Բաժիններ՝

Սակագինը թանկացնելով՝ մտածում են սպառողի մասին

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ հանդես եկած Հանրային ծառայությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այս օրերին հանդիպումներ է ունենում Ազգային ժողովի խմբակցությունների հետ և ներկայացնում իր ղեկավարած գերատեսչության հիմնավորումները, թե անցած տարի տեղի ունեցած թանկացումից հետո ինչո՞ւ պետք է էլեկտրաէներգիան 3.85 դրամով կրկին թանկանա:

Երեկ Ռ.Նազարյանը հյուրընկալվել էր ՀՅԴ խմբակցությունում, նախորդ օրը հանդիպել էր ԲՀԿ-ականներին: Ակտիվ է նաև հասարակական հատվածը. Ռ.Նազարյանը լրագրողներին ասաց, որ հանձնաժողովում զանգեր են ստացվել տարբեր կազմակերպություններից, և քննարկումներ են ընթանում:
Եվ ուրեմն՝ ո՞րն է պատճառը, որ ՀԾԿՀ-ն նախաձեռնել է սակագնի թանկացման գործընթացը, այդպիսով դեպի իրեն ուղղելով հանրության բողոքի ալիքը:

ՀԷՑ-ի սուտն ու ՀԾԿՀ-ի դժգոհությունը
«Որևէ մի մարդ ուրախ կլինի՞, որ սակագին է բարձրանում: Մենք` որպես ՀԾԿՀ, ունենք հստակ, օրենքով ամրագրած գործառույթներ, որոնց համաձայն` պարտավորված ենք ապահովել մեր լիցենզավորված ընկերությունների ֆինանսական կայունությունը»,- հայտարարեց Ռ. Նազարյանը: Նա չհամաձայնեց ՀԷՑ-ի ներկայացրած հիմնավորմանը, որ էլեկտրաէներգիայի սպառումը նվազել է. «ՀԷՑ-ի հայտարարությունը չգիտեմ ինչպիսին է, բայց ՀԷՑ-ը սուտ ինֆորմացիա է տվել, որ սպառումը նվազել է: Նախորդ տարվա նկատմամբ սպառումը 7% ավելացել է»:

Ռ.Նազարյանը հայտարարեց, թե չի եղել նախադեպ, որ էլեկտրաէներգիայի թանկացումը լինի հայտով, դա միշտ եղել է ՀԾԿՀ նախաձեռնությամբ. «Գազի մատակարարման համակարգում ունենք մեկ ընկերություն, որը գազը սահմանից տեղափոխում և բաշխում է վերջնական սպառողին, ու նա պատկերացում ունի վերջնական սպառողի մասին, վերջնական սակագնի մասին և կարող է հայտ ներկայացնել և ասել` վերջնական սպառողի համար սակագինն ինչքան պետք է լինի: Էլեկտրաէներգետիկական շուկայում կան 11 խոշոր ընկերություններ, դրանք էլ արտադրող կայաններ են, բարձրավոլտ ցանցն է, որ տեղափոխում է, հաշվարկային կենտրոնն է, ազգային օպերատորը, հաշվիչ կենտրոնը, 40-ից ավելի փոքր հէկ-եր, ԱԷԿ-ը, Որոտանի կասկադը, Երևանի ՋԷԿ-ը, Սևանի հիդրոկասկադը, Հրազդանի 5-րդ բլոկը, որոնցից յուրաքանչյուրը սակագնի մեջ ունի իր մարժայի մեծությունը: Բոլորը ներկայացրել են իրենց մարժաները, մենք ամփոփել ենք ու գնահատել ենք, թե բոլորի հիմնավորված խնդիրները եթե հաշվի առնենք, վերջնական սպառողի համար ինչքան կլինի:

Կարդացեք նաև

Ուրեմն պատահաբար չի, որ էներգետիկայի մասին օրենքում գրված է, որ սակագները կարող են վերանայվել ինչպես` հայտերի դեպքում, այնպես էլ` հանձնաժողովի սեփական նախաձեռնությամբ»:

Հարցին` Դուք պարտավո՞ր եք մտածել իրենց շահույթի մասին, Նազարյանը պատասխանեց, թե պարտավոր են ընկերությունների համար անհրաժեշտ հասույթ ապահովել, որ կարողանան լիցենզիայում ամրագրված բոլոր պայմանները կատարելով` անվտանգ և հուսալի շահագործում իրականացնել. «Սպառողի մասին էլ ենք մտածել և լավ ենք մտածել, որովհետև, եթե նրանց հայտերը դուք կարդաք ըստ ծախսային հոդվածների, կտեսնեք, թե ինչքան է տարբերվում այն մեծություններից, որոնք հայտարարել ենք չհիմնավորված և մերժել ենք»:

Ի՞նչ կանի ՀԾԿՀ-ն, եթե ՀՀ քաղաքացիները բոյկոտեն ու անջատեն էլեկտրաէներգիան, ինչպե՞ս է ապահովելու կազմակերպությունների ֆինանսական կայունությունը: ՀԾԿՀ նախագահը նման ֆորսմաժորային իրավիճակի պատասխանը չուներ: Անդրադառնալով ԲՀԿ-ականների մեղադրանքին, որ ՀԾԿՀ-ն էլցանցերի խնդիրն է լուծում, Նազարյանը նշեց. «Ես ցավում եմ, որ որևէ պատգամավոր, լինի ԲՀԿ-ից թե այլ խմբակցությունից, նման ձևով է հանդես եկել, որովհետև դա միայն խառնաշփոթ ստեղծելու ցանկություն է ունեցել: Մենք որևէ մեկի շահերից հանդես չենք գալիս: Ընդհակառակը, մենք պետք է ավելի շուտ այս գործընթացը սկսեինք, բայց ցանկացանք մինչև վերջ հասկանալ, տարին ամփոփել, հաշվետվությունները վերլուծել, իրենց գրավոր հայտերը հասկանալ, նոր հրապարակային ժողովրդի առաջ հանդես գալ: Եթե մենք իրենց շահերը պաշտպանելու լինեինք, այսօր 16 մլրդ-ի վնաս չէին ունենա»:

Նա վստահեցրեց, թե անցած տարի թանկացման ժամանակ սխալ հաշվարկ չի արվել, և հիմա փորձ չի արվում այն ուղղելու. «Յուրաքանչյուր սակագնային մեծություն վերաբերում է մեկ տարվան, մենք չենք կարող երկու կամ երեք տարվա կտրվածքով հաշվարկներ անել և կանխատեսել, թե ինչպիսին կլինի միջուկային վառելիքի գինը, ինչքան կլինի դոլար-դրամ փոխարժեքը մեր հանրապետությունում»:
Ի դեպ, Նազարյանն ինքը դժգոհ է ՀԷՑ-ից. ՀԾԿՀ-ն բազմաթիվ բողոք-դիմումներ է ստանում ընկերության վատ աշխատանքի վերաբերյալ, խախտում են ԷՄՈԿ-ի կանոնները, և բազմաթիվ վարչական վարույթներ են հարուցվել, ու ՀԷՑ-ը պատասխանատվության է ենթարկվել: Չնայած դրան, ընկերությանը մենաշնորհից զրկելու տարբերակ չկա՝ ոլորտն ի սկզբանե մենաշնորհ է, որովհետև ՀՀ-ում այլ բաշխիչ ցանց չկա:

«168 Ժամի» հետ զրույցում Ռ.Նազարյանը հավաստիացրեց, թե ՀԷՑ-ը ներդրումներ կատարել է, թեև՝ ոչ ամբողջ ծավալով, բայց, ամեն դեպքում, ցանցի տեխնիկական վիճակը «բավարարին մոտ է»: Այդ դեպքում ինչո՞վ էր պայմանավորված անցած տարի ամբողջ հանրապետության հոսանքազրկումը, Նազարյանը հորդորեց այդ հարցն ուղղել Էներգետիկայի նախարարությանը. «Դա ֆորսմաժոր էր: Այդ հարցին ես կոմպետենտ չեմ պատասխանելու»:

Բյուջեի շահը
ՀԷՑ-ն իսկապես սնանկացման եզրին է, թեև ՀԾԿՀ-ի կողմից թույլատրված 14% շահույթի մակարդակ ունի: «168 Ժամի» հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը նշեց, որ ընկերության պարտավորություններն այնքան են աճել, որ չի կարողացել կատարել, և այսօր 20 մլրդ դրամից ավելի է ճեղքվածքը: Ըստ նրա` բացատրությունն այն է, որ անցած տարի ԱԷԿ-ը 25 օրվա փոխարեն` 88 օր ավելի է կանգնել պլանային անջատման, տարին ջրառատ չի եղել, և հէկ-երը շատ ավելի քիչ են էլեկտրաէներգիա արտադրել, իսկ օրենքով գոյություն ունի «Էներգետիկ համակարգի օպերատոր» ՓԲԸ, որը կարգավորում է, թե ՀԷՑ-ն, ըստ առաջնահերթության` ումից պետք է էլեկտրաէներգիա գնի` ԱԷԿ, ՀԷԿ, ՋԷԿ:

MelkumyanԱրդյունքում, Մելքումյանի խոսքով, ՀԷՑ-ն ավելի շատ էլեկտրաէներգիա է գնել թանկ արտադրողներից, քանի որ էժան կայանները քիչ են արտադրել: Օրինակ` 1կվտ ժամ էլեկտրաէներգիան ԱԷԿ-ն արտադրում է 5 դրամով (առանց ԱԱՀ), Հրազդանի ՋԷԿ-ը` 59, ՀԷԿ-երը` 12-14, Երևանի ՋԷԿ-ը` մոտ 35:

«ՀԷՑ-ն արդյունքում ընկել է վատ ֆինանսական վիճակի մեջ, որովհետև թանկ է գնել, իսկ իր ծախսերն ու սակագինը նույնն են մնացել: Նաև 5 մլրդ դրամի տարբեր տենդերներ են իրականացվել, որոնք նույնպես շահեկան չեն եղել: Հիմնավորվում է, որ ԱԷԿ-ն իր անվտանգության ծախսերն է մեծացրել, Երևանի ՋԷԿ-ը պետք է սկսի վարկի մարման տոկոսադրույքները վճարել: ՀԾԿՀ-ն պետք է իր կողմից հաստատի արտադրող կայանների համար այնպիսի ներդրումային ծրագրեր, որ անհրաժեշտ հասույթ ունենան: Այսինքն, եթե էլեկտրաէներգիան քիչ սպառվի, հասույթը չի բավարարի, պետք է մեծացնեն սակագինը: Անցած տարի 4.1% սպառման կրճատում կա, իսկ արտահանումից ՀԷՑ-ի վիճակը չի լավանում»,- ասաց Մ.Մելքումյանը:

Ուշագրավն այն է, որ էլեկտրաէներգիայի թանկացումից բյուջեն է շահելու: Մելքումյանի խոսքով` եթե 6 մլրդ կիլովատտ էլեկտրաէներգիա է սպառվում, այս թանկացումից հետո անցած տարվա հուլիսի համեմատ սակագինն ընդհանուր 12 դրամով կավելանա, որի 20 % ԱԱՀ-ն կազմում է 2.4 դրամ: 2.4-ը 6 մլրդ-ով բազմապատկելու դեպքում ստացվում է 14.4 մլրդ դրամ, այսինքն` այդքան գումար բյուջե ԱԱՀ-ի ավելի մուտք կլինի, որն ամբողջ հանրապետության շրջանառության հարկն է:

«Շատ հետաքրքիր վիճակ ենք ունենում,- նկատեց Մ.Մելքումյանն ու հավելեց,- Նման բան չի լսվել, որ ձեռնարկությունների, այսինքն` բիզնես կառույցների` էներգետիկ արտադրող կայանների ռիսկերը բարդեն բնակչության վրա: Այսինքն` ՀԷՑ-ը վնաս է կրում, դա բարդում են ժողովրդի ու տնտեսվարողների վրա: Սա ամենաանթույլատրելի մեթոդն է: Իրենք կարող էին այլ միջոցառումներ կիրառել` արտոնյալ վարկեր տալ և այլն, ու ժողովրդին այս բեռի տակ չդնել»:

Մելքումյանը նկատեց, որ թանկացումից հետո, բնականաբար, եթե նույնիսկ ընկերությունների ֆինանսական վիճակը լավանա, սակագինն այլևս չեն նվազեցնի. «Փոխարժեքը կարող են փոխել, կամ այլ հիմնավորումներ կբերեն, ու հետ գնալ չկա: Դրա համար տարբեր տեսակետներից բացարձակ չհիմնավորված ակցիա եմ համարում, որն իր տխուր հետևանքները կունենա. մի կողմից` կիջնի սպառման ծավալը, մյուս կողմից` շատ ձեռնարկություններ հենված են գազի ու էլեկտրաէներգիայի վրա, որոնց մրցունակությունը գցում ենք: Ընդ որում` Ռուսաստանում, Թուրքիայում, Վրաստանում բնակչության միջին աշխատավարձի պայմաններում մեզ մոտ ամենաբարձր սակագինն է»:

Աուդիտ արեք
Axvan Vardanyan  (2)ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի կարծիքով՝ էլեկտրաէներգիայի թանկացման խնդիրը դրական կամ բացասական գնահատելու խնդիր չկա, կա երկու հիմնական հարց. առաջինը՝ ՀՀ քաղաքացիների և տնտեսվարողների համար պետք է լինի որոշակի կանխատեսելիություն, որովհետև բացառված չէ, որ վեց ամիսը մեկ կամ մեկ տարի հետո կարող է նորից նույն պատկերը լինի: Ըստ նրա` դա մարդկանց զրկում է ծրագրեր կազմելու և բիզնես պլաններ մշակելու, ներդրումներ անելու հնարավորությունից: Երկրորդը, Ա.Վարդանյանի խոսքով, սոցիալական խնդիրն է, որ կառավարության մտահոգությունը պետք է լինի:

Նրա վստահությամբ, այն ճեղքվածքը, որ նկարագրվում է, ունի նաև դրանք փակելու այլ աղբյուրներ, և կառավարության առջև այդ հարցերը դրվելու են. «Ե՛վ էլցանցերը, և՛ Երևանի ՋԷԿ-ն ունեն ներգրավված վարկեր, որոնց արտոնյալ ժամկետներն ավարտվել են, և մայր գումարի ու տոկոսների փակելու ժամանակն է, որ մեծ գումարներ են կազմում: Կառավարությունը կարող է գտնել միջոցներ այդ վարկերը վերաձևակերպելու և որոշ ժամանակ այդ խնդիրներից ազատելու համար: Այսինքն, խնդիր կա ամբողջ էներգետիկ համակարգն աուդիտի ենթարկելու և բոլոր խնդիրները հասկանալու, որը կանխատեսելի կդարձնի»:

Նա վստահություն հայտնեց, որ համակարգային մոտեցման դեպքում հնարավոր է այլ լուծումներ գտնել 20 մլրդ-ի ճեղքվածքը փակելու, բայց ամենակարևորը` կանխատեսելիություն պետք է լինի. «Որևէ բան ինձ չի կարող համոզել, որ այս թանկացումները եթե լինեն, մեկ տարի հետո նույն իրավիճակը չի լինելու: ՀՀ-ում էլէներգիան զգալի թանկացել է 1997-ին, 2009-ին, 2013-ին, և հիմա նորից թանկանում է, և վտանգ կա, որ դա կարող է անընդհատ ցիկլ լինել»:

Դիտարկմանը, որ ՀԷՑ-ը սնանկ վիճակում է, Ա.Վարդանյանը պատասխանեց, որ արձանագրված է, որ Էլցանցերը 5 մլրդ դրամի ներդրումներ է կատարել, բայց թե որքանով է դա իրական, ստուգման ենթակա է: Սակայն, ըստ Վարդանյանի, սա ոչ միայն մեկ ընկերության հետ է կապված, այլ ամբողջ համակարգն անկախ աուդիտի կարիք ունի. «Այն ծախսերը, ինչ այսօր ՀԷՑ-ի մասով կան, ընդհանուր 20 մլրդ-ի մեջ մեծ տոկոս է կազմում: Ակնհայտ է, որ ՀԷՑ-ում գործերը լավ չեն: Որքանո՞վ է օբյեկտիվ, որքանո՞վ է վատ տնտեսվարման արդյունք, ես վստահ եմ, որ երկու կողմն էլ կա»:

Կոռուպցիոն ռիսկերը
Vahagn KhachatryanՀԷՑ-ի առնվազն 10-14% շահութաբերությունն ապահովված է եղել, բոլոր ներդրումներն ու ծախսերը հաշվարկված են եղել էլեկտրաէներգիայի սակագնում, հավաքագրումներն էլ կազմել են 98-100%: Ինչո՞ւ է ընկերությունն ավելի քան 16 մլրդ դրամի վնաս կրել: Մեզ հետ զրույցում ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նկատեց, որ ՀԷՑ-ը ֆինանսական ծանր վիճակում հայտնվել է դեռ 2012-ին, ինչի մասին խոսում են ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվությունն ու աուդիտը. «Դրա պատասխանը չկա, և այդ առումով ինձ համար մնացած բոլոր բացատրություններն ընդունելի չեն: Իսկ սա այն ծառայությունն է, որ վնասով չի աշխատում»:

Ըստ նրա՝ թանկացման համար կարող են ցանկացած հիմնավորում բերել, բայց առավել կարևոր է, թե ինչ խնդիր են ուզում լուծել.

«Բացատրություն չկա, թե ինչու է նման ֆինանսական վիճակ ստեղծվել, քանի որ հիմնական հիմնավորումը կապված է ֆինանսական վատ վիճակի հետ: Համակարգը եղել է ՀԾԿՀ հսկողության տակ, և այդքանից հետո պարզվում է, որ 16 մլրդ դրամի վնաս է առաջացել: Դա ինչպե՞ս է եղել»:

Ի՞նչն է ընկերությանը հասցրել այս վիճակին. Վ.Խաչատրյանի կարծիքով` պատճառները կարող են տարբեր լինել` վատ կառավարում, մեծ կոռուպցիոն ռիսկեր: Ըստ նրա` ՀԷՑ-ում տեղի ունեցածով պետք է ավելի շատ հետաքրքրվի ոչ թե ՀԾԿՀ-ն, այլ իրավապահները: Վ.Խաչատրյանի կարծիքով` այս պարագայում միայն ՀԾԿՀ-ի վերահսկողական գործառույթը բավարար չէ ՀԷՑ-ի վերահսկումն իրականացնելու համար, որովհետև, եթե բավարար լիներ, գոնե կկանխեին տեղի ունեցածը. «Մեկ այլ բան է զարմանալի` երբ անցած տարի բարձրացնում էին էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը 30%-ով, գիշերայինը` 40 %, արդյոք այդ 10%-ը հաշվի չե՞ն առել, թե՞ իրենց հաշվարկներում սխալվել էին: Իսկ եթե չե:ն սխալվել, առավել ևս` այլ բան է տեղի ունեցել, որ վերահսկողությունից դուրս է, որ կապված է կառավարման ու կոռուպցիոն ռիսկերի հետ»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս