Ինչու էր բժիշկը գրել, որ Վ. Պետրոսյանը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ՝ դնելով երկու հարցական նշաններ
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը, որի ընթացքում հրապարակվեց Վարդան Պետրոսյանի հիվանդության պատմագիրը, որում ընդունարանի բժիշկը նշել էր, որ հիվանդն ունի կրծքավանդակի ցավ, ընդհանուր թուլություն, գիտակցության կորուստ:
Բժիշկը պատմագրում գրել է, որ Վարդան Պետրոսյանը գտնվում է «ալկոհոլի ազդեցության տակ» (վրայից ալկոհոլի հոտ էր գալիս), ապա այդ նախադասությունից հետո դրել էր երկու հարցական նշաններ:
Գործով տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն ասաց, որ պատամգրի էջերի տակ չկան փորձագետի ստորագրությունները:
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն էլ պարզաբանեց, որ առաջին անգամ առգրավվել է հիվանդության պատմագրի պատճենը, այն կցել է քրեական գործին, հետագայում, երբ փորձագետը զննել է Վարդան Պետրոսյանին, պատմագրի տակ դրել է իր ստորագրությունը, ինչից հետո միայն առգրավվել և քրեական գործին է կցվել Վարդան Պետրոսյանի հիվանդության պատմագրի բնօրինակը:
Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ ինքը փաստաբանական հարցման է ենթարկել այն բժշկին, ով գրել է, թե Վարդան Պետրոսյանը գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ:
Հարցաքննության ընթացքում բժիշկը հայտնել էր, որ իրենց կողմից չի ստուգվել Վարդան Պետրոսյանի սթափության աստիճանը, ինքը չի կարող ասել՝ Վ. Պետրոսյանը գտվում էր ալկոհոլի ազդեցության տա՞կ, թե՞ ոչ: Բժիշկը, ըստ Նիկոլայ Բաղդասարյանի, նաև հայտնել էր, թե չի բացառվում, որ Վ. Պետրոսյանի վրայից եկող սպիրտի հոտը նրան բուժօգնություն ցույց տալու ժամանակ նրա վերքերը մշակելու համար օգտագործված սպիրտի հոտը լինի:
Բժիշկն իր ցուցմունքում նշել է նաև, որ Վ. Պետրոսյանն իր հարցերին կատակով է պատասխանել, դրա համար էլ ինքը նշել է, որ Վ. Պետրոսյանը գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ: Հաշվի առնելով, որ տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի կողմից կասկածի տակ էր դրվել երկու հարցականներ դնելու ժամանակն ու գրիչների գույնը, Նիկոլայ Բաղդասրյանը բժշկից նաև հետաքրքրվել է՝ արդյոք երկու հարցականները ի՞նքն է դրել, թե՞ ոչ: Ի պատասխան՝ բժիշկն ասել է, որ հարցականները դրվել են իր կողմից և նույն գրիչով:
Նիկոլոյ Բաղդասարյանը միջնորդեց քրեական գործին կցել իր կողմից բժշկին փաստաբանական հարցման ենթարկելու արձանագրությունը: Մեղադրող Արթուր Սարգսյանն ասաց, որ իմաստ չկա այդ փաստաթուղթը կցել քրեական գործին, քանի որ նախաքննության ընթացքում ևս բժիշկը հարցաքննվել է և տվել է նույնաբովանդակ ցուցմունք:
Ռուբեն Բալոյանն էլ ասաց, որ իր կողմից հարցականների հետ կապված հարց չի բարձրացվել: Նիկոլայ Բաղդասարյանն էլ հակադարձեց, որ նախաքննության ընթացքում Ռ. Բալոյանը միջնորդել է փորձաքննություն նշանակել, և միջնորդության մեջ նշել է, որ հարցականները դրված են այլ գրիչով:
Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ քննիչը որոշում է կայացրել միջնորդությունը մերժելու մասին՝ նշելով, որ «աչքի հայացքով» է երևում է, որ հարցականները դրված են նույն գրիչով: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը որոշեց նեկայացված փաստաթուղթը կցել քրեական գործին:
Գործով այլ փաստաթղթերի հրապարակումից հետո Ռուբեն Բալոյանը հայատարարեց, որ քննիչի կողմից որոշում է կայացվել Վարդան Պետրոսյանից արյան և մազի նմուշներ վերցնելու մասին, սակայն նմուշներ վերցվել են այդ որոշումը կայացնելուց հինգ օր անց, իսկ ալկոհոլն օրգանիզմում պահպանբում է 24 ժամ: Նիկոլայ Բաղդասարյանն առարկեց, որ փորձաքննությունը նշանակվել է՝ որոշելու համար Վ. Պետրոսյանը թմրամիջոց օգտագործե՞լ է, թե՞ ոչ, և քննիչը մինչև մեկ ամիս ժամկետում կարող էր որոշում կայացնել: