2013թ. պետբյուջեի փաստացի ծախսերի 26%-ն ուղղվել է սոցիալական պաշտպանությանը
2013 թվականի պետական բյուջեի փաստացի ծախսերի 26%-ն ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտին: Կատարված հատկացումները կազմել են 297.4 մլրդ դրամ՝ ապահովելով 98.6% կատարողական: Այս մասին այսօր ԱԺ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2013թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
Հաշվետու տարում 1.2 մլրդ դրամ տրամադրվել է վատառողջության և անաշխատունակության խմբին` ապահովելով 99.1% կատարողական. Վատառողջության դասին տրամադրվել է 185.2 մլն դրամ՝ կատարողականը 98.5%, անաշխատունակության դասին՝ ավելի քան 1 մլրդ դրամ` ապահովելով 99.2% կատարողական: Ծերության դասի ծրագրերին հատկացվել է շուրջ 200 մլրդ դրամ` ապահովելով 99.8% կատարողական: Տվյալ դասում ամենամեծ կշիռն ունեն աշխատանքային կենսաթոշակների ծախսերը, որոնք կազմել են 167.3 մլրդ դրամ և օգտագործվել են 99.9%-ով: Սպայական անձնակազմի ու նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների ծախսերը կազմել են 19.1 մլրդ դրամ կամ նախատեսվածի 99.9%-ը: Շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովման ծախսերը կազմել են 1.1 մլրդ դրամ` ապահովելով 99.5% կատարողական:
Սոցիալական կենսաթոշակների ծախսերը կատարվել են 100%-ով (10.4 մլրդ դրամ): Տարեցների շուրջօրյա խնամքի իրականացման նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված տարեցների տուն-ինտերնատ հանդիսացող ՊՈԱԿ-ներին պետական աջակցությունը կազմել է 1.4 մլրդ դրամ` ապահովելով 91.3% կատարողական: