ինչպե՞ս Նիլ Արմսթրոնգը 2011թ. համաձայնեց մասնակցել Ձեր կազմակերպած Starmus փառատոնին: Որևէ մեկը, որքան մեզ հայտնի է, մինչև վերջին պահը չէր հավատում, որ Արմսթրոնգը կմասնակցի փառատոնին, քանի որ նա հիմնականում հրաժարվում էր հրապարակային միջոցառումներից:
– Կարծում եմ՝ դրա համար մի քանի պատճառներ կային: Նախևառաջ՝ փառատոնը միակ խոշոր միջազգային փառատոնն էր, որը նվիրված էր Յուրի Գագարինի թռիչքի 50- ամյակին, իսկ փառատոնի զեկուցողների կազմը գիտական ուղղվածություն ուներ: Փառատոնին ոչ միայն տիեզերագնացներ էին մասնակցում, այլև տարբեր գիտնականներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, երաժիշտներ և այլք: Այսինքն՝ փառատոնի միջոցով մենք ցույց էինք տալիս, որ առաջին մարդու թռիչքը տիեզերք զուտ տիեզերագնացության խնդիր և նվաճում չէր, այլ ավելի լայն` համամարդկային կարևորություն ուներ և համամարդկային նվաճում է: Աշխարհի մի քանի այլ վայրերում ևս միջազգային մակարդակով փոքրիկ միջոցառումներ էին կազմակերպվել՝ նվիրված Գագարինին, տարբեր ցուցահանդեսներ, և այլն, սակայն այդ բոլորը միշտ կազմակերպվել է շատ նեղ մասնագիտական խմբերի` զուտ տիեզերագնացների համար:
Starmus-ի դեպքում խնդիրն այլ էր: Մեր փառատոնին մասնակցում էին նոբելյան մրցանակակիրներ, ֆիզիկոսներ, կենսաբաններ և այլք, մենք ընդլայնեցինք մասնակիցների շրջանակը և դրանով իսկ ցույց տվեցինք, որ առաջին մարդու թռիչքը համամարդկային արժեք է, և ոչ թե միայն նեղ` տիեզերագնացության հետ կապված ձեռքբերում է: Չէ՞ որ խոսքն այն մասին է, որ հազարամյակների պատմության մեջ առաջին անգամ մարդը կարողացավ երկրագնդից թռչել, ինչը, իմ կարծիքով, ամբողջ մարդկության պատմության մեջ ամենակարևոր իրադարձությունն է:
Դրանից ավելի կարևոր իրադարձություն ես մարդկության պատմության մեջ ուղղակի չեմ տեսնում: Իհարկե, բազմաթիվ խոշոր հայտնագործություններ են եղել, որոնք առաջ են մղել մարդկությանը, օրինակ ՝ էլեկտրականության հայտնագործումը, միջուկային էներգիան, բջջի հայտնագործումը, ԴՆԹ-ի հայտնագործումը, և այլն, բայց մարդու տիեզերք թռչելու փաստը շատ ավելի գլոբալ երևույթ էր մարդկության պատմության մեջ: Այդ իսկ պատճառով՝ Գագարինի թռիչքի հոբելյանը պետք էր նշել բոլորովին ուրիշ ձևով` շատ ավելի հզոր, շատ ավելի խորը, ու Starmus փառատոնի իմաստը հենց դա էր, ու ես այդ ինֆորմացիան փորձեցի հաղորդել Ամսթրոնգին:
Նամակ գրեցի նրան ու բացատրեցի, որ ես չգիտեմ` քաղաքական այս կամ այն գործիչները ինչ և ինչպիսի միջոցառումներ են կազմակերպում՝ Գագարինի թռիչքին նվիրված, բայց մենք գիտնականներ ենք, և ես կարծում եմ, որ պետք է բոլորովին այլ կերպ նշել թռիչքի 50-ամյակը: Նրան ներկայացրեցի իմ մտահղացումը, նախագիծը, ծրագիրը, ու դա իրեն շատ դուր եկավ, և նա հաստատեց իր մասնակցությունը մեր փառատոնին:
– Տեղյակ ենք նաև, որ Արմսթրոնգը, փաստորեն, մինչ այդ մերժել էր անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը, երբ Ռուսաստանում պետականորեն նշվում էր Գագարինի թռիչքի տարելիցը: Իսկ Starmus-ին նա համաձայնեց մասնակցել:
– Ինքը մերժում էր բոլոր հրավերները, որովհետև ինքը չէր սիրում, երբ իրեն ինչ-որ միջոցառումների մասնակցելու հրավերներ էին ուղարկում միլիոնատերերը կամ քաղաքական գործիչները: Արմսթրոնգը նրանց հետ երբեք չէր սիրում գործ ունենալ: Բոլոր քաղաքական հրավերները մերժում էր և այդ իսկ պատճառով՝ նա ընդհանրապես հայտնի էր որպես չափազանց փակ մարդ, ոչ մի տեղ չէր գնում ու զեկուցումներով հանդես չէր գալիս:
Այո, նա Ռուսաստան չգնաց. պետական շրջանակներից նրան հրավիրել էին մասնակցելու Գագարինի թռիչքի 50-ամյակին, որը Կրեմլում նշվեց շատ մեծ հանդիսավորությամբ: Նա և տիեզերագնացության ոլորտի բազմաթիվ այլ կարևոր դեմքեր չգնացին Ռուսաստան: Չգիտեմ, միգուցե դա քաղաքական պատճառներ ուներ, կամ գուցե պատճառն այն էր, որ նրանց պարզապես ուշ էին տեղեկացրել այդ մասին: Ես համոզված եմ, որ Արմսթրոնգը, բոլոր դեպքերում, չէր մասնակցի, որովհետև ինքը մեր հանդիպման ժամանակ մի քանի անգամ նշեց, որ քաղաքական բոլոր հրավերները մշտապես մերժել է: Ես դա գիտեմ, քանի որ Starmus-ին մասնակցելուց հետո նա կրկին պաշտոնապես հրավեր էր ստացել Ռուսաստան գնալու համար, բայց կրկին մերժել էր: Մեզ համար մեծ պատիվ էր նրա մասնակցությունը, և անմոռանալի պատմական փաստ է նաև այն, որ նա մասնակցեց Starmus-ի գիտական կլոր սեղանին:
Մեծ պատիվ է, որ երկար տարիների դադարից հետո նա առաջին անգամ հենց իմ կազմակերպած Starmus փառատոնին մասնակցեց ու զեկուցում կարդաց:
Մենք հիմա փառատոնի մասնակիցների զեկույցների գիրքն ենք պատրաստում տպագրության: Նա իր համաձայնությունն էր տվել իր զեկույցը տպագրելու համար: Դա ևս բացառիկ հնարավորություն է, քանի որ 30 տարվա մեջ ոչ մի հոդված նա չէր տպագրել, առաջին անգամ մեր գրքում լույս կտեսնի նրա գիտական զեկույցը: Նա պատմում էր համամարդկային արժեքների մասին, և թե որքան կարևոր էր մարդու` տիեզերք թռչելու փաստը, և հույս էր հայտնում, որ 20-րդ դարը տեխնոլոգիաների զարգացման դար է, բայց 21-րդ դարը մարդկության համար կճանաչվի՝ որպես մարդկային արժեքների զարգացման դար, որովհետև նա համաձայն էր այն մտքի հետ, որ, չնայած մարդկությունը զարգացել է տեխնիկայի շնորհիվ, բայց հոգևոր արժեքները շատ հին են մնացել, այսինքն՝ մարդը, որպես հոգևոր էակ, շատ չի զարգացել:
– Ի՞նչ տպավորություններ ունեցաք Նիլ Արմսթրոնգի հետ հանդիպումից:
– Արմսթրոնգի մասին ամենակարևոր և առաջին տպավորությունս այն էր, որ նա, թերևս, իմ կյանքում հանդիպած մարդկանցից ամենահամեստ մարդն էր: Ամեն հարցում` համեստ, զուսպ, հավասարակշռված, շատ խորը, շատ բարձր, մեծատառով մարդ էր, ինչը չի կարելի ասել բազմաթիվ այլ տիեզերագնացների դեպքում: Նա Լուսնի վրա առաջինը ոտք դրած մարդն էր, որին ճանաչում է ամբողջ աշխարհը: Բայց լինելով նման ճանաչում և գիտական, հոգևոր մեծ ներուժ ունեցող լեգենդար անձնավորություն` նա չափազանց համեստ էր: Այն աստիճանի համեստ, որ նույնիսկ փառատոնի ընթացքում հրաժարվեց հատուկ իր համար նախատեսված ավտոմեքենայից օգտվել: Նա ավտոբուսով էր շրջում` փառատոնի մյուս մասնակիցների հետ միասին: