Միայն Ծառուկյանով կա Հայաստանին փրկություն՝ Սերժ Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի՝ կործանման տանող ճանապարհից
ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել հրապարակմամբ՝ «Հայաստանի կործանման Սերժ Սարգսյանի ճանապարհային քարտեզը»: Միանգամից նշենք՝ ի հեճուկս այս սարսափազդու վերնագիրն ընթերցելուց հետո առաջացող ակնկալիքի, որ նման վտանգ գուժելուց հետո ՀՀ հիմնադիր նախագահը պետք է առաջարկի «Հայաստանի փրկության Լևոն Տեր-Պետրոսյանի ճանապարհային քարտեզը», հոդվածում նման բան չկա: Ինչպես միշտ, Տեր-Պետրոսյանը շարադրելով ու հիմնավորելով, թե ինչպես է Սերժ Սարգսյանը Հայաստանը տանում կործանման, կործանումը կանխելու քայլերի փոխարեն՝ վերջում ընդամենը նշում է, որ եթե՝ այս, այս, այս, ապա կործանման տանող առիթներից մեկը «համազգային անվստահության ցույցի վերածելով, պետք է դարձնել իշխանափոխության վերջին, վճռական հանգրվան»։
Այդ առիթն, ի դեպ, կարող է ծագել մեկ տարվանից ոչ շուտ: Բայց փույթ չէ, մինչ այդ Լևոն Տեր-Պետրոսյանը կսպասի, մինչև Սերժ Սարգսյանն ավելի կխորացնի Հայաստանի կործանումը՝ փրկությունն ավելի դրամատիկ դարձնելու համար: Բայց ամեն ինչի մասին՝ հերթով:
Նախ, ըստ Լևոն-Տեր Պետրոսյանի, Հայաստանի կործանման ճանապարհային քարտեզի քայլերից մեկը նոր կառավարության նշանակումն է՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Նա մանրամասն անդրադառնում է Հովիկ Աբրահամյանի արատներին՝ այդպես էլ որևէ կերպ չհիշատակելով ընդամենը մեկ ամիս առաջ իր արած այն հայտարարությունը, որ Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականը սահմանադրական ճանապարհով կառավարություն փոխելու աննախադեպ քայլ էր և Քառյակի հաղթանակը:
Կարծես այն ժամանակ պարզ չէր, որ Տիգրան Սարգսյանի ամենահավանական փոխարինողը հենց Հովիկ Աբրահամյանն էր լինելու և ոչ թե, ասենք, Վարդան Բոստանջյանը: «Հայաստանում պաշտոնավարած ամերիկյան դիվանագետների զեկուցագրերը և ռուսական մամուլը այնպիսի անվայելուչ որակումներով են բնութագրում Աբրահամյանին, որ ես ինձ նվաստացած կզգամ, եթե այստեղ կրկնեմ իմ երկրի վարչապետին հասցեագրված այդ որակումները։ Ցանկացողները դրանց կարող են ծանոթանալ «Ի լուր» կայքի «Հովիկ Աբրահամյանի իմիջը Ամերիկայի Միացյալ Նահանգներում» (iLur.am. 28.04.2014) և «Հովիկ Աբրահամյանի իմիջը Ռուսաստանում» (iLur.am. 06.05.2014) վերնագրերը կրող հրապարակումներում։
Մի խոսքով, Հովիկ Աբրահամյանին որպես հրեշտակ ներկայացնելու Սերժ Սարգսյանի ջանքերը, համոզիչ չլինելուց առավել, միայն ծիծաղ կարող են առաջացնել»,- գրում է Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա այս հայտարարությունը, միանգամայն իրավացի լինելով, մեղմ ասած, նաև տարակուսելի է: Ոչ թե Հովիկ Աբրահամյանի առնչությամբ, այլ նրա խնամու:
Հովիկ Աբրահամյանի մասին որակումների հիշատակումը նվաստացուցիչ է համարում մեկը, ով Գագիկ Ծառուկյանին ոչ միայն համեմատում էր Բիձինա Իվանիշվիլիի հետ, նրա ղեկավարած կուսակցությունը ոչ միայն համարում էր (է) հայաստանածին, այլև՝ որպես Հայաստանում «ժողովրդավարության ու սահմանադրական կարգի հաստատման» գործում առանցքային դերակատար: Արդյո՞ք Գագիկ Ծառուկյանի իմիջը Ռուսաստանում և այլուր որևէ բանով զիջում է Հովիկ Աբրահամյանի իմիջին: Հազիվ թե: Եթե ոչ՝ հակառակը:
Բայց դա Լևոն Տեր-Պետրոսյանին չի խանգարում Ծառուկյանին այս հրապարակման ենթատեքստում ևս ներկայացնել՝ որպես Հայաստանի «ամենա» քաղաքական գործիչ: «Ինչևէ, բոլորի համար ակնհայտ ու հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին վարչապետ է նշանակել ոչ ամենևին նրա որակներն ու արժանիքները հաշվի առնելով, այլ երկրի թալանը ավելի մեծ թափով շարունակելու, ապագա ընտրություններն ու հնարավոր սահմանադրական հանրաքվեն կեղծելու և Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի ձեռքերը կապելու նկատառումներով։
Թալանի և ընտրակեղծարարության մասով Սարգսյանը կարող է ոչ մի մտավախություն չունենալ, որովհետև այդ գործերի կազմակերպման համար Աբրահամյանից ավելի հարմար թեկնածու դժվար թե գտներ։ Ինչ վերաբերում է երրորդ նկատառմանը, ապա այստեղ Սերժի սպասումը չարդարացավ, քանի որ Ծառուկյանը հրաժարվեց կոալիցիա ձևավորել ՀՀԿ-ի հետ, թեև համաձայնելու պարագայում ԲՀԿ-ն կարող էր ստանալ 7–8 նախարարի և 4–5 մարզպետի պաշտոն։
Չհաջողելով այս հարցում, վստահաբար, Սերժ Սարգսյանը փորձելու է Ծառուկյանին ներքաշել համագործակցության մի այլ դաշտ` նրան մասնակից դարձնելով Սահմանադրական փոփոխությունների գործընթացին»,- գրում է ՀԱԿ առաջնորդը՝ կրկին մոռանալով, որ Գագիկ Ծառուկյանը դեռևս Անվտանգության խորհրդի անդամ է, նրա տակավին անկուսակցական մարդկանցից մեկն էլ՝ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար: Բայց նույնիսկ դա չէ ամենակարևորը, այլ հարցը՝ եթե Հովիկ Աբրահամյանի կառավարությունը Հայաստանի կործանմանը տանող հիմնական գործոններից մեկն է, ինչո՞ւ ՀԱԿ-ը ոչ թե վճռական «դեմ» քվեարկեց այդ կառավարության ծրագրին, այլ լղոզված «ձեռնպահ»:
Էլ չխոսենք ՀԱԿ-ականների ոգևորված գնահատականների ու կիսաձոների մասին՝ առ Հովիկ Աբրահամյան: Պակաս կարևոր չէ ևս մեկ հարց՝ արդյո՞ք Լևոն Տեր-Պետրոսյանի այս գնահատականները՝ Հովիկ Աբրահամյանի հայաստանակործան լինելու մասին, համաձայնեցված են Գագիկ Ծառուկյանի հետ: Տեր-Պետրոսյանն իր հրապարակման մեջ քառյակի գործունեությունը ներկայացնում է որպես իշխափոխության ամենակարևոր գործոն, քառյակի մասին խոսում է առանձնակի ջերմությամբ:
Ուստի՝ արդյո՞ք քառյակի ամենահիմնական անդամը՝ Գագիկ Ծառուկյանը, իր հավանությունը տվել է սեփական խնամուն ուղղված այս գնահատականների հնչեցման առնչությամբ: Եթե այո, ապա դա բավական հետաքրքիր է, եթե ոչ՝ գուցե պակաս, բայց էլի հետաքրքիր: Իհարկե, հաշվի առնելով հրապարակման մեջ կարմիր թելի պես անցնող «Ծառուկյանը՝ պուպուշ, մյուսները՝ ախք» տրամաբանությունը, այնպիսի տպավորություն է ստացվում, որ այս հոդվածը Ծառուկյանի համար կարող է ունենալ նույն նշանակությունը, ինչպես վերջերս «ստացված» Ասպետի կոչումը:
Երկուսն էլ հաճելի են ու շոյող: Այն տարբերությամբ, որ Տեր-Պետրոսյանի գնահատականներում Ծառուկյանն ասպետացվում է՝ ի հաշիվ Հովիկ Աբրահամյանի աստիճանազրկման: Ինչևէ: Սա Ծառուկյան-Աբրահամյան տանդեմի պարզելիք հարցն է, որին գուցե նրանք մասնակից կդարձնեն ՀՀ նախագահներից որևէ մեկին՝ Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին, ինչո՞ւ ոչ՝ նաև Լևոն Տեր-Պետրոսյանին: Առանձին-առանձին, կամ բոլորին միասին:
Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակման մյուս՝ արտաքին քաղաքական «հմայքը» վերաբերում է Եվրասիական միությանը, Աստանայից հետո ստեղծված իրավիճակին: Սերժ Սարգսյանին գամելով անարգանքի սյունին ղազախական լռության և ծաղկաձորյան հայտարարության առիթով, Տեր-Պետրոսյանը որևէ բառ չի ասում Հայաստանի շահերը ոտնահարող այդ միությանը մեր երկրի անդամակցության նպատակահարմարության վերաբերյալ: Չի ասում, որովհետև կարևոր ասելիքն ասել է մի անգամ՝ դա անշրջելի է: Չի ասում, որովհետև ասելու դեպքում բովանդակությունն այն պետք է լիներ, որ ինքը կամ Գագիկ Ծառուկյանն ավելի արժանապատիվ կտանեին Հայաստանի շահերի ոտնահարումը, քան վարվել է Սերժ Սարգսյանը:
Լևոն Տեր-Պետրոսյանը շարադրել է Հայաստանի կործանման այլ պատճառներ ևս՝ հայ-թուրքական հարաբերությունները, սահմանադրական փոփոխությունները և այլն: Եզրահանգումը, ինչպես նշեցինք հոդվածի սկզբում, ոչ թե Հայաստանի կործանումը կանխելու առարկայական քայլերի առաջարկումն է, այլ սպասումը, որ կործանումն ավելի կխորանա ու…. «Ուստի պահի հրամայականն է օր առաջ ազատվել այս ազգակործան իշխանությունից։ Իսկ եթե դա մոտակա ժամանակներս չհաջողվի, և բանը հասնի սահմանադրական հանրաքվեի, ապա այդ հանրաքվեն, համազգային անվստահության ցույցի վերածելով, պետք է դարձնել իշխանափոխության վերջին, վճռական հանգրվանը»։
Ուշադրություն դարձրեք՝ հրամայականը՝ լինելով պահի, ըստ Տեր-Պետրոսյանի, կարող է սպասել մինչև սահմանադրական հանրաքվեն, որը, նախնական ժամանակացույցի համաձայն՝ տեղի է ունենալու 2015 թվականի վերջին, 2016-ի սկզբին: Այսինքն՝ Հայաստանը կործանման ճանապարհով կարող է ընթանալ ևս 1-2 տարի: Պայքար, պայքար, մինչև վերջ…