Լյուդմիլա Սարգսյան. Մեր պայքարը Սերժ Սարգսյանի դեմ է, ոչ թե Եվրասիական միության
Հարցազրույց Վերակազմյալ ՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ
Լյուդմիլա Սարգսյանի հետ
– Տիկին Սարգսյան, Ձեր հարցազրույցներում մի քանի անգամ հայտարարել եք, որ Աստանայի հանդիպումը տապալված էր: Արդյո՞ք այն տապալված էր` որովհետև Հայաստանի առջև Ղազախստանի նախագահ Նազարբաևը նախապայման դրեց, թե՞ որովհետև Հայաստանի նախագահը դրան համարժեք պատասխան չտվեց, թե՞ այլ պատճառներ կան այդ հանդիպումը տապալված համարելու համար:
– Կարելի է ասել` երկու իմաստով էլ, որովհետև եթե Հայաստանը Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամ երկրների համար գործընկեր երկիր է, ում հետ սկսվում է երկարաժամկետ համագործակցություն, ապա գործընկեր երկրի նախագահի հետ այդպես չեն վարվում, ավելի բարեկիրթ են գտնվում: Եթե ինչ-որ հրապարակային հայտարարություն պետք է հնչեցվեր, որի մասին գիտեին հանդիպմանը մասնակցող մյուս երեք երկրների նախագահները, ապա այդ հարցի բովանդակությանը պետք է տեղյակ պահեին նաև Սերժ Սարգսյանին, որպեսզի նա ժամանակ ունենար պատրաստելու իր պատասխանը:
Մինչդեռ տեղի ունեցածը հուշում է, որ մեր երկիրը գործոն չէ Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում: Գործոն չէ, որովհետև այն հավակնությունները, որ մենք ներկայացրել էինք Մաքսային միությանը միանալու մեր մտադրության մասով, պետք է այդ երկրներին հուշեր, որ Հայաստանն իրենց համար գործընկեր երկիր է, ում հետ իրենք ընդհանուր ճանապարհ պետք է անցնեն, և Հայաստանը պետք է դիտարկեին` որպես Եվրասիական տնտեսական միության համահիմնադիր երկիր: Բայց եռյակը բացառեց նման հնարավորությունը և, ընդհակառակը, նսեմացվեց մեր երկրի դերակատարումը` երկրի նախագահին անհարմար վիճակի մեջ դնելով: Բնականաբար, Նազարբաևն այդ ամենը հենց այնպես չասաց. այդ քայլով ասվեց ավելին, քան բառացի հնչեցվեց:
– Ի՞նչ նկատի ունեք, Դուք ինչ-որ այլ ենթատե՞քստ եք տեսնում Նազարբաևի հայտարարության մեջ:
– Պարզ էր, որ դե յուրե Հայաստանը ԵՏՄ պետք է մտներ առանց Լեռնային Ղարաբաղի, դա պարզ է բոլորիս համար: Բայց այդ հավաքի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր Ռուսաստանի ղեկավարի լռությունը ցույց է տալիս, որ մենք չունենք բարեկամ երկիր, որը շահագրգիռ է Ղարաբաղի հարցում առկա ստատուս-քվոն պահպանելուն, և առավել քան տեսանելի է, որ ադրբեջանական գործոնը Եվրասիական տնտեսական միությունում ավելի հզոր է, քան հայկականը: Ադրբեջանը չլինելով ԵՏՄ-ի անդամակցելու հավակնորդ երկիր, ավելի մեծ ազդեցություն ունի այդ միությունում, քան Հայաստանը, որ անընդհատ պատրաստակամություն է դրսևորում օր առաջ միանալ այդ միությանը: Այստեղից կարելի է եզրակացնել, որ մեր երկիրը չունի այն կշիռն ու նշանակությունն այդ միության անդամների համար, որ նրա շահերն ավելի գերակա համարվեն Ադրբեջանի շահերի նկատմամբ:
– «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որով անընդունելի է համարում Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ և ՄՄ-ին, և կոչ էր արել մյուս կուսակցություններին` համատեղ պայքար սկսել այդ գործընթացը կասեցնելու համար: Չե՞ք պատրաստվում արձագանքել այդ կոչին:
– «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը զարմանալի չէր, քանի որ այդ կուսակցությունը միշտ դեմ է եղել Հայաստանի ՄՄ անդամակցությանը և, ընդհակառակը, կողմ է եղել է ԵՄ-ին ինտեգրվելուն: Այնպես որ, բնական է, որ Աստանայի հանդիպումը նրանք համարում են առիթ Եվրասիական ինտեգրումից հետ կանգնելու համար: Բայց մեր կուսակցությունը չի կիսում նման ծայրահեղ մոտեցումը, քանի որ հետ կանգնելն իր մեջ շատ ավելի մեծ վտանգներ է պարունակում, քանի որ մենք առանց այն էլ մեր միջազգային գործընկերների կողմից անլուրջ ենք դիտարկվում, իսկ այդ անլրջությունը գալիս է նրանից, որ մենք չորս տարի պատրաստվում ենք ԵՄ-ի հետ ասոցիացմանը, իսկ մի օրվա ընթացքում որոշում ենք անդամակցել Մաքսային միությանը:
– Մի՞թե ավելի անլուրջ չենք դիտարկվի, եթե անդամակցենք մի կազմակերպության, որտեղ մեր շահերը ոտնահարվում են, և ընդհակառակը` առաջնային են մեր հակառակորդի պահանջները:
– Այստեղ խնդիրը բարոյական հարթության մեջ է, որ մենք ունենք մի իշխանություն, որն այնքան կշիռ չունի, որպեսզի պաշտպանի Հայաստանի շահերը: Խնդիրը մեր մեջ է, մեր իշխանությունների մեջ է: Երբ մենք ասում էինք, որ մեզ պետք է լեգիտիմ, ժողովրդի կողմից ընտրված նախագահ, դա ոչ թե կապրիզ էր, կամ մենք ինչ-որ ֆորմուլա էինք հնչեցնում` հանուն հնչեցնելու, այլ դրա տակ իմաստ կար: Ընդդիմությունը հիմա էլ է ասում, որ մեր խոցելիությունը գալիս է ոչ լեգիտիմ իշխանությունների գոյությունից: Չէ՞ որ Հայաստանի իշխանության ոչ լեգիտիմության մասին միայն մենք չէ, որ գիտենք, գիտեն նաև Աստանայի հանդիպմանը մասնակցող երկրների նախագահները:
– Ըստ Ձեզ` եթե Ղազախստանի նախագահն իմանար, որ Հայաստանի նախագահը ժողովրդի մեծամասնության կողմից ընտրված նախագահ է, նա չէ՞ր ընթերցի Ադրբեջանի նախագահի նամակը:
– Միգուցե մտածեր՝ արժի՞ կարդալ, թե՞ ոչ: Բացի այդ, լեգիտիմ ընտրված նախագահը կկարողանար պահել Հայաստանի շահերը, տվյալ դեպքում` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պահվածքը ցույց տվեց, որ նա հարգանք չի վայելում մյուս երկրների նախագահների կողմից: Հայաստանին չեն հարգում, քանի որ Հայաստանը ներկայացնում է Սերժ Սարգսյանը: Մարդու, նախագահի տեսակի գործոնը միշտ շատ կարևոր է: Ես կարող եմ ասել, որ եթե Սերժ Սարգսյանի փոխարեն լիներ մեկ այլ նախագահ, ով կկարողանար արժանի հակահարված տալ գործընկեր երկրների նախագահներին, նրանք կմտածեին` արժի՞ նման բան անել, թե՞ ոչ:
– Դուք ասում եք, որ Հայաստանի շահերը ոտնահարվում են, քանի որ Հայաստանի նախագահը Սերժ Սարգսյանն է, իսկ ավելի տրամաբանական չէ՞ր լինի, եթե ընդդիմությունը Սերժ Սարգսյանից պահանջեր դադարեցնել համագործակցությունը մի կառույցի հետ, որտեղ Հայաստանի շահերը ոտնահարվում են:
– Որովհետև խնդիրն այդ երկրների մեջ չի, այդ երկրների նախագահների մեջ չի, այդ ստեղծված կառույցի մեջ չի, խնդիրը Հայաստանի Հանրապետության նախագահի անձի մեջ է: Երբ նա կառուցում էր քրեաօլիգարխիկ համակարգ, կամ ավելի էր կատարելագործում այդ համակարգը և առաջնորդվում էր սոսկ իշխանությունը պահելու մոտիվացիայով, երբ այդ նպատակով ընտրություններ էին կեղծվում. դրա արդյունքն այսպիսին էր լինելու:
– Ուզում եք ասել, եթե Հայաստանը լիներ արևմտյան ժողովրդավարության տիպիկ օրինակ, ապա Հայաստանին այլ կե՞րպ կվերաբերվեին: Չէ՞ որ այդ հավաքի բոլոր մասնակիցներն էլ իրենց երկրներում քրեաօլիգարխիկ համակարգ են ստեղծել, և ընտրություններն էլ այնտեղ ամենևին ամենաժողովրդավարականը չեն:
– Համամիտ եմ, միգուցե այդ երկրներում դեռ ժողովրդավարացման ճանապարհը մինչև վերջ չեն անցել, և դեռ այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր ունեն անելու, բայց դա ինձ շատ քիչ է հուզում: Մենք կարող ենք ամենատոտալիտար երկրի և նրա նախագահի հետ գործ ունենալ, բայց պետք է ունենանք ամուր դիրքեր և մեր ժողովրդի վստահությունը վայելող նախագահ: Եվ այդպիսի նախագահ, կարող է շատ ուժեղ հակահարված տալ իր երկրի դեմ ուղղված ցանկացած ոտնձգության: Բայց երբ այդ նշված երկրների նախագահները գիտեն, թե ինչու է լռում Սերժ Սարգսյանը, ուրեմն կարող են ավելի ուժեղ հարվածել: Այնպես որ, ուզում եմ ասել, որ մեր պայքարը միայն Սերժ Սարգսյանի դեմ է, համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության հետ պետք է շարունակել և ավելի խորացնել, բայց լավ կլիներ, որ դա աներ մեկ այլ նախագահ: