«Փաշինյանը «Չարի վերջի» կկվի նման պատրաստ է մինչև վերջին հողակտորը հանձնի Ադրբեջանին, միայն թե Ալիևը պատերազմ չսկսի». Արմինե Ադիբեկյան
ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս, խոսելով նոր Սահմանադրության մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ եթե պարզվի, որ ընդդիմությունը դեմ է նոր Սահմանադրության ընդունմանը, դա կնշանակի, որ ընդդիմությունն Ադրբեջանի հետ դեմ է արտահայտվում խաղաղությանը։
Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի խոսքով՝ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը հաստատում է այն վարկածը, որ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության։
«Նիկոլ Փաշինյանը «Չարի վերջի» կկվի նման պատրաստ է մինչև վերջին հողակտորը հանձնի Ադրբեջանին, միայն թե Ալիևը պատերազմ չսկսի։ Այսինքն՝ այդ «Խաղաղության պայմանագիր» կոչվածը սուտ է, ինչպես որ սուտ են Նիկոլ Փաշինյանի նախորդիվ արված բոլոր պնդումները։
Մենք հիշում ենք, որ Նիկոլ Փաշինյանը մայիս-հունիս ամիսներին սպառնում էր, որ եթե ՔՊ-ն չստանա Սահմանադրական մեծամասնություն, ապա սեպտեմբերին Ալիևը պատերազմ կսկսի։ Հիմա արդեն նոյեմբերն է, հետևաբար պնդում ենք, որ դա նրա հերթական մանիպուլյացիան է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արմինե Ադիբեկյանը։
Ըստ փորձագետի, Նիկոլ Փաշինյանը բռնել է «վախի թելը» ու խամաճիկի նման փորձում է ժողովրդին խաղացնել։ Ավելին՝ եթե նույնիսկ Ադրբեջանը պատերազմ սկսի, ապա Նիկոլ Փաշինյանի բուն գործառույթն այն է, որ ապահովի ՀՀ անվտանգությունը, նաև ցույց տա, թե այդ ինչ զենքեր է գնել Հնդկաստանից, որից հետո էլ կիրառի ամբողջ ռեսուրսը, որպեսզի պատերազմը կասեցնի հենց առաջին օրը։
Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ 2018 թվականից հետո չի գրանցվել որևէ դեպք, որ Նիկոլ Փաշինյանն իր խոստումն իրականացնի։
«Այդ մարդը մանիպուլյատոր է, և չպետք է տրվել նրա սպառնալիքներին։ Նիկոլ Փաշինյանի այդ պնդումն առհասարակ այն մասին է, որ «Ալիևի սահմանադրությունը» կա՛մ ընդունելու եք լուռ, կա՛մ ընդունելու եք պատերազմի սպառնալիքով»,- շեշտեց Արմինե Ադիբեկյանը։
Խոսելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարության մասին, որ «հայերը պետք է ներողություն խնդրեն տեղահանված ադրբեջանցիներից», և հարցին՝ ինչո՞ւ հայկական կողմից պաշտոնապես չկա հակադարձում, Արմինե Ադիբեկյանը պատասխանեց.
«Պետք է տարանջել Հայաստանի Հանրապետությունը և «Քաղաքացիական պայմանագիրը»։ Եթե ՔՊ-ն նման ցանկություն ունի, կարող է ներողություն խնդրել, բայց ես և իմ նման հազարավոր քաղաքացիներ Ադրբեջանից ներողություն խնդրելու պատճառ չունենք։ Ամենաշատն իրավունք ունեմ նման պնդում անելու, քանի որ վաղուց եմ ուսումնասիրում հայ-ադրբեջանական հարաբերությունները, այդ հարաբերություններից ավելի շատ եմ տեղյակ, քան նույն Հաջիևը և ամբողջ ՔՊ-ն ներառյալ։ Հետևաբար՝ ես պնդում եմ, որ Ադրբեջանից ներողություն խնդրելու չունենք, պետք է նրանցից ներողություն պահանջենք»,- ընդգծեց Արմինե Ադիբեկյանը։

