Սերժ Սարգսյանն ընդունեց ընդդիմության հրաժարականը
Տարվա այս սեզոնին աշխարհի բոլոր երկրներում, այդ թվում՝ նաև Հայաստանում, ավանդաբար աշակերտներն ավարտում են դպրոցը և ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ: Ավարտողները հանձնում են՝ ավարտական, ընդունվողները՝ ընդունելության քննություններ: Լինում են այնպիսիք, ովքեր կտրվում են այդ քննություններից որևէ մեկից և նույնը փորձում են անել հաջորդ ուսումնական տարվա վերջում:
Կրթական համակարգի հիմքում ընկած այս ցիկլայնությունը որոշակիորեն գործում է նաև կենսագործունեության այլ ոլորտներում: Այդ թվում՝ քաղաքականության մեջ:
Երեկ Ազգային ժողովի ոչ իշխանական 4 ուժերը հրապարակեցին իշխանությանն ուղղված 12 պահանջները՝ իշխանությանը ժամանակ տալով մինչև աշուն: Այդ պահանջներն առանձին-առանձին քննարկելը կնշանակի՝ շարունակել զբաղվել ինքնախաբեությամբ ու համարել, որ Հայաստանում դեռևս ընդդիմություն կա: Այդ պահանջների գնահատականը ստանալու համար պետք է կարդալ ոչ թե պահանջները, այլ դրանց վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների կողմից արդեն իսկ հնչած գնահատականները: «Կառուցողական ու արդյունավետ», «առանց արմատականության», և այլն:
Այսինքն՝ քառյակը հրապարակել է իշխանությանն ուղղված պահանջներ ու ներկայացրել է վերջնագիր, որն իշխանությանը ոգևորել է այնպես, ինչպես աքաղաղը՝ թռչնաբուծարանի մուտքի մոտ: Իսկ եթե, այնուամենայնիվ, կարդում ենք քառյակի պահանջները, ապա առաջինը, որ աչքի է զարնում, արտաքին քաղաքականության շրջանցումն է: Պահանջները վերաբերում են տնտեսական, սոցիալական քաղաքականությանը, և ոչ մի խոսք՝ արտաքին քաղաքական կողմնորոշման մասին:
Արտաքին քաղաքականությանն առնչվող միակ կետը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, այն էլ՝ կենացային մակարդակով. Քառյակը կոչ է անում իշխանությանը՝ չստորագրել որևէ համաձայնագիր, որով Հայաստանի և Ղարաբաղի միջև կնախատեսվի հաստատված հարաբերությունների, ներառյալ՝ միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն:
Այսինքն՝ Եվրասիական միությանն անդամակցությունը լավ է, միայն թե լուծեք մաքսակետի հարցը: Մինչդեռ, ոչ միայն քաղաքականությամբ, այլ անգամ գրականագիտությամբ սիրողական մակարդակով զբաղվող ցանկացած մեկի համար ակնհայտ է, որ Հայաստանի խնդիրների խնդիրը, թիվ մեկ խնդիրն արտաքին քաղաքական կողմնորոշումն է՝ ռուսականացումը, որից ածանցվում են մյուս բոլոր հիմնախնդիրները: Քառյակը, ահա, լռում է այդ հարցում, այսինքն՝ համաձայն է Հայաստանին ինքնիշխանությունից զրկող իշխանության քաղաքականությանը: Այսինքն՝ ոչ իշխանությունն ամենասկզբունքային հարցում համակարծիք է իշխանության հետ: Այսինքն՝ ոչ իշխանությունը իշխանություն է: Առանց այլևայլությունների ու առանց «ոչ»-ի:
Քառյակը, ի դեպ, իշխանությունից պահանջում է նաև ընդդիմության մասին օրենքի ընդունում և ընդդիմությանը վերահսկողական լիազորությունների օժտում: Այս պահանջը ծիծաղելի է այնքան, որքան կլիներ, եթե իշխանությունն օրենք ընդուներ իշխանության մասին: Հետաքրքիր է նաև, եթե հանկարծ իշխանությունը բռնի-ընդունի այդ օրենքը, ի՞նչ է անելու «Բարգավաճ Հայաստանը», որն «ընդդիմություն» բառից վախենում է այնքան, որքան իշխանությունը: Այն տարբերությամբ, որ իշխանությունը վախենում է ընդդիմության առկայությունից, ԲՀԿ-ն՝ ընդդիմություն կոչվելուց: Չնայած քառյակն այլևս կառուցողական է իշխանության համար, ու բացառված չէ, որ ԲՀԿ-ին ոչ միայն չհանդիմանվի, այլ անգամ խրախուսվի կոչվել ընդդիմություն:
Ինչ վերաբերում է վերահսկողական լծակներով օժտելու պահանջին, ապա իշխանության որոշ ներկայացուցիչներ արդեն իսկ հայտարարել են, որ դա քննարկելի է: Իսկ ինչո՞ւ պետք է քննարկելի չլիներ, եթե վերահսկողական լծակներ է պահանջում մի միավոր, որի իրական՝ քաղաքական վերահսկողության դեպքում իշխանությունը կարող էր նաև չլինել: Հիմա ընդդիմությունն ինքնալուծարվում է ու դրա դիմաց պահանջում է մի քանի վերակացուի պաշտոն տալ՝ իշխանության «շարժը» վերահսկելու համար: Դրանից լավ նվեր իշխանությանը կարող էր մատուցել երևի միայն Արժույթի միջազգային հիմնադրամը: Քանի որ կոռումպացված, ատկատների վրա հիմնված իշխանությունը ոչ իշխանություններից պահանջ է ստանում՝ ատկատներից որոշակի քվոտա տալ: «Կառուցողական» դառնալու դիմաց:
Իսկ ոչ իշխանականները, կարելի է չկասկածել, այնպես կվերահսկեն իշխանությանը, որ նույնիսկ Գլխավոր դատախազության ստաժավոր քննիչները զարմացած կմնան, թե ինչպես կարելի էր «լղոզել» պետական փողերի փոշիացումն ու արժանանալ իշխանության հավանությանը:
Ինչպես նշեցինք, հիմա ավարտական և ընդունելության քննությունների շրջան է: Հայաստանի ընդդիմությունը, որ արդեն ոչ իշխանություն էր կոչվում, այսօր հանձնեց ավարտական քննությունը և ընդունվեց: Իշխանություն: Այսօր ընդդիմությունը հրաժարական ներկայացրեց: Իշխանությունն ընդունեց հրաժարականը: