Բաժիններ՝

Հարցում. «Ռուսերենի իմացությունը պարտադիր չէ» (տեսանյութ)

Երեկ խորհրդարանում տեղի ունեցած Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի հերթական նիստի ժամանակ «Россия сегодня» պետական լրատվական գործակալության գլխավոր ղեկավար Դմիտրի Կիսելյովը հայտարարել է, որ եթե Հայաստանում ռուսաց լեզվին ավելի մեծ տեղ չտրվի, ապա Հայաստանի անվտանգությունը կտուժի: Իսկ Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն էլ կարծիք է հայտնել, որ Հայաստանում ռուսերենը պետք է լինի երկրորդ պետական լեզուն:

Կրեմլի հայտնի խոսնակ Կիսելյովը պահանջել է Հայաստանում ավելացնել ռուսական դպրոցների թիվը, փոխել «Լեզվի մասին» օրենքը, քանի որ, նրա համոզմամբ՝ «Հայաստանում ռուսաց լեզուն հեռացող երևույթ է».

«Ռուսաստանը պաշտոնապես իր պարտականությունների վրա է վերցրել երաշխավորել Հայաստանի անվտանգությունը ՀԱՊԿ շրջանակներում, այնուամենայնիվ, եթե Երևանում ռուսական դպրոցներ գրեթե չեն մնացել, և ռուսաց լեզուն Հայսատանում հեռացող երևույթ է, ապա դա նշանակում է, որ ռուսական մշակույթն էլ է հեռանում, և Ռուսաստանի հետ կապը նույնպես աստիճանաբար թուլանում է. այս միտումը շատ վտանգավոր է»:

168.am-ը Երևանում անցկացրած հարցումների ժամանակ պարզեց, որ միայն խորհրդային ժամանակներում ապրած մարդիկ էին ցանկանում, որպեսզի ռուսաց լեզվին այդքան մեծ տեղ ու դեր տրվի, և, ինչո՞ւ ոչ, այն դառնա ՀՀ երկրորդ պետական լեզուն: «Թող ավելացնեն, ճիշտ կանեն: Պետք է էլի ռուսերեն իմանալ… Շատ կարևոր լեզու է, բա գնում ես Ռուսաստան…», «Ռուսերեն լեզուն իմանալը վատ չի, հիմիկվա էրեխեքը չգիտեն ռուսերեն: Մեր ժամանակ շատ լավ էինք սովորում ռուսերեն: Դրանից ինչ-որ վատ բան կա՞: Ես դպրոցի ռուսերենով ընդունվել եմ բուհ», «Երկու հատ է, կարող է դառնալ մի հինգ-վեց հատ, ոչինչ»,- նման կարծիքներ էին հնչում:

Նոր սերնդի մարդիկ այլ կարծիքի էին. «Չեմ կարծում, որ այդքան շատ պետք է: Իհարկե, լավ կլինի, որ մարդիկ տիրապետեն այդ լեզվին, որովհետև այդ լեզվով շատ լուրջ գրականություն կա, լավ կլիներ, որ մարդիկ իմանային: Բայց չեմ կարծում, որ կոնկրետ լեզվի իմացությունն ինչ-որ անվտանգության հետ կապված լինի, մանավանդ, որ արդեն պարզ է՝ ուր ենք գնալու», «Իմ կարծիքով՝ ռուսերենի իմացությունը պարտադիր չէ», «Դա կախված չէ ռուսական դպրոցներից, ուղղակի պետք է սովորական հայկական դպրոցներում ռուսերենի ժամերը շատացնեն»:

Մեկ այլ քաղաքացու համոզմամբ՝ ոչ թե ռուսալեզու դպրոցների թիվը պետք է ավելացնել, այլ դպրոցներում դասավանդման որակը բարձրացնել. «Միայն ռուսերենը չէ, հայոց լեզուն էլ է նահանջ ապրում Հայաստանում: Եվ այդ մասին էլ է պետք մտածել, և ոչ միայն Կիսելյովը, մեր նախագահն էլ պետք է մտածի մեր լեզվի մասին: Մեր լեզուն դպրոցներում նահանջ է ապրում»:

Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հայտարարության վերաբերյալ հարցման մասնակիցների մեծ մասը կարծիք հայտնեց, որ «դա արդեն չափից շատ է»: «Ոչ, միայն հայերենը», «Չեմ կարծում՝ պետական լեզու լինելու անհրաժեշտությունը կա, նույնիսկ, եթե Մաքսային միություն մտնենք, դրա անհրաժեշտությունն ընդհանրապես չեմ տեսնում: Հարկավոր է լեզու իմանալ: Հարկավոր է շփման գոնե մինիմում չափով իմանալ», «Հայերը պետք է իմանան շատ լեզուներ, այդ թվում՝ ռուսերեն, անգլերեն, թեկուզ՝ նույն թուրքերենը, և այլն, որովհետև այդպես է ստացվել մեր պատմական, քաղաքական բախտը»,- ասում էին մեր զրուցակիցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս