ԱԳՆ-ն պարզաբանում է՝ ովքեր են ճանաչվում «պերսոնա նոն-գրատա» Հայաստանի տարածքում
Ազգային ժողովի պատգամավոր, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն այսօր` հունիսի 12-ին, հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով երեկ Ազգային ժողովի Հայ-ռուսական խորհրդարանական բարեկամության ակումբի հերթական նիստի ժամանակ ռուսաստանցի հաղորդավար, «Россия сегодня» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր, Կրեմլի պետական քարոզչության ամենամեծ ջատագովներից Դմիտրի Կիսելյովի արտահայտություններին`Հայաստանում ռուսաց լեզվի դերակատարության մասին:
«Երեկ անթույլատրելի իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի խորհրդարանում. ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսելյովը Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի նիստի ժամանակ անհարգալից տոնով և ենթատեքստով հայտարարություններ է արել Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի, հայ ժողովրդի նահատակների և հայոց լեզվի հասցեին: Կարծում եմ, որ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը պետք է քննարկի Դմիտրի Կիսելյովին ՀՀ տարածքում «պերսոնա նոն-գրատա»` անցանկալի անձ հայտարարելու մասին հարցը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Այս կապակցությամբ 168.am-ը մեկնաբանություն խնդրեց Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանից` հետաքրքրվելով, թե հնարավո՞ր է, որ Դմիտրի Կիսելյովն, իրոք, Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչվի անցանկալի անձ: Ի պատասխան` ԱԳՆ մամուլի խոսնակն ասաց, որ նախարարությունն ինքն է որոշում իր օրակարգը` կապված Հայաստանի ազգային շահերի հետ:
««Պերսոնա նոն-գրատա» Հայաստանում հայտարարվում են այն անձինք, որոնց գործունեությունը վնաս է մեր ազգային և պետական շահերին»,- ավելացրեց Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ Կիսելյովը ռուսաստանցի մի քանի այլ գործիչների հետ Հայաստանի խորհրդարանում հայ պատգամավորների հետ տեղի ունեցած հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցի համատեքստում անկարկել էր, թե Ռուսաստանը ՀԱՊԿ-ի շրջանակներում պարտավորվել է ապահովել Հայաստանի անվտանգությունը, իսկ Հայաստանն իրենից «հեռացնում է» ռուսաց լեզուն, Երևանում գրեթե չեն մնացել ռուսական դպրոցներ, ինչը նշանակում է, որ «ռուսական մշակույթը նույնպես հեռանում է»:
«Ազնիվ պետք է խոսենք, չէ՞: Հայաստանի հետաքրքրությունների շրջանակում է, որ վերադարձնի ռուսերենը: Պետք է Հայաստանն աշխատի այդ ուղղությամբ, դա իրական ու մեծ խնդիր է: Ես այսօր տաքսի նստեցի, իսկ տաքսու վարորդը ռուսերեն չգիտեր: Ինչո՞ւ Հայաստանում չկան ռուսական դպրոցներ»,- հայտարարել էր Դմիտրի Կիսելյովը: