Ռուսաստանը միշտ էլ իրեն պահել է` ինչպես Ադրբեջանի ընկերը
«Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է Հարավային Կովկասում»,- ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Ալեքսանդր Լուկաշևիչը:
Այս կապակցությամբ մեկնաբանություն խնդրեցինք Հայաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարից: Սակայն Տիգրան Բալայանը հրաժարվեց մեկնաբանել Լուկաշևիչի հայտարարությունը և, ընդհանրապես, Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները` ասելով. «Հայաստանը շատ բարձր է գնահատում իր դաշնակցային-ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ և ամեն ինչ անելու է դրանք առավել խորացնելու, զարգացնելու և ամրապնդելու համար»:
Չնայած Հայաստանի արտաքին գերատեսչության այս դիրքորոշմանը, Ազգային ժողովի Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը չի կարծում, որ Հայաստանը բարձր ռազմավարական-դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության հետ: «168 Ժամի» հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի քաղաքականությունը տարածաշրջանում չի կարելի համարել հայանպաստ:
Անդրադառնալով ռուս-ադրբեջանական հարաբերություններին` Իգիթյանը նշեց` Ռուսաստանը միշտ էլ իրեն պահել է` ինչպես Ադրբեջանի ընկերը:
«Հայաստանի հետ ռազմավարական դաշնակից կամ գործընկեր լինելը չի բացառում այլ երկրների հետ ռազմավարական գործընկերությունը, բայց եթե նայենք բովանդակությանը, Ռուսաստանը միշտ էլ իրեն պահել է` ինչպես Ադրբեջանի մտերիմ գործընկերը: Կարող ենք, թեկուզ, հիշել Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը, վարվելակերպն Ադրբեջանի հանդեպ: Բոլոր դեպքերում Ռուսաստանը միշտ էլ իրեն պահել է` ինչպես Ադրբեջանի ընկերը, ընդ որում, ինձ մոտ միշտ տպավորություն է եղել, որ Ադրբեջանը Ռուսաստանի համար ոչ պակաս ընկեր է, քան Հայաստանը»,- ասաց մեր զրուցակիցը:
«Այո՛, հայ հասարակության մեջ միշտ եղել է այն ընկալումը, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի դաշնակիցը Հայաստանն է, ոչ թե Ադրբեջանը,- մեզ հետ համաձայնում է Հովհաննես Իգիթյանը, բայց միաժամանակ ավելացնում,- Հասարակությունը մտածում է` եթե Ռուսաստանը Հայաստանում մեծ ռազմաբազա ունի` երկար ժամկետով, իսկ Ադրբեջանում չունի, Հայաստանը բոլոր տնտեսական ոլորտները տալիս է Ռուսաստանին, գազի մենաշնորհը երկար ժամկետով տալիս է Ռուսաստանին, ի վերջո, ամենակարևորը` Հայաստանը Ռուսաստանի հետ միասին նույն ռազմական դաշինքի (ՀԱՊԿ) մեջ է, ապա Ռուսաստանը պետք է Հայաստանի՛ն համարի իր գլխավոր դաշնակից երկիրը և ամեն ինչ անի, որ Հայաստանը, որպես համար մեկ դաշնակից երկիր, տարածաշրջանում ավելի շահեկան վիճակում լինի, բայց իրականությունն այլ է: Ռուսաստանի քաղաքականությունը մեր տարածաշրջանում չի կարելի համարել հայանպաստ և Հայաստանի շահերը հաշվի առնող` թե՛ Ղարաբաղյան հակամարտության հարցում, թե՛ Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության, թե՛ նույնիսկ Հայաստանի ներսում Ռուսաստանի տնտեսական ազդեցության իմաստով»:
Իսկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով` ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորացման պատճառն այն է, որ Հայաստանն այլևս գործոն չի հանդիսանում, և Ռուսաստանը Հայաստանի հետ անում է այն, ինչ ուզում է, քանի որ, միևնույն է, Հայաստանի իշխանությունները որևէ կերպ չեն պատասխանում: Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց հետևյալը. «Ռուսաստանի իշխանությունները հստակ հասկանում են այն պարզ իրողությունը, որ Հայաստանի իշխանությունն այլևս իրենց ենթակայության տակ է, իրենք այստեղ անում են այն, ինչ ցանկանում են, և որևէ մեկն իրենց դիմադրություն ցույց չի տալիս: Մենք կորցրել ենք մեր սուբյեկտայնությունը` Սերժ Սարգսյանի ակտիվ ջանքերով, ուստի իրենց մնում է միայն կառուցել իրենց հարաբերությունները սուբյեկտի, այս դեպքում, ցավոք սրտի, Ադրբեջանի հետ: Եվ միայն նոր իշխանությունները կկարողանան վերականգնել Հայաստանի սուբյեկտայնությունը»:
Ի դեպ, Կրեմլն առաջին անգամ չէ ռուս-ադրբեջանական հարաբերությունները որակում այնպես, ինչպես արտահայտվել է Լուկաշևիչը: Ռուսաստանի և Ադրբեջանի «ռազմավարական գործընկերության» մասին տարբեր ժամանակներում խոսել են Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և ղեկավար այրեր, այդ թվում` նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը և գործող նախագահ Վլադիմիր Պուտինը: Վերջին ամենաթարմ օրինակը ս. թ. մայիսի 28-ին Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձն էր Իլհամ Ալիևին` Ադրբեջանի Հանրապետության օրվա կապակցությամբ: Իր ուղերձում Պուտինը մասնավորապես նշել էր. «Բարիդրացիականության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված ռուս-ադրբեջանական հարաբերությունների դրական դինամիկան վկայում է մեր ռազմավարական գործընկերության ամրության մասին»: