Արմեն Գևորգյանը հանձնարարականներ է տվել
ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ներկայացվեցին հանրապետության համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2014թ. առաջին հինգ ամիսների կատարողականի ցուցանիշները:
Նշվեց, որ ընդամենը եկամուտների կատարողականը կազմել է 98,3 տոկոս, նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 7,1 տոկոս կամ 2,5 մլրդ դրամ: Սեփական եկամուտների կատարողականը (5 հիմնական հարկատեսակների մասով) 99,1 տոկոս է, աճը կազմել է 18,4 տոկոս կամ 1,5 մլրդ դրամ: Հողի հարկի հավաքագրումը կատարվել է 81, գույքահարկինը՝ 105 տոկոսով:
Նիստը վարող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ՏԿ փոխնախարար Արտաշես Բախշյանին հանձնարարեց տեղական եկամուտների, մասնավորապես՝ հողի հարկի, հավաքագրման խնդիրը պահել ուշադրության կենտրոնում:
Առաջիկայում նախարարության կողմից նաեւ վերլուծություն կներկայացվի երեք մարզերում՝ Արագածոտնում, Գեղարքունիքում եւ Շիրակում հատկապես հողի հարկի հավաքագրման գործընթացում հարկատուների ներգրավվածության վերաբերյալ: Փոխվարչապետն անթույլատրելի համարեց հարկատուների նկատմամբ ընտրանքային մոտեցում ցուցաբերելու դեպքերը՝ նկատելով, որ դա առաջին հերթին չի բխում բնակիչների շահերից եւ վարչարարության առումով դժվարություններ է առաջացնում: Նա կարեւորեց այս ոլորտում վարչարարության բարելավման ու բնակչության շրջանում իրազեկման աշխատանքների իրականացումը, ինչպես նաեւ առաջարկեց ուսումնասիրությունների քննարկմանը հրավիրել նաեւ մարզպետներին եւ խնդրով հետաքրքրվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Նիստի օրակարգի մյուս հարցը վերաբերում էր տեղական ինքնակառավարման ոլորտում կանանց ներգրավվածության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ժողովրդավարական ծրագրերի համակարգող Ալլա Բակունցը տեղեկություններ ներկայացրեց Եվրամիության ֆինանսավորմամբ եւ ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների խթանում Հայաստանում. Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» ծրագրի մասին, որի նպատակը տեղական մակարդակում գենդերային հավասարության ապահովմանն աջակցելն է:
Ծրագիրը մեկնարկել է 2012 թ. օգոստոսից եւ կավարտվի այս տարվա նոյեմբերին: Հիմնական բաղադրիչներն են՝ որոշումների կայացման գործընթացներում ՏԻՄ ընտրությունների թեկնածու եւ ընտրված կանանց մասնակցության համար անհրաժեշտ կարողությունների զարգացում՝ նրանց գիտելիքների եւ հմտությունների զարգացման միջոցով, տեղական իշխանությունների գիտելիքների եւ կարողությունների զարգացում՝ մասնակցային եւ գենդերային զգայունությամբ կառավարման համար եւ խնդրի վերաբերյալ հանրային դիսկուրսի կազմակերպում՝ շահագրգիռ բոլոր կողմերի ներգրավվածությամբ:
Ծրագրի իրականացման գործընթացում ներգրավված կազմակերպության՝ «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա»-ի նախագահ Ջեմմա Հասրաթյանը ներկայացրեց կատարված աշխատանքները: Ծրագրի պատասխանատուները նշեցին, որ իրականացված միջոցառումները դրական արդյունքներ են արձանագրել եւ նպաստել են տեղական մակարդակում կանանց մասնակցության ակտիվացմանը, անհրաժեշտ գիտելքիների եւ կառավարչական հմտությունների ձեւավորմանը:
Միաժամանակ ցանկալի արդյունքի հասնելու համար կարեւորվեց այդ ուղղությամբ հետեւողական աշխատանքների իրականացումը:
Փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքների համար՝ ընդգծելով, որ տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներգրավվածության բարձրացման խնդիրը նաեւ նախարարության ուշադրության կենտրոնում է լինելու: Նա օգտակար համարեց ծրագիրը եւ կարեւորեց դրա շարունակությունը՝ նշելով ինչպես տեղերում տեղեկացման, կարողությունների զարգացման, այնպես էլ քաղաքական ուժերի հետ աշխատանքների անհրաժեշտությունը:
Ա. Գեւորգյանը նաեւ ծրագրի պատասխանատուներին առաջարկեց նախարարության հետ համատեղ տեղական մակարդակում կանանց ներգրավվածության մասնակցության խթանմանն ուղղված կոնկրետ գործողությունների ծրագիր մշակել, որը հնարավոր կլինի ներառել տարբեր կազմակերպությունների՝ Եվրամիության, Եվրախորհրդի, ԱՄՆ ՄԶԳ-ի, ՄԱԶԾ-ի հետ համագործակցության ձեւաչափերում:
Կոլեգիայի նիստում ՏԿՆ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը տեղեկություններ ներկայացրեց ռուսական կողմի հետ միգրացիոն ոլորտում իրականացվող աշխատանքների ընթացքի մասին: Ըստ նրա՝ ՌԴ Միգրացիոն դաշնային ծառայության հետ արդեն համաձայնեցրել են երկու համաձայնագրերի նախագծեր, որոնք ներկայումս ներպետական ընթացակարգերի փուլում են: Փաստաթղթերով Ռուսաստանի
Դաշնությունում ՀՀ քաղաքացիների գտնվելու համար առավել արտոնյալ պայմաններ են սահմանվում. մասնավորապես մուտք գործելուց հետո հաշվառման ժամկետը 7 օրվա փոխարեն դարձվում է 30 օր, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիների համար էապես դյուրացվում են աշխատանքային գործունեության համար նախատեսված ընթացակարգերը եւ լրացուցիչ թույլտվություն ձեռք բերելու անհրաժեշտություն չի առաջանում:
Փոխվարչապետը հույս հայտնեց, որ փաստաթղթերը սեղմ ժամկետներում կստորագրվեն, ինչպես նաեւ առաջարկեց համապատասխան իրազեկման աշխատանքներ իրականացնել:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին