
Նոր նախագահը խաղաղության ու կայունության փոխարեն երկրին բերեց արյունահեղություն. Յանուկովիչ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը երեկ հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահական ընտրությունները խաղաղություն ու կայունություն բերելու փոխարեն ժողովրդին պատճառել են միայն մահ ու տառապանքներ:
Յանուկովիչի կարծիքով՝ Ուկրաինայում մարդիկ վաղաժամ ընտրություններից ու նորընտիր նախագահից առաջին հերթին սպասում էին խաղաղություն. «Ուկրաինացիների մեծ մասը կարծում էին, որ նոր իշխանության գալով կհաղթահարվի քաղաքական ճգնաժամը և վրա կհասնեն խաղաղ ժամանակներ: Ժողովուրդը հոգնել է դիմակայությունից, որը վերածվել է իսկական պատերազմի:
Եվ ահա վերջապես դա տեղի ունեցավ, ընտրվեց Ուկրաինայի նախագահը: Եվ ինչպիսի՞ն եղավ զարմանքը, ավելի ճիշտ՝ շոկը: Խաղաղության ու կայունության փոխարեն՝ արյունահեղություն: Դա շատ վատ նշան է, որ նախագահն իր ուղին սկսում է նման արյունալի, մահաբեր հրավառությունից, որն առաջացնում է իրենց երեխաների, ամուսինների ու հայրերի մահն ու տառապանքները տեսած մայրերի ցասումն ու նզովքը»:
Յանուկովիչն Արևմուտքին մեղադրել է կողմնապահության մեջ և հիշեցրել է, որ այս տարվա փետրվարի 21-ին ստորագրված հուշագրում նշված էր, որ Ուկրաինայի քաղաքական հակամարտության խաղաղ կարգավորման համար պատասխանատվություն են կրում երկու կողմն էլ (իշխանությունն ու ընդդիմությունը):