Նախկին կալանավորների փոխարեն կվճարի պետությո՞ւնը
Այսօր ԱԺ Սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստի վերջում հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը լրագրողներին խնդրեց լքել դահլիճը՝ պատճառաբանելով, որ հանձնաժողովը փակ քննարկում է անցկացնելու: 168.am-ի տեղեկություններով՝ փակ նիստի ժամանակ, որին մասնակցում էր նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, քննարկվել է նախկին կալանավորների կողմից իրենց վարկային պարտավորությունները չկատարելու հարցը: Հակոբյանը հայտնել է, որ որոշ կալանավորների պետությունը ազատազրկման ժամկետի ավարտից հետո օժանդակում է վարկեր ստանալ, որպեսզի նրանք ազատության մեջ կարողանան կազմակերպել իրենց կենցաղը, կարողանան նոր կյանք սկսել:
Սակայն կալանավորները ստանալով այդ գումարը՝ հետագայում հրաժարվում են մարել այդ վարկերը, իսկ քանի որ այդ վարկերի երաշխավորը հանդիսանում է պետությունը, ապա պետությունը պարտավոր է փակել բանկերին կալանավորների կողմից կուտակված պարտքերը: Հակոբյանը Սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամներին առաջարկել է ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծումներ առաջարկել, սակայն որևէ որոշում հանձնաժողովը չի կայացրել:
Թե ինչու է Հակոբյանը որոշել այս հարցը քննարկել փակ ռեժիմով, կարելի է ենթադրել: ՀՀԿ-ական պատգամավորը, թերևս, մտավախություն է ունեցել, որ հանձնաժողովի անդամներից ոմանք կարող են առաջարկել ներել կալանավորների պարտքերը, այդ տեղեկությունը կհայտնվի մամուլում, և կալանավորներն ավելի մեծ դժկամությամբ կկատարեն իրենց վարկային պարտավորությունները՝ մտածելով, որ, միևնույն է, պետությունն ինչ-որ պահի ինքն է մարելու այդ գումարը:
Շատ գեղեցիկ գաղափար է պատիժը կրած նախկին կալանավորին վարկ տալը, քանի որ նա հայտնվելով ազատության մեջ՝ դժվարություններ ունի իր կենցաղը կազմակերպելու կամ ինչ-որ գործ սկսելու հարցում: Օժանդակելով վարկ ստանալու հարցում, պետությունը կանխում է, որ մեկ անգամ հանցագործություն կատարած մարդը կարող է կրկին հանցագործություն կատարել: Բայց խնդիրն այն է, որ նախկին կալանավորները վարկ ստանալու ամբողջ գործընթացի ժամանակ մասնակից են լինում նոր հանցագործության կատարմանը, քանի որ պետական երաշխիքով վարկ ստանալը հանցագործության բազմաթիվ տարրեր է պարունակում: Այնպես որ, մինչև այդ վարկերը վերադարձնելու մասին մտածելը, պետք է ուսումնասիրել, թե ինչ մեխանիզմով են տրամադրվում այդ վարկերը:
Բանտարկյալներից ոմանք հայտարարում են, որ շատ դեպքերում իրենց տրվում է փաստաթղթերով ձևակերպված գումարի կեսը և նույնիսկ դրանից էլ պակաս: Նախկին կալանավորները համարում են, որ իրենք ոչ թե վարկ են ստացել, այլ պետական պաշտոնյաների հետ կողոպտել են պետությանը, իսկ գումարը բաժանվել է իրենց մեջ: Կալանավորներն այնքան էլ արդարացի չեն համարում, որ իրենք պետք է վերադարձնեն այն գումարը, որը համատեղ է գողացվել: Այնպես որ, այնքան էլ իրատեսական չէ սպասել, որ նախկին կալանավորներն ինքնակամ կվճարեն այդ գումարը: Չինովնիկներն էլ հույս ունեն, որ կալանավորները հետևելով «գողական» բարքերին՝ չեն մատնի իրենց հանցակիցներին:
Ինչպես երևում է, այլ լուծում չկա, քան այն, որ պետությունն ինքը վճարի բանկերին: Այս դեպքում, կարծես թե, բոլորը գոհ ու երջանիկ կլինեն. և՛ բանկիրները, որ կարողացան վարկ տալ և այն տոկոսներով հետ ստանալ, և՛ բանտարկյալները, և՛ վարկը դասավորած պաշտոնյաները: Իսկ որ պետությունը տուժում է, դրանում որևէ արտասովոր բան չկա. պետությունը, կարծես թե, դրա համար էլ գոյություն ունի: