Արմեն Մարտիրոսյանը համաձայն է Տեր-Պետրոսյանի հետ
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը համաձայն է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը վերջին ամիսներին իր մի քանի ելույթներում, ըստ էության, ներկայացրել է «Հայաստանի կործանման ճանապարհային քարտեզը»: Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին նախագահն այդպես էր վերնագրել այսօր հրապարակված իր հոդվածը:
168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Տեր-Պետրոսյանի հոդվածը` Արմեն Մարտիրոսյանը նշեց. «Այն, ինչ Տեր-Պետրոսյանն ասում է, մենք դրա մասին բազմիցս բարձրաձայնել ենք: Այնպես որ, գնահատականների մեծամասնությունը եղել է նախկինում արված մեր հարցազրույցներում և մեկնաբանություններում»:
Անդրադառնալով հոդվածի այն դրույթներին, որոնք վերաբերում էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ու նրա նախագահ Գագիկ Ծառուկյանին, Մարտիրոսյանը նշեց, որ ինքը նույնպես, վարչապետ Հովիկ Աբրահամյանի նշանակումը մեկնաբանելիս, ժամանակին ասել է, որ իշխանություններն այդ քայլով փորձել են կաշկանդել Հովիկ Աբրահամյանի հետ խնամիական հարաբերություններ ունեցող Գագիկ Ծառուկյանի գործունեությունը:
Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հոդվածում գրել էր, թե «Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին վարչապետ է նշանակել ոչ ամենևին նրա որակներն ու արժանիքները հաշվի առնելով, այլ երկրի թալանը ավելի մեծ թափով շարունակելու, ապագա ընտրություններն ու հնարավոր սահմանադրական հանրաքվեն կեղծելու և Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի ձեռքերը կապելու նկատառումներով»:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի քաղաքականությանը, Տեր-Պետրոսյանն իր հոդվածի վերջաբանում նշել էր. «Պահի հրամայականն է օր առաջ ազատվել այս ազգակործան իշխանությունից: Իսկ եթե դա մոտակա ժամանակներս չհաջողվի, և բանը հասնի սահմանադրական հանրաքվեի, ապա այդ հանրաքվեն, համազգային անվստահության ցույցի վերածելով, պետք է դարձնել իշխանափոխության վերջին, վճռական հանգրվանը»:
Այս մասին հայտնելով իր կարծիքը` Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իշխանափոխությունը պետք է լինի մինչև սահմանադրական հանրաքվեն համազգային անվստահության ցույցի վերածելը.
«Ինչպես նախկինում ասել եմ, իշխանությունը, այդ կառավարության փոփոխությամբ, սահմանադրական բարեփոխումներ ձեռնարկելով, ժամանակ շահելու խնդիր է լուծում: Եվ ես չգիտեմ` կարո՞ղ է ընդդիմությունը սահմանադրական հանրաքվեի փուլի ժամանակ մեծ դիմադրություն ցույց տալ, որովհետև ժամանակն այլևս աշխատում է ի օգուտ իշխանության: Որքան ժամանակն առաջ շարժվի, իշխանության օգտին է լինելու` բացառությամբ մի դետալի: Այդ դետալը կոչվում է ներտնտեսական բարդ իրավիճակ, որովհետև սոցիալ-տնտեսական իրավիճակը բավականին վատթարացել է, և իշխանությունը, կարծես թե, արտաքին դաշտում այլևս գործընկեր չունի, բոլոր կողմերից մերժված է»: