Պաշտպան. Ի՞նչ է՝ պետք է պիոներների պես ձեռք ձեռքի բռնած, զույգերով գնայի՞ն մայթով

Շանթ Հարությունյանի գործով ամբաստանյալներ Տիգրան Պետրոսյանի և Արմեն Հովհաննիսյանի պաշտպան Արա Զաքարյանն այսօր դատական նիստի ավարտից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

– Պարոն Զաքարյան, գործով ամբաստանյալներին նախաքննության ընթացքում մեղադրանք էր առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության համար: Հետագայում նրանց մեծ մասի արարքները վերաորակվեցին, և այժմ տղաների մեծ մասը մեղադրվում է խուլիգանության մեջ: Ի՞նչ եք կարծում՝ նախաքննական մարմինը կարողացե՞լ է հիմնավորել մեղադրանքը:

– Իմ կարծիքով՝ իմ պաշտպանյալների գործողություններում՝ որպես այդպիսին, խուլիգանություն չկա, որովհետև, ըստ էության, իմ պաշտպանյալները դուրս են եկել երթի՝ իրականացնելու իրենց իրավունքը: Նպատակն իշխանության կողմից վարած քաղաքականության դեմ իրենց բողոքը հայտնելն է եղել: Ինչ վերաբերում է փողոց դուրս գալուն, ապա դա բացառապես պայմանավորված է եղել երթի մասնակիցների քանակով՝ հարյուրից ավելի մարդիկ էին, և այդ պայմաններում երթը մայթով անցկացնելն առնվազն աբսուրդ է. հնարավորություն չկա: Ի՞նչ է՝ պետք է պիոներների պես ձեռք ձեռքի բռնած, զույգերով գնայի՞ն մայթով: Ավելացնեմ, որ կան բազմաթիվ դեպքեր, երբ մի քանի տասնյակ կամ հարյուրավոր քաղաքացիներ երթ են անցկացնում, Ոստիկանության աշխատակիցները փողոցի համապատասխան հատվածը փակում են՝ օգնելով, որ երթը հանգիստ անցնի, և միևնույն ժամանակ՝ չխախտվի հասարակական կարգը:

Այսինքն՝ այս դեպքում նույնը հնարավոր էր իրականացնել, ինչը չի արվել:
Խուլիգանության հետ կապված՝ նշեմ, որ պետք է լինի անձի ուղղակի դիտավորություն՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու ուղղությամբ, որը, տվյալ դեպքում, չկա: Մարդկանց միակ նպատակն իրենց երթն անցկացնելն է եղել:

Կարդացեք նաև

Բացի դրանից, կան նաև լուրջ խնդիրներ՝ ապացույցների հետ կապված: Մեղադրանքը փորձում են հիմնավորել հիմնականում ոստիկանների ցուցմունքներով, իսկ ոստիկանները, ցավոք սրտի, այս գործով ևս գտնվում են բարձունքում: Այսինքն՝ տալիս են այնպիսի ցուցմունքներ, որոնք համապատասխանում են ոչ թե իրականությանը, այլ, որն ավելի շատ պետք է իշխանության կամ քրեական հետապնդման մարմնին: Ընդ որում, այս հանգամանքները, որ նրանց ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանում, առաջին հերթին հաստատվում են հենց դեպքի բազմաթիվ տեսագրություններով:

Մասնավորապես, պաշտպանյալիս՝ Տիգրան Պետրոսյանին, վերագրում են, իբր նա հարվածել և քաշքշել է ոստիկան Արա Մարտիրոսյանին, սակայն տեսագրության մեջ հստակ երևում է, որ Տիգրան Պետրոսյանը միայն հրել է ոստիկան Արա Մարտիրոսյանին: Հարվածել կամ քաշքշել չի եղել, իսկ հրելը պայմանավորված է եղել բացառապես այն հանգամանքով, որ մինչ այդ ոստիկաններն ուժի կիրառմամբ Շանթ Հարությունյանին գցել էին գետնին, և կար իրական վտանգ, որ Շանթ Հարությունյանի նկատմամբ ուժ է կիրառվելու, հարվածներ են հասցնելու, այսինքն՝ Շանթ Հարությունյանին ֆիզիկական ուժի գործադրումից սոսկ պաշտպանելու համար:
Արմեն Հովհաննիսյանի մեղադրանքում նշում են, թե իբր նա հրել է ոստիկան Արա Մարտիրոսյանին և ոստիկան Գեղամ Խաչատրյանին:

Այստեղ առհասարակ շատ աբսուրդային իրավիճակ է, որովհետև տեսագրությունների մեջ նման բան չկա: Սա՝ առաջինը: Երկրորդը՝ խնդրում եմ ուշադրություն դարձրեք՝ Գեղամ Խաչատրյանն իր առաջին ցուցմունքում նշում է, որ Արմեն Հովհաննիսյանն իրեն հրել է:

Արմեն Հովհաննիսյանի մասին այլ բան չի ասում: Չի էլ ասում, որ Արմեն Հովհաննիսյանը որևէ այլ անձի նկատմամբ է ուժ կիրառել կամ մտել ինչ-որ միջադեպի մեջ: Նրա հարցաքննությունից հետո հարցաքննում են ոստիկան Արա Մարտիրոսյանին, և քննիչը հարց է տալիս՝ Արա Մարտիրոսյան, Գեղամ Խաչատրյանն իր ցուցմունքում նշել է, որ ձեզ հրել է նաև Արմեն Հովհաննիսյանը (Գեղամ Խաչատրյանի նման ցուցմունք գոյություն չի ունեցել, ոչ մի նման տեղեկություն չի ունեցել):

Ոստիկան Արա Մարտիրոսյանն ասում է, որ, եթե Գեղամ Խաչատրյանն այդպիսի բան է ասում, ուրեմն՝ այդպես էլ եղել է, դա ճշմարտություն է, համապատասխանում է իրականությանը: Այնուհետև Արմեն Հովհաննիսյանին առերեսում են Գեղամ Խաչատրյանի հետ:

Գեղամ Խաչատրյանը նշում է, որ ինքը փայլուն հիշողություն ունի, դեպքից 4 ամիս անց առերեսման ընթացքում ոչ մի բառ չի ասում Արմեն Հովհաննիսյանի կողմից իրեն հրելու հանգամանքի մասին, և սկսում է ասել, որ՝ դու հրել ես ոստիկան Արա Մարտիրոսյանին, որը հետ-հետ էր գնացել, քիչ էր մնում ընկներ: Այսինքն՝ այդ փայլուն հիշողություն ունեցող անձը մոռացա՞վ, թե իր առաջին ցուցմունքում ինչ է ասել:
Ավելին, երբ նայում ենք այդ տեսագրությունները, Արա Մարտիրոսյանին հրել է միայն Տիգրան Պետրոսյանը: Եվ Գեղամ Խաչատրյանի նկարագրածը Տիգրան Պետրոսյանի և ոչ թե Արմեն Հովհաննիսյանի գործողություններն են: Այլ կերպ ասած՝ Արմեն Հովհաննիսյանի կողմից ոստիկաններին հրելու որևիցե թույլատրելի ապացույց գործում չկա:

Այնուհանդերձ, Դատախազությունն ամեն ինչ անում է, որ չվերացնի պաշտպանյալներիս մեղադրանքը, և նրանք գտնվեն կալանքի տակ:

– Ձեր նշած տեսանյութերը քրեական գործում կա՞ն:

– Հիմնականում համացանցից վերցված տեանյութերն են, այսինքն՝ ԶԼՄ-ների կողմից նկարահանած տեսանյութերը, որոնք ստացել է նաև քննչական մարմինը:

– Դատաքննության ընթացքում կալանքը փոխելու միջնորդություն ներկայացնելո՞ւ եք:

– Անպայման: Ես այսօր էի պատրաստվում դա անել, եթե դատավորը չհետաձգեր դատական նիստը:

– Այսօր ամբաստանյալ Շանթ Հարությունյանը խոսեց գործի քաղաքական ենթատեքստի մասին: Դուք նման ենթատեքստ տեսնո՞ւմ եք:

– Առաջին հերթին՝ քաղաքական նեթատեքստ տեսնում եմ այն հանգամանքով, որ ոստիկանների ցուցմունքները, որոնք հակասում են գործի օբյեկտիվ ապացույցներին, տեսագրություններին… Երկրորդ հանգամանքը՝ մեղադրանք էին առաջադրել ոստիկաններին դիմադրություն ցույց տալու հոդվածով այն դեպքում, երբ նման գործը պարտավոր էր քննել Հատուկ քննչական ծառայությունը, պահեցին մի քանի ամիս և հետագայում, երբ հասկացան, որ դատարանում դժվար կլինի փորձել սա պահել, նոր որոշ մեղադրյալների մեղադրանքները փոփոխեցին, մեղադրանք առաջադրեցին խուլիգանության համար:

Երրորդը՝ օբյեկտիվորեն ես խուլիգանություն չեմ տեսնում նրանց գործողություններում: Ցավոք սրտի, նախաքննական մարմինն այս փաստարկներին ուշադրություն չի դարձնում: Փորձենք դատարանին համոզել, որ այստեղ օբյեկտիվորեն խուլիգանություն չկա, որովհետև խայտառակ նախադեպ կլինի, եթե հանկարծ դատարանն էլ սա, ի վերջո, խուլիգանական դիտի: Ի վերջո, մյուս շատ կարևոր գործոնը խափանման միջոցի հարցն է: Նախաքննական մարմինն ու դատարանն անում են ամեն ինչ, որ ոչ մեկին ազատ չարձակեն: Դրա հետ մեկտեղ՝ նաև մեսիջներ են ուղարկում, որ մեղավոր ճանաչելու դեպքում անձը կարող է գտնվել ազատության մեջ:

Այսինքն՝ սա միանշանակ խոսում է այն մասին, որ գործը կարած է, շատ թույլ է, և, որպեսզի կարողանան հիմնավորել, փորձում են նման եղանակով ազդել մեղադրյալների վրա, որպեսզի նրանց մեղավոր ճանաչեն՝ փաստացի դրանով հնարավորություն տան դատավճիռը հիմնավորելու:

Տեսանյութեր

Լրահոս