Ալ Եսայան. Իմ շրջապատում չկա մեկը, որ չմտածի Հայաստանի զարգացման մասին

ՏՏ ոլորտում հայտնի հայ մասնագետ, ԱՄՆ-ում գործող «Այքոնեփս» (IconApps) ընկերության համահիմնադիր Ալ Եսայանը հաճախ է դասախոսություններով հանդես գալիս տարբեր երկրներում, այդ թվում և Հայաստանում` ներկայացնելով տարբեր ձեռնարկություններ վարելու իր 20-ամյա փորձը: Այդ դասախոսությունների ընթացքում նա խոսում է ոչ միայն բիզնեսի և տեղեկատվական տեխնոլոգիաների մասին, այլև ստեղծում է հույսի մի միջավայր, որտեղ բոլորն ուզում են ինչ-որ նոր ու լավ գործ ձեռնարկել: Իսկ նոր գործ սկսելու համար խորհուրդների պակաս մեր հայրենակիցը նույնպես չունի: Նա գիտի` ինչպես սկսնակ բիզնեսների համար ճանապարհ բացել` ներգրավելով հնարավորինս գործընկերներ, ժամանակակից փորձ և ամենակարևորը` գիտի ինչպես ներդնել կամք. «Ամեն ինչի սկիզբը հույսն է և դրական տրամադրվածությունը, մնացած ամեն ինչ հյուսվում է դրա շուրջ»,- ասում է Ալ Եսայանը:

1999-ին առաջին անգամ Հայաստան գալով` նա 40 տարվա ուխտ է արել` ամեն տարի գալ Հայաստան և ինչով կարող է` օգնել հայրենիքին: Ասում է, որ Հայաստանը հրաշալի երկիր է բոլոր այն մարդկանց համար, որոնք ուզում են լավ գործ անել: Նրա ջանքերով Հայաստանում ստեղծվել են ՏՏ ոլորտի տասնյակ աշխատատեղեր: Իրանում ծնված, ԱՄՆ-ում ապրած Ալ Եսայանն արդեն տարվա մեծ մասն անցկացնում է Հայաստանում: Երևանում ունեցած հերթական դասախոսությունից հետո «168 ժամը» ճեպազրույց ունեցավ նրա հետ:

– Պարոն Եսայան, ՏՏ ոլորտի` աշխարհով մեկ սփռված հայերը համախմբվա՞ծ են:

– Որոշ չափով, այո, համախմբված են: Նախ` բոլորը միմյանց գիտեն, դա արդեն շատ լավ բան է:

Կարդացեք նաև

– Ի շահ ինչի՞ են հիմնականում համախմբվում նրանք:

– Առաջինը` ի շահ միմյանց օգնելու: Միմյանց ընկերությունների մեջ ներդրումներ են անում, նոր ընկերություններ ստեղծելու համար միմյանցից խորհուրդներ են հարցնում, գործընկերներ գտնելու համար խորհրդատվություն են փոխանակում, և այլն: Հայ ՏՏ մասնագետների միջև միշտ էլ եղել է կապը, բայց հիմա ավելի է:

– Իսկ բոլորը մտածո՞ւմ են Հայաստանի մասին:

– Համենայնդեպս, իմ շրջապատում գտնվող բոլոր մասնագետները մտածում են այդ մասին, առհասարակ, իմ շրջապատում չկա մեկը, որ չմտածի Հայաստանի զարգացման մասին, չեմ տեսել մեկին, որ իր կարելին չանի այդ ուղղությամբ:

– Նրանք միմյանց հետ անգլերեն են խոսում. կա՞ այդպիսի բան:

– Ոչ բոլորը: Բայց դուրսն ապրելով` նրանց մեջ կան նաև ոչ հայախոսներ, ովքեր, սակայն, հոգով հայ են: Օրինակ, Ջեյմս Թուֆենկյանը կա, որ հայերեն չի խոսում, բայց գիտենք` ինչքան գործ է անում: Լեզուն, իհարկե, շատ կարևոր է:

– Չե՞ք պատրաստվում Ձեր մտքերը` հասարակարգերի, ղեկավարի կերպարի, թիմային աշխատանքի և այլ հետաքրքիր թեմաների մասին, Հայաստանում ոչ միայն` ՏՏ, այլ նաև` ուրիշ համայնքների ներկայացնել:

– Եթե հրավիրում են, սովորաբար չեմ մերժում, ուրախությամբ գնում եմ: Եվ ինձնից շատ ավելի լավ մտքեր ունեցողներ կան և ավելի լավ խոսողներ կան, նպաստում եմ, որ նրանք էլ գան և այստեղ խոսեն:

– Ձեր դասախոսության ընթացքում, մի քանի անգամ դիմելով երիտասարդներին, ասացիք` շատ կարդացեք: Ձեր կարդացած վերջին գիրքը ո՞րն էր:

– Վերջին կարդացած գիրքս Նիկոլաս Նասեմ Թալիբի «Antifragile»-ն էր` փիլիսոփայության, մաթեմատիկայի, բիզնեսի և տնտեսության թեմաներով համադրված մի գիրք: Հեղինակը լիբանանցի հույն է, հայտնի գրող… Գլուխս շատ ցավեց, բայց գժվելու գիրք է:

– Տպագի՞ր եք կարդում, թե՞ էլեկտրոնային:

– Ես նախընտրում եմ տպագիր ընթերցանությունը, երբ հպվում եմ գրքին, թերթում եմ էջերը, դա ուրիշ ավանդույթ է… Սիրում եմ կարդալուց գրել գրքի մեջ, նշումներ անել, խզբզել և նման բաներ…

– 40 տարվա ուխտը պահելո՞ւ եք:

– Իհարկե, և ավելի եմ մեծացնելու: Ես արդեն հիմա հայաստանցի եմ: Ինձ համար Հայաստան գալն արդեն ֆիզիկական պահանջ է, երբ մի քիչ երկար եմ մնում դրսում, զգում եմ, որ մի բան այն չէ ինձ մոտ:

– Հայ ծնողներն իրենց երեխաների մեջ սովորաբար նպատակներ են դնում: Իբրև հայ` Դուք ունե՞ք Ձեր երեխաների հետ կապված նպատակներ:

– Ոչ, ես նրանց ազատ եմ թողնելու: Ուզում եմ` ուրախ ապրեն, հետևեն իրենց հետաքրքրություններին և գնան դրանց հետևից: Ի դեպ, իմ ծնողներն էլ են ինձ ասել` ապրիր կյանքդ ուրախ և անվախ:

Տեսանյութեր

Լրահոս