Քաղաքական ուժերի մեծամասնությունը մերժում է սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը
ԵՄ Հայաստանյան պատվիրակությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը կազմակերպել են երկօրյա քննարկում, որի ժամանակ հնարավորություն է տրված Հայաստանի խորհրդարանական և ոչ խորհրդարանական կուսակցություններին` արտահայտելու իրենց դիրքորոշումը Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նկատմամբ: Այսպիսի քննարկում, թերևս, պետք է կազմակերպեին հենց իրենք` խորհրդարանական կուսակցությունները և խմբակցությունները, բայց նրանք նման քննարկման անհրաժեշտություն ընդհանրապես չեն տեսնում, քանի որ մերժում են նման բարեփոխումների գաղափարը:
Ավելին, ելույթ ունեցողների մի մասը, ինչպես, օրինակ, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կամ
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, իրենց ելույթների նախաբանում հատուկ ընդգծում էին, որ իրենք մասնակցում են այդ միջոցառմանը՝ հրավիրող կողմի նկատմամբ հատուկ հարգանք տածելու պատճառով: Ուզում էին ասել, որ եթե նման քննարկում կազմակերպեր, օրինակ, ԱԺ-ն կամ հայաստանյան որևէ այլ կազմակերպություն, իրենք դժվար թե ընդունեին հրավերը:
Արամ Մանուկյանը խոստացավ, որ իր ներկայացրած քաղաքական ուժն այլևս չի մասնակցելու նման թեմայով քննարկման, քանի որ իրենք համարում են, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա: «Չկա հանրային պահանջ, չկա հասարակական պահանջ, չկա սահմանադրական ճգնաժամ»: Կրկնելով Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հոդվածի դրույթները, Արամ Մանուկյանը հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումներն իշխանությունների կողմից նախաձեռնվել են քաղաքական ուժերին պայքարի հիմնական օրակարգից շեղելու նպատակով, և որպեսզի իրենք այլևս չշեղվեն, Մանուկյանը խոստացավ, որ իրենք այլևս չեն մասնակցելու սահմանադրական բարեփոխումների թեմայով կազմակերպված որևէ քննարկման:
Գրեթե նույն տեսակետին է նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ում կարծիքով՝ հասարակությունը և ժողովուրդը բացարձակ հետաքրքրված չէ սահմանադրական փոփոխություններով. և, բացի այդ, եթե անգամ այդ փոփոխությունների անհրաժեշտություն կա, ապա այս իշխանությունները չէ, որ պետք է իրականացնեն այդ փոփոխությունները:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը համարում է, որ Հայաստանի խնդիրը ոչ թե վատ Սահմանադրությունն է, այլ այն, որ Հայաստանում կան մարդիկ կամ խմբեր ովքեր վեր են կանգնած Սահմանադրությունից, և ինչպիսի Սահմանադրություն էլ լինի, նույնիսկ ամենակատարյալը, միևնույն է, այդ խնդիրը չի լուծվելու: Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ սահմանադրական փոփոխություններ կարելի է իրականացնել միայն վստահության մթնոլորտում. մինչդեռ «այսօր վստահությունն իշխանության նկատմամբ զրոյական է»: ԲՀԿ խմբակցության քարտուղարը հայտարարեց, որ փոփոխությունների հայեցակարգի նախագծի ուսումնասիրությունից եկել է այն եզրակացության, որ այն «Ուղղված է խիստ կոնկրետ քաղաքական թիմի շահերի սպասարկմանը»:
Այս պահին ՍԴ փոփոխություններ անցկացնելու նպատակահարմարությունը չի տեսնում նաև ՕԵԿ-ը: Այս կուսակցությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Ընտրական օրենսգրքում» և անցում կատարել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի:
Միակ ընդդիմադիր կուսակցությունը, որը կողմ է Սահմանադրական փոփոխություններին ՀՅԴ-ն է, որի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն իր գործընկեր կուսակցությունների դիրքորոշումը գնահատեց՝ որպես «խռոված երեխայի սինդրոմ», և կոչ արեց նրան միավորվել և ներկայացնել սահմանադրական փոփոխությունների այնպիսի առաջարկություններ, որի ընդունման պարագայում հնարավոր կլինի հասնել ընտրությունների միջոցով իշխանության փոխանցմանը: Ըստ Մինասյանի, եթե իշխանությունը կամ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը կմերժեն իրենց առաջարկները, ապա մնում է «մեկ տարբերակ`փողոցային հեղաշրջումը»:
Մյուս ելույթ ունեցողները ևս շեշտում էին, որ եթե գործող Սահմանադրության նորմերը չեն գործում, եթե Հայաստանը ոչ իրավական, ոչ սոցիալական, ոչ ժողովրդավարական, այլ օլիգարխիկ երկիր է, ի՞նչ իմաստ ունի ավելի լավ Սահմանադրություն գրել: Միևնույն է, ամենակատարյալ Սահմանադրությունն անգամ, եթե չի գործելու, դրա գոյությունը ոչինչ չի տալիս:
Ի՞նչ է պատասխանում բոլոր այս մեղադրանքներին ՍԴ նախագահը: Գագիկ Հարությունյանն անհրաժեշտ է համարում ՍԴ փոփոխությունները՝ վստահեցնելով, որ ինքը ոչ մի քաղաքական պատվեր չի կատարում և անհիմն է համարում մեղադրանքները, որ Սահմանադրական բարեփոխումներն ուղղված են մեկ քաղաքական ուժի շահերի սպասարկմանը: Համաձայնելով, որ Հայաստանում կան վատ դրսևորումներ, Հարությունյանը հայտարարում է, որ սահմանադրական բարեփոխումներն ուղղված են «Վատ, սուբյեկտիվ դրսևորումների համար տեղ չթողնելուն, կաշկանդել բացասական դրսևորումները և խրախուսել դրականը»: Գագիկ Հարությունյանն անընդունելի է համարում նաև քաղաքական կուսակցությունների այն դիրքորոշումը, որ Հայաստանում բոլոր օրենքները կատարյալ են, իսկ խնդիրները գալիս են վատ կառավարիչներից. եթե իշխանությունում լինեն իրենք, ամեն ինչ լավ կլինի:
Արդյո՞ք այս բացատրությունը որևէ կերպ կարող է փոխել քաղաքական ուժերի վերաբերմունքը սահմանադրական փոփոխությունների նկատմամբ: Իհա՛րկե ոչ. որովհետև քաղաքական ուժերի պայքարը հենց հանուն նրա է, որ իրենք հասնեն իշխանության: Հնարավոր է, որ դրա արդյունքում երկրում ոչինչ չփոխվի, բայց, որ այդ մարդկանց համար փոփոխությունը շոշափելի կլինի, միանշանակ է: Այնպես որ, իմաստ չունի զարմանալ մի բանի վրա, որն այնքան բնական է ու բացատրելի: