Ստեփան Դանիելյան. Ժամանակին ամբողջ լրջությամբ չգնահատեցինք Զորի Բալայանի հայտնի նամակը

Հարցազրույց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանի հետ

– Ի՞նչ կարծիք ունեք Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածի («Հայաստանի կործանման Սերժ Սարգսյանի ճանապարհային քարտեզը») մասին: Արդյոք վիճակն այդքան ծայրահե՞ղ է, ինչպես առաջին նախագահն է նկարագրում:

– Ինձ թվում է` վիճակը շատ ծայրահեղ է` հատկապես Ղարաբաղի հարցում: Ավելի ծայրահեղ է, քան մենք պատկերացնում ենք: Եթե հետևենք, թե ինչ հայտարարություններ եղան Աստանայում Նազարբաևի կողմից հնչեցված հայտարարությունից հետո, և ինչ զարգացումներ կային դրանից առաջ, ապա առաջ է գալիս տրամաբանական որոշակի շղթա: Շատ վերլուծաբաններ անդրադարձան այդ իրադարձությանը, և հիմնական միտքն այն է (դրա հետ ես համաձայն եմ), որ խոսքը գնում էր Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Ադրբեջանի հնարավոր անդամակցման մասին, և Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ դա տեղի ունենա: Իսկ Արևմուտքը (Արևմուտք ասելով` առաջին հերթին` նկատի ունեմ Միացյալ Նահանգները) ձգտում է խափանել դա: Երկու կողմից ընթանում է և՛ սիրաշահման, և՛ սպառնալիքի քաղաքականություն:

Այս առումով նախ` ուզում եմ խոսել Ռուսաստանի կողմից արված քայլերի մասին, և դրանց մեջ, որքան էլ տարօրինակ է, ՀՀ ղեկավարության մասնակցության մասին: Ռուսաստանը վաղուց է սկսել Ադրբեջանի ուղղությամբ սիրաշահման քաղաքականությունը, մենք առաջին հերթին` պետք է հիշենք Պուտինի այցը Բաքու և Ադրբեջանին ռազմական տեխնիկայի վաճառքի պատմությունը:

Ռուսական զենքերի հարցը շատերը քննարկում են կոմերցիոն տեսանկյունից կամ էլ` «նայեք, Ռուսաստանը մեր թշնամուն զենք է տալիս», սակայն չի քննարկվում մի շատ կարևոր հանգամանք, համենայն դեպս, ես չեմ հանդիպել հայկական մամուլում այն, ինչի մասին հիմա կխոսեմ: Ի՞նչ է նշանակում` ժամանակակից զինատեսակներ վաճառել որևէ երկրի:

Դա նշանակում է` աշխարհաքաղաքական կողմնորոշում: Ինչո՞ւ, որովհետև այդ գերժամանակակից զենքերը հեռահար կերպով կարող են կառավարվել վաճառողի կողմից: Այսինքն, երբ պետք լինի, այդ զենքերը կարող են աշխատել, կարող են նաև չաշխատել: Նման դեպք եղել է Իրաքում, երբ Իրաքի` ամերիկյան ծագման ռազմական օդանավերը չկարողացան օդ բարձրանալ, չաշխատեցին: Եթե Ադրբեջանը նման զինատեսակներ է գնում Ռուսաստանից, խոսքն այդ դեպքում ոչ միայն գործընկերային հարաբերությունների, այլև աշխարհաքաղաքական կողմնորոշման մասին է: Ռազմական տեխնիկայի վաճառքին պետք է շատ լուրջ վերաբերվել: Դա վերաբերում է նաև Հայաստանին: Փաստորեն, Հայաստանը և Ադրբեջանը Ռուսաստանից միակողմանի կախվածության մեջ են հայտնվել:

Աստանայի միջադեպն այսպես եմ հասկանում` խոսքը գնում է Ադրբեջանի, ոչ թե Հայաստանի անդամակցության մասին. մինչև պարզ չլինի Ադրբեջանի անդամակցության հարցը Եվրասիական միությանը, Հայաստանի անդամակցությունը պետք է հետաձգվի: Ադրբեջանի հետ քաղաքական առևտուրը պետք է ավարտվի: Ի՞նչը կարող է լինել առևտրի առարկան: Կարող ենք ենթադրել, որ դա Լեռնային Ղարաբաղի խնդիրն է:

– Այսինքն, ըստ Ձեզ, անդամակցությունը ԵՏՄ-ին նշանակում է` սպառնալի՞ք Ղարաբաղի համար:

– Այո՛, դա ուղղակիորեն սպառնալիք է, և դրա մասին ուղղակիորեն ասում են և՛ Նազարբաևը, և՛ ռուսաստանյան պաշտոնատար անձինք: Նրանք ասում են, որ ցանկացած հարցի շուրջ կարելի է համաձայնություն ձեռք բերել: Այդ ուղերձների հասցեատերն Ադրբեջանն է:

Այստեղ ուզում եմ նորից վերադառնալ մինչ այդ տեղի ունեցած դեպքերին, մասնավորապես` Զորի Բալայանի հայտնի նամակին: Ժամանակին մենք ամբողջ լրջությամբ չգնահատեցինք այդ նամակը: Զորի Բալայանը Հայաստանում ոչինչ չի նշանակում, սակայն Ադրբեջանում նա ընկալվում է` որպես ղարաբաղյան շարժման խորհրդանիշ, հայկական ազգայնականության հայր:

Ադրբեջանում Զորի Բալայանի մասին նման լեգենդ է ձևավորված, և ադրբեջանցիները լուրջ են վերաբերվում նրան` որպես ղարաբաղյան շարժման կամ հակաադրբեջանական պայքարի խորհրդանիշ: Եվ ռուս-ադրբեջանական առևտրի ընթացքում այդ «խորհրդանիշը» բաց նամակ է գրում, որտեղ, ըստ էության, ասում է, որ Ղարաբաղը Ռուսաստանինն է, այսինքն` Ռուսաստանն կորոշի Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը:

Սա ռուսական կողմի համար շատ կարևոր խաղաքարտ էր, որպեսզի ադրբեջանցիներին ասեն, որ Ղարաբաղի հարցի շուրջ տեղի ունեցող առևտուրն իրենց հետ է պետք անել: Հայերը Ղարաբաղի ճակատագիրը հանձնել են ռուսներին: Ես այդպես եմ գնահատում այդ նամակը: Եթե ադրբեջանցիների համար ղարաբաղյան շարժման խորհրդանիշն ասում է` «Ղարաբաղն ավելի շատ Ռուսաստանի խնդիրն է», և բերում է պատմական հիմնավորում, ապա դրանով ռուսներն Ադրբեջանին ասում են` «Ղարաբաղի հարցով խոսեք մեզ հետ, Հայաստանը մեզ տվել է այդ իրավունքը»: Եվ դա բավական համոզիչ փաստարկ է Ադրբեջանի համար:

Երկրորդը, երբ Սերժ Սարգսյանն Աստանայից եկավ Հայաստան, ասաց` «իսկ ո՞վ ասաց, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն»: Դա նույնպես ռուսական կողմի ուղերձն է Ադրբեջանին, որ «այս հարցը բավական լուրջ է, մենք այս հարցը լուծող ենք, հայկական կողմը ևս հաստատում է, որ մենք ենք որոշում ԼՂ-ի ճակատագիրը»:

– Բայց մյուս կողմից` մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի գլխավոր մտավախությունն այն է, որ Հայաստանը չմիանա ԵՏՄ-ին, քանի որ համոզված են, որ այդ դեպքում Ղարաբաղն էլ փաստացի կմիանա այդ միությանը: Սա չի՞ բխում մեր շահերից:

– Բնականաբար, Ադրբեջանն ունի մտահոգություն, որ եթե Հայաստանը մտնի ԵՏՄ, իսկ իրենք գնան այլ ուղղությամբ, ապա կարող են ընդմիշտ կորցնել Ղարաբաղը, դա է հենց այդ առևտրի առարկան: Դրանով են Ադրբեջանին դրդում դեպի ԵՏՄ: Հիմա ռուսական կողմն Ադրբեջանին ԵՏՄ-ին անդամագրվելու կամ աշխարհաքաղաքական կողմնորոշման համար ասում է` «այն հարցը, որը ձեզ անհանգստացնում է, մենք լուծում ենք, Հայաստանն էլ կանի այն, ինչ կասենք»: Ես այդպես եմ գնահատում:

Բնականաբար, մյուս կողմից` կա ամերիկյան ճնշումը, և ուկրաինական դեպքերից հետո ամերիկյան դիվանագիտության ակտիվացումը, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հայտարարությունը տեղավորվում են այդ շրջանակներում: Նրանք հայտարարեցին, թե այս հարցը պետք է անմիջապես լուծել, և դա Ադրբեջանին էլ է պետք, այսինքն` ուզում են ասել, որ սա նաև Ադրբեջանի անկախության հարցն է: Բառացիորեն ասել են` Ղարաբաղի հարցի շուտափույթ լուծումն Ադրբեջանի անկախության գինն է: Մի քանի օր առաջ Օբաման հայտարարեց, որ Ադրբեջանը կարող է շատ կարևոր դեր կատարել Եվրոպային գազի մատակարարման գործում: Եվ մենք բոլորս հասկանում ենք, որ Ադրբեջանը չունի այդ ռեսուրսները:

Այդ ռեսուրսներն ունեն առաջին հերթին` Թուրքմենստանը և որոշակիորեն` Ղազախստանը, բայց Ղազախստանը մտնում է ԵՏՄ, իսկ Թուրքմենստանն իր մատակարարումների ուղղությունը տարել է դեպի Չինաստան: Դա անտրամաբանական հայտարարություն է, բայց դա ուղերձ է Ադրբեջանին: Կան նաև մյուս ուղերձները, որ ամերիկյան մի քանի նահանգներ ճանաչում են ԼՂՀ-ն, սպառնում են, որ Ադրբեջանում հեղափոխություն կլինի: Այս համատեքստում պետք է դիտարկենք զարգացումները: Եթե Ադրբեջանը գնա Ռուսաստանի հետ մերձեցման ճանապարհով, ապա, բնականաբար, ստանալու է ինչ-որ բան` մեր հաշվին: Սա է խնդիրը:

Բնականաբար, Ադրբեջանը որոշ չափով կորցնում է իր անկախությունը, իր զարգացման հեռանկարները, սակայն, մյուս կողմից, պետք է հիշենք Ադրբեջանում արևմտամետ գործիչների ձերբակալությունները, ինչը նշանակում է, որ Ադրբեջանն ինչ-որ քայլեր անում է Ռուսաստանի ուղղությամբ: Սակայն տեղի են ունենում նաև այլ գործընթացներ, մասնավորապես` թյուրքալեզու պետությունների գագաթաժողովները, որոնք, կարծես թե, իրենց մեջ ունեն հակառուսական ուղղվածություն, քանի որ Ադրբեջանը Ղարաբաղի հարցը լուծելուց հետո, բնականաբար, անմիջապես կթեքվի դեպի Թուրքիա, դրա համար Նազարբաևը Թուրքիային ևս հրավիրում է ԵՏՄ:

Այս իմաստով տեսնում ենք, որ բավական մեծ խաղ է գնում, և Հայաստանն այդ խաղում օբյեկտի դերում է, և մենք ՀՀ իշխանության կողմից չենք տեսնում որևէ վերլուծություն, իրավիճակի գնահատական, որոշակի հեռանկար, տեսնում ենք միայն ինչ-որ խամաճիկների, որոնք խաղում են ուրիշի, այլ ոչ թե մեր երկրի խաղը: Իսկ ո՞րն է մեր երկրի շահը: Դա պետք է հստակեցնեն իշխանությունները և ներկայացնեն հասարակությանը: Սակայն դա չեն կարողանում անել:

– Այսինքն, ըստ Ձեզ, Ղարաբաղը կարող է առևտրի առարկա՞ դառնալ Ադրբեջանի կողմից Ռուսաստանի պահանջը կատարելու դեպքում:

– Արդեն իսկ դարձել է:

– Բայց համաձայնեք, որ այսօր 1920 թիվը չէ, Հայաստանն էլ, ամեն դեպքում, այդքան ծանր իրավիճակում չէ: Այդ տեսակետը մի փոքր միամիտ չի՞ հնչում: Ո՞վ է Ղարաբաղը, կոպիտ ասած, տալու Ադրբեջանին:

– Ռուսաստանը: Իսկ Հայաստանի իշխանությունն իր հայտարարություններով հաստատում է, որ Ռուսաստանն է այդ հարցը որոշում:

– Այսինքն` Հայաստանի իշխանությունը որևէ կերպ չի դիմադրում:

– Այո՛: Այսօրվա իշխանությունը մի խնդիր ունի` պահել իշխանությունը, և վերջ: Դա կարող է լինել Ղարաբաղի, կամ թեկուզ Հայաստանի Հանրապետության գնով: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ արդեն նրանք ամեն ինչի պատրաստ են դրա համար:

– Իսկ որքանո՞վ է հավանական, որ Ադրբեջանը կմիանա եվրասիական գործընթացին:

– Բնականաբար, այդ դեպքում Ադրբեջանը կորցնելու է իր անկախությունը, իր հեռանկարները, որովհետև այսօր նա բավական առանցքային երկիր է (կարող է ոչ միայն նավթ ու գազ արտահանել, այլ նաև տարանցիկ երկիր դառնալ Միջին Ասիայի էներգետիկ պաշարների տեղափոխման հարցում), և այդ առումով մեր միակ հույսը Իլհամ Ալիևն է (ծիծաղում է.- Ա.Ս.), որ չգնա այդ գործարքին: Փաստորեն, մեր հույսը ոչ թե Սերժ Սարգսյանն է, այլ մեր թշնամի երկրի իշխանությունը: Արդյոք նրանք կհրաժարվե՞ն իրենց ինքնուրույնության մեծ մասից` Ղարաբաղի հարցը լուծելու համար, թե՞ ոչ, և երկրորդը` արդյոք նրանց թույլ կտա՞ն, թե՞ ոչ: Համենայն դեպս, Ադրբեջանը շատ մեծ արևմտյան ճնշման տակ է գտնվում:

– Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանն այս իրավիճակում:

– Նախ, առաջին հերթին, Հայաստանը պետք է դառնա Հայաստան: ՀՀ իշխանությունը պետք է արտահայտի Հայաստանի պետական շահերը: Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունը գործում է ճիշտ հակառակ ուղղությամբ: Տեղի է ունենում բարոյական արժեզրկում, բնակչության փախուստ, կոռուպցիայի խորացում, չկա արդարություն, զարգացման հեռանկար: Այս առումով մենք պետք է Հայաստանում ձևավորենք մի իշխանություն, որը ներկայացնում է Հայաստանի, այլ ոչ թե մի խումբ մարդկանց շահերը, ովքեր աշխատում են ցանկացած գնով պահել իրենց իշխանությունը: Այս փոքր հողի վրա այս դեգրադացիան չի կարող շարունակվել: Սա արդեն պետականության խնդիր է: Սա համար մեկ խնդիրն է, որից հետո կարող ենք քննարկել այն ելքերը, որոնք կարող են լինել:

– Համամի՞տ եք, որ եվրասիական ինտեգրացիան հասկանալի չէ հասարակության համար:

– Իսկ ի՞նչն է հասկանալի հասարակության համար:

– Լավագույն դեպքում` սոցիալական խնդիրները:

– Իսկ ինչպե՞ս պետք է լուծվեն սոցիալական խնդիրները, երբ ողջ աշխարհում կատարվում են ֆունդամենտալ գործընթացներ, և անգամ հասարակության մտածող մասն ապակողմնորոշված է: Այսինքն` հասարակության մեջ գնում են տարանջատումներ ինչ-որ գաղափարների շուրջ, ինչը նույնպես շատ վտանգավոր երևույթ է: Չկա պետական շահի գիտակցում, և այդ շահը ձևակերպված չէ: Իսկ դա պետք է անեին հենց իշխանությունները:

– Մինչ օրս որևէ մեկը, ըստ էության, չի բացատրել, թե ի՞նչ տնտեսական օգուտներ ունի Հայաստանն այդ տնտեսական միությունից:

– Եթե իմ կարծիքն եք հարցնում, ապա ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է դառնա չեզոք երկիր` նաև տնտեսական դաշինքների առումով, կամ երկու կողմի հետ էլ հնարավորինս պահի մերձեցման քաղաքականություն: Իհարկե, ԵՏՄ մտնելն այս պահին ճիշտ չէր, և այն հակառուսական տրամադրությունները, որոնք կան, նույնպես ճիշտ չեն: Բոլորի հետ պետք է փորձել լինել լավ և հստակեցնել սեփական շահերը: Այս խնդիրների լուծումը պետք է սկսվի երկրի ներսում: Պետք է լինի արդարության, համերաշխության մթնոլորտ, առավել ևս, երբ մենք գտնվում ենք պատերազմական վիճակում և տնտեսական փլուզման մեջ: Պետք է ձևավորվի հասարակության վստահությունը վայելող իշխանություն, որից հետո պետք է հստակ քաղաքականություն վարել:

– Մեր զրույցը կրկին վերադառնում է Տեր-Պետրոսյանի հոդվածին:

– Այո՛:

– Դրանում տեսնո՞ւմ եք այդ ճանապարհը:

– Իհարկե: Հայաստանը գնում է կործանման, սա բոլորն են տեսնում, և ակնհայտ է, որ Հայաստանում պետք է իշխանափոխություն լինի: Եվ եթե այսպես շարունակվի, գուցե շատ մոտ ժամանակներում մեր պետությունը հայտնվի փլուզման վտանգի առջև:

– Մեծամասնությունը համաձայն է նրա գնահատականների հետ, բայց, մյուս կողմից` այն ուժերը (նրանց թվում` նաև Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ը), որոնք փորձում են համախմբվել, հայտարարում են, թե հանրահավաքներ կանցկացնեն աշնանը: Այստեղ չկա՞ հակասություն:

– Իհարկե կա: Իհարկե, դա անլրջություն է, և իմ կարծիքով` այդ չորս ուժերը, այդ թվում` ՀԱԿ-ը, չունեն համապատասխան վճռականություն, որպեսզի երկրում փոփոխություններ մտցնեն և իրենց վրա պատասխանատվություն վերցնեն: Նրանք այդ ներուժը, առաջին հերթին` բարոյական, չունեն:

– Ինչո՞ւ մեր քաղաքական դաշտը չի կարողանում դուրս գալ այդ շրջապտույտից:

– Որովհետև մեր քաղաքական դաշտը նույնպես կոռումպացված է: Դա վերաբերում է ոչ միայն իշխանությանը, այլև այսօրվա ընդդիմությանը, որի մեծ մասը նույնպես ժամանակին եղել է իշխանություն: Չեմ ուզում կոնկրետ կուսակցություններ մատնանշել, բայց ճնշող մեծամասնությունը սպասարկել է իշխանությանը կամ գոնե եղել է որոշակի պայմանավորվածությունների մեջ, և դա է պատճառը, որ Հայաստանի քաղաքական դաշտն ամբողջովին այլասերված է:

– Եթե քաղաքական ղեկավարն այսպիսի հուժկու, խիստ գնահատականներ է տալիս և նույն օրը չի սկսում շարժումը, դա չի՞ առաջացնում այն տպավորությունը, որ այդ հայտարարությունը պարզապես քաղաքական անցուդարձի պատրանք ստեղծելու համար է:

– Ես Ձեզ հետ միանշանակ համաձայն եմ: Եվ ես կասեի, որ ոչ թե նույն օրը պետք է սկսեր շարժումը, այլ ամիսներ կամ մեկ տարի առաջ: Սա չափից շատ ուշացած հարց է, և, իհարկե, հենց վաղը շարժումը պետք է սկսվի: Նշանակում է, որ սա պարզապես քնեցման հերթական գործընթացն է: Եթե խոստումներ չտան, ապա ուղղակի պետք է լքեն քաղաքական դաշտը, ուստի փորձում են այդ խոստումներով ինչ-որ կերպ քաղաքական դաշտում մնալու հայտ ներկայացնել: Այն, ինչ արվելու է, պետք է արվի անհապաղ:

 

 

Տեսանյութեր

Լրահոս