Ջեմիլ Չիչեքը Թուրքմենստանին ու Ուզբեկստանին կոչ է արել անհապաղ անդամակցել Թյուրքալեզու երկրների ԽՎ-ին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը Բաքվում Թյուրքալեզու երկրների Խորհրդարանական վեհաժողովի հինգերորդ նիստում Թուրքմենստանին ու Ուզբեկստանին կոչ է արել անհապաղ անդամակցել Թյուրքալեզու երկրների Խորհրդարանական վեհաժողովին:

Չիչեքն ընդգծել է, որ այդ կառույցը հանդիսանում է միասնական համատեղ կազմակերպություն, որը միջազգային արենայում հնչեցնում է թյուրքալեզու երկրների կարծիքը. «Մենք երազում ենք մեզանում տեսնել նաև եղբայրական այլ երկրների, ինչը կօգնի էլ ավելի արագ հասնել մեր նպատակներին»:

Միևնույն ժամանակ Ջեմիլ Չիչեքն ափսոսանք է հայտնել, որ տարակարծություններ կան կառույցին ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության (ՀԿԹՀ) անդամակցության շուրջ. «Մենք ցանկանում էին մեր շարքերում տեսնել նաև ՀԿԹՀ-ը: Սակայն դրա հետ կապված տարակարծություններն ափսոսանք են հարուցում»:

Ներկա դրությամբ Թյուրքալեզու երկրների Խորհրդարանական վեհաժողովի կազմում ներառված են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանն ու Ղրղզստանը:

Հիշեցնենք, որ թյուրքալեզու վեցերորդ երկիր համարվող Ուզբեկստանը վարում է թուրքական ազդեցության զսպման կոշտ քաղաքականություն: Ուզբեկստանի ղեկավարությունը մասնավորապես պայքարում է Թուրքիայի տնտեսական և մշակութային ազդեցության դեմ:

Մի քանի տարի առաջ, երբ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովը Տաշքենդի օդանավակայանում դիմավորում էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին, կատակով ասել էր. «Նեղաչյաներն այստեղից հեռացան ձիերով, կապուտաչյաները վերադարձան ինքնաթիռով»: Դա Թուրքիայում բուռն քննարկումների տեղիք էր տվել: 

Ինչ վերաբերում է  Թյուրքալեզու երկրների Խորհրդարանական վեհաժողովի կազմում ինքնահռչակ ՀԿԹՀ-ին ներառելուն, ապա կարելի է կարծել, որ դրան դեմ է արտահայտվում Ադրբեջանը:

Դեռևս 2012 թվականի գարնանը թուրքական Cumhuriyet թերթին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը հայտարարել էր, որ պաշտոնական Բաքվի կողմից ինքնահռչակ ՀԿԹՀ-ի չճանաչումը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի գործոնով.

«Միջազգային հանրությունը չի ճանաչում ԼՂՀ-ն: Եթե Բաքուն ճանաչի ՀԿԹՀ-ն, ապա դա կունենա հակառակ էֆեկտը: Արդեն դրա հաջորդ օրը Հայաստանի դաշնակիցները կհայտարարեն ԼՂՀ-ի ճանաչման մասին: Ադրբեջանի կառավարությունը մեծ պլաններ ունի՝ կապված ՀԿԹՀ-ի հետ: Սակայն դրանց իրագործումը հնարավոր է միայն Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո»:

Իսկ 2011 թվականի հուլիսի վերջերին Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը Բաքվում թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ եթե Ադրբեջանը ճանաչի ՀԿԹՀ-ն, ապա միանգամից 15 պետություն կճանաչի ԼՂՀ-ը։

Տեսանյութեր

Լրահոս