Որտեղ է տեղի ունեցել վթարը. դատարանը շարունակում է ապացույցների հետազոտումը
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը: Դատարանում շարունակվում է գործով ապացույցների հետազոտումը: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը հրապարակեց դեպքի վայրի լրացուցիչ զննության արձանագրությունը, որի համաձայն՝ ավտովթարը տեղի է ունեցել 2013թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում: Քննիչն արձանագրել էր, որ դեպքի վայրում երթևեկությունը կարգավորող նշաներ չկան, այն գտնվում է բնակավայրի ներսում:
Դեպքի վայրի լրացուցիչ զննության արձանագրության հրապարակումից հետո Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ դեպքի վայրի երկու զննության արձանագրություններում էլ չեն նշվել Վարդան Պետրոսյանի ավտոմենքենայի կողասահքի հետքերը. ըստ պաշտպանի՝ քննիչը նույն վայրում արձանագրել է թափված բեկորներ, ավտոմեքենաներից մեկի ցայտապաշտպանիչը, սակայն կողասահքի հետքերը չեն արձանագրվել: Ն. Բաղդասարյանն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ քննիչը դեպքի հաջորդ օրը կամայականորեն որոշել է, որ վթարը տեղի է ունեցել կողնակում՝ այն դեպքում, երբ գործով որևէ մեկը դեռ ցուցունք չի տվել:
Ըստ Ն. Բաղդասարյանի՝ նշելով, որ վթարը տեղի է ունեցել կողնակում, քննիչը որոշել է գործի ելքը: Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ վթարը տեղի է ունեցել բանուկ մասում:
Առգրավում կատարելու մասին արձանագրության համաձայն էլ՝ 2013թ. հոկտեմբերի 22-ին քննիչը «Արմենիա» բժշկական կենրոնից առգրավվել է Էդուարդ, Տաթևիկ և Արթուր Հակոբյանների հագուստները, քննիչը առգրավվել էր նաև Վարդան Պետրոսյանի և Հայկ Հակոբյանի հագուստները:
Դատարանը հրապարակեց նաև ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզի քննչականի պետին ուղղված տեղեկանքը, որով ընկերություններից մեկի ինժեները հայտնել է, որ վթարի վայրում թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է, այն բնակավայր է: Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ տվյալ վայրի բնակելի վայր հանդիսանալու կամ չհանդիասնալու հանգամանքը ճշտելու համար դիմել է Նաիրի ճանապարհաշինարարական ընկերությանը, որը պատասխանել է, որ դեպքի վայրը բնակավայր է:
Պաշտպանն ասաց, որ իրենք դատարան են ներկայացրել պաշտոնական մարմիններին արված հարցումների պատասխանները, որոնց համաձայն՝ դեպքի վայրը բնակավայր չէ:
Դատավոր Վաղինակ Մկրտչյանը հրապարակեց նաև քննիչի որոշումները, որով Արթուր Հակոբյանից և Վարդան Պետրոսյանից վերցվել էին մազի արյան նմուշներ՝ դրանցում ալկոհոլի և թմրամիջոցների առկայությունը որոշելու համար:
Տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն ասաց, որ այդ որոշումը կայացվել է դեպքից երեք օր անց, իրենց անհայտ է՝ ինչո՞ւ է որոշումը կայացվել դեպքից երեք օր անց. ըստ տուժողների ներկայացուցչի՝ դա արվել է՝ չապացուցելու համար, որ Վ. Պետրոսյանը գտնվել է ալկոհոլ օգտագործած վիճակում:
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բադասարյանն էլ պարզաբանեց, որ կառավարության որոշման համաձայն՝ եթե օդի միջոցով ստուգման դեպքում պարզվում է, որ անձը գտնվում է սթափ վիճակում, ապա կարիք չկա վերցնել նմուշներ:
Նրա խոսքով՝ դա կատարվել է, քանի որ տեղեկություններ են տարածվել այն մասին, թե Վ. Պետրոսյանի սթափության վիճակի արձանագրությունը կեղծված է: