Հրանտ Բագրատյան. Ռոբերտ Նազարյանն անմիջապես պետք է աշխատանքից ազատվի
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը խելամիտ չէ, և այն պետք է բացառել: Այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` խոսելով առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման մասին:
Տնտեսագետը հիշեցրեց, որ էլեկտրաէներգիայի սակագինն ընդամենը նախորդ տարի է բարձրացվել, և այն ժամանակ ինչ-որ հիմնավորում կար, սակայն այժմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որևէ կերպ չի կարողանում հիմնավորել սակագնի վերանայման մասին որոշումը: Հրանտ Բագրատյանի կարծիքով` հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նզարյանը պետք է անմիջապես ազատվի աշխատանքից:
«Երեկ, մյուս օրն ենք բարձրացրել, հո մանկատուն չի՞: Երեկ, մյուս օրն եկել, ասում էին` ծախսերը սրանք են, այնտեղ կա ընթացիկ ծախս, ինվեստիցիոն բաղադրիչ: Ի՞նչն է փոխվել: Գնաճը չի գերազանցել բյուջեի մասին օրենքով սահմանված թվերը: Ոչ ոք իրավունք չունի ասելու` 20 միլիարդ պակասում է, ինչո՞ւ է պակասում: Նազարյանն անմիջապես պետք է աշխատանքից ազատվի: Ինչո՞ւ հաշվի չէին առել: Մենք ե՞րբ ենք փոխել սակագինը: Իսկ ինչպե՞ս կարող է տնտեսությունն աշխատել ամիսը մեկ սակագինը փոխելով: Մենք հրաշալի հիշում ենք անցյալ տարի սակագների բարձրացման հիմնավորումը: Լինի Ռուսաստանը, թե Եվրոպան, որպես կանոն` դա անում են 3,4, 5 տարով, եթե չկա արտակարգ դեպք: Արտակարգ դեպք չի´ եղել: Մեզ չեն ասել` 20 միլիարդն ինչու է պակասել: Սա է խնդիրը»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ տարածել էր հաղորդագրություն, որից պարզ է դառնում, որ հանձնաժողովը, հիմք ընդունելով ոլորտում կատարված ուսումնասիրությունները, սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը: Ըստ մամուլում շրջանառվող որոշ տեղեկությունների` սակագինը գործող 38 դրամից կարող է հասնել 45-ի: